Չորս բան կա դժվար, որ առանց մեր կամքի է լինում…

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2018

Չորս բան կա դժվար, որ առանց մեր կամքի է լինում...
հիվանդությունը, ծերությունը, մահվան օրը և Աստծո դատաստանին գնալը։ Այս չորս բաները՝ կամենանք թե ոչ, լինելու են։ Այնպես պետք է ջանալ, որ քանի դեռ մեր կամքի մեջ ենք, բարին գործենք։
Հովհաննես Երզնկացու` հավատացյալներին ուղղված նամակից է:
 
ԼԵԶՎԻ ՄԵՂՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Ով ճշմարտություն է խոսում, լեզվի վրա Աստծուն է կրում:
Մեկն ասել է, որ լռությունն առանց ջանքի ձեռք բերվող առաքինություն է: Սակայն թերևս հարցնող լինի, թե ինչպես կարող է առանց ջանք թափելու որևէ գործ լավ կատարվել, մանավանդ լռությունը, որ բոլոր գործերից դժվար է: Որովհետև ինչն է ավելի թեթև, քան խոսքը, որ պիտանի է մեր բնությանն ու Արարչի պարգևն է, և ինչպես կարող է մեկը հեշտությամբ լռություն պահպանել: Արդ, չի ասում, թե լռությունն ինքնին առանց ջանքի ձեռք բերվող առաքինություն է. այն չափազանց ծանր, մեծ ու տքնաջան աշխատանք է պահանջում: Բայց խոսքով կատարվող բազմաթիվ ու զանազան հանցանքները, որոնք ոչ ոք չի կարող թվել, ամբողջապես վերանում են, երբ մարդ լռում է: Արդ սա է նկատի առնվում «առանց ջանքի ձեռք բերվող առաքինություն» ասելիս: Եթե մեկը կտրում է ծառի արմատը, նրա հետ չորանում է նաև նրա ճյուղերը: Այդ նույնը կատարվում է նաև, երբ լռում են…Դրա համար էլ Հակոբոս առաքյալը պատվիրում է, որ ամեն մարդ ծանր լինի խոսելու մեջ:
Սա ասելով` չի արգելում խոսելն ընդհանրապես, ինչպես որ երկրում շրջող անբան կենդանիները չեն խոսում, այլ խրատում է ամեն ինչ մտածված խոսել, որովհետև թեկուզ բարի լինեն խոսքերը կամ Աստծո պատվիրանները, նախ մտածիր, ընտրիր տեղը, լսողին ու պատշաճ ժամանակը և ապա խոսիր: Սա է խոսելու մեջ ծանր լինելը:
Սարգիս Շնորհալի

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Ղուկասի 18.9-14
Այս առակն էլ ասաց ոմանց, ովքեր իրենց ներսում պարծենում էին, թէ արդար են, եւ արհամարհում էին ուրիշ շատերին:  «Երկու մարդ տաճար ելաւ աղօթքի կանգնելու. մէկը՝ փարիսեցի, միւսը՝ մաքսաւոր:  Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ ինքն իրեն այս աղօթքն էր ասում. “Աստուա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս յափշտակողները, անիրաւներն ու շնացողները եւ կամ ինչպէս այս մաքսաւորը.  այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից”:  Իսկ մաքսաւորը կանգնած էր մեկուսի եւ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում. “Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս”:  Ասում եմ ձեզ. սա՛ իջաւ իր տունը արդարացած, ոչ թէ՝ միւսը. ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհուի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացուի»: