Քրիստոնյան` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նախապատրաստվելիս…

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2018

Քրիստոնյան` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նախապատրաստվելիս...
 
1. Տարեվերջյան անաչառ հաշվետվություն` գործերի մեջ բացթողումների և ձեռքբերումների վերաբերյալ` Աստծո և սեփական անձի առջև.
2. Հաշտության պայմանագրեր մերձավորների, ընկերների, բարեկամների և բոլոր նրանց հետ, որոնց նեղացրել ենք տարվա ընթացքում, կամ նեղացած են մեզնից:
3. Դեկտեմբերի 30-ից Սուրբ Ծննդյան պահքի մուտք, մինչև Հունվարի 5- ի երեկոյան Ճրագալույցի Պատարագ:
4. Դեկտեմբերի 31-ի գիշերը 12:00 դիմավորել Նոր Տարին մոտակա եկեղեցում, մտովի հիշել այն հաշվետվությունը, որ արդեն պատրաստել ենք, ներկայացնել Աստծուն, աղոթքի միջոցով ներում հայցել Տիրոջից բացթողումների համար, գոհանալ ձեռքբերումների համար: Խնդրել Աստծո ողորմությունը Նոր Տարում հնարավորինս զերծ մնալ նշված սխալներից, մեղքերից ու բացթողումներից, օրհնություն ստանալ եկեղեցու ընդհանրական աղոթքի ժամանակ և վերադառնալ տուն, բերելով եկեղեցուց խաղաղությունը` տարվա հենց առաջին օրից:
5. Ընտանիքի անդամներով Տերունական աղոթքի, և սեղանի աղոթքից հետո ճաշակել կերակուրներից, շնորհավորել միմյանց, Նոր Տարվա առիթով անկեղծանալ միմյանց նկատմամբ թերացումների հարցում:
6. Հունվարի 1- ին մասնակցել տարվա առաջին Տոնական Պատարագին և ստանալ առաջին Սուրբ Հաղորդությունը:
7. Հունվարի 5 -ին նախապատրաստվել երեկոյան Ճրագալույցի Պատարագին` (ծոմ): Այդ օրը Պատարագը սկսվում է երեկոյան: Սուրբ Հաղորդություն ստանալ և դուրս գալ պահքից, որից հետո կարելի ուտել սովորական` ոչ պահոց ուտելիքներ: Այս երեկո է, որ մենք սրտատրոփ սպասում ենք բարի Ավետիսին` թե Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, և պատասխանը` Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի.
8. Հունվարի 6- ին մեծ տոնի` Սուրբ Ծննդյան Պատարագն է, Ջրօրհնեքն է: Դարձյալ միմյանց շնորհավորում ենք նույն կերպ. ասելով. Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, պատասխանը`
Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի. Ովքեր Ճրագալույցի Պատարագի ժամանակ պահքից դուրս չեն եկել, դա անում են ամսի 6 ին` Սուրբ Ծննդյան Պատարագին: Գերադասելի է մասնակցել և Ճրագալույցի և Սուրբ Ծննդյան Պատարագներին:
9. Հունվարի 7- ին բոլոր եկեղեցիներում համընդհանուր մեռելոց հիշատակության Պատարագ է լինում ննջեցյալների հոգիների համար: Աղոթքից հետո կարող ենք այցելել մեր հարազատների շիրիմներին, նրանց նույնպես տանելով բարի Ավետիսը:
10. Ունենալ եկեղեցական օրացույց և հետևել հետագա տաղավար մեծ տոներին, սրբերի հիշատակության օրերին, և ամենակարևորը` կիրակի օրերի Պատարագներին: Հունվար ամիսը առատ է Պատարագներով:
 
Հիմա մենք տեսնում ենք, որ հոգևոր քրիստոնյայի պարտականությունները տարբեր են աշխարհիկ քրիստոնյայի պարտականություններից:
Թողնում եմ ձեր դատին` Քրիստո՞ս ծնվեց մեր սրտում, թե՞ դարձյալ աշխարհի կերուխումը և ճոխ սեղանը մնաց մեր սրտում ու մտքում:
Ամենքս գիտենք մեր սրտերը, իսկ Տերը գիտե բոլորի սրտերը...

Օրվա ընթերցվածք.

Հակոբոս առաքյալի թուղթը 1.1-12

Յակոբոսը՝ Աստծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառան, սփիւռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜յն:  Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի՛ համարեցէք, երբ տեսակ-տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք.  իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում,  իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք:  Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, եւ նրան կտրուի:  Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին:  Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ,  քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է:  Աղքատ եղբայրը թող պարծենայ, երբ Աստուած բարձրացնում է իրեն,  իսկ հարուստը թող պարծենայ, երբ Աստուած խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստութիւնը պիտի անցնի, ինչպէս խոտածաղիկը.  որովհետեւ արեւը ծագեց խորշակով հանդերձ եւ չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկաւ, ու նրա վայելուչ տեսքը կորաւ. նոյնպէս եւ հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ:  Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձութեան. որովհետեւ եթէ փորձութեան մէջ հաստատ լինի, կստանայ կեանքի պսակը, որը Տէրը խոստացաւ իրեն սիրողներին: