Անկում աստվածային նմանությունից` հանուն մարմնական գռեհիկ հաճույքների.
Արդարացի է այժմյան քրիստոնյայի տրտմությունը և հիմնավոր է ողբագին հարցադրումը, թե` «Տե՜ր, մարդկանցից ո՞վ կարող է խուսափել սատանայի ցանցերից և փրկություն ստանալ»:
Աստծո սրբերից մեծն Անտոնը մի անգամ աստվածային հայտնությամբ տեսավ մարդկանց կործանելու համար ամբողջ աշխարհով մեկ փռված սատանայի ցանցերը, և ողբաձայն հարցրեց Տիրոջը.
«Տե՜ր, ո՞վ կարող է շրջանցել այս ցանցերը և փրկություն ստանալ»:
Խորասուզվելով սատանայի ցանցերի ուսումնասիրության մեջ, տեսնում եմ, որ դրանք տեղադրված են դրսում և մարդու ներսում: Մտքի համար որոգայթներ են զետեղված իրենց «լույս» անվանող, սակայն իրենց մեջ խավար ուսմունք պարունակող գրքերում, որոնք գրված են խավարակիր աշխարհակալի ազդեցությամբ:
Իսկ սրտի համար որքա՜ն ցանցեր կան: Տեսնում եմ և՛ կոպիտ, և՛ նուրբ ցանցերը: Որսողը հմուտ է, և ով խուսափի կոպիտ ցանցից` նրան որսում է նուրբ ցանցով: Սուտը, խավարակիր մոլորությունը` երկնայինի, հոգևորի դիմակ են կրում: Մարմնավոր սերը, հաճախ դիմակավորված է սուրբ սիրով:Աշխարհակալը ջանում է բոլոր միջոցներով մարդուն պահել նրա ընկած բնության մեջ,
որպեսզի մարդուն օտարի Աստծուց:
Որքա ՜ն թակարդներ կան նաև մարմնի համար: Մարմնի միջոցով, ընդառաջելով նրա անարգ հակումներին ու ցանկություններին, մենք անբան անասուններին ենք նմանվում: Ինչպիսի՜ անդունդ, ինչպիսի՜ հեռացում, ինչպիսի՜ անկում աստվածային նմանությունից: Հանուն մարմնական գռեհիկ հաճույքների անտեսվում է հոգու մասին հոգածությունը, մոռացվում է Աստված, երկինքը, հավիտենականությունը, մարդու դերը: Մարդը բոլոր հնարավոր միջոցներով ներքաշվում է իրեն սպանող չարիքի վայելման մեջ: Դրանցով արբեցած` նա մոռանում է իրեն փրկող աստվածային բարին և Աստվածամարդու արյունը, որով մենք փրկագնվել ենք: Ահա քրիստոնյաներին որսալու համար աշխարհակալի կողմից տեղադրված ցանցերի մեղմ նկարագրությունը: Նվազել է քրիստոնեական առաքինությունների մասին հասկացությունը, էլ չեմ ասում, թե որքան է քչացել, գրեթե ոչնչացել է դրանց կատարումն իրականում: Նյութական կյանքը զարգանում է, հոգևոր կյանքը` վերանում: Արդարացի էր երանելի Անտոնի տրտմությունը: Էլ ավելի արդարացի է այժմյան քրիստոնյայի տրտմությունը` սատանայական ցանցերը տեսնելիս. հիմնավոր է ողբագին հարցադրումը.
«Տե՜ր, մարդկանցից ո՞վ կարող է խուսափել սատանայի ցանցերից և փրկություն ստանալ»: Սուրբ անապատականի հարցին Տիրոջ կողմից հետևել է պատասխան.
«Խոնարհությունը շրջանցում է այդ ցանցերը, և դրանք նույնիսկ չեն էլ կարող դիպչել նրան»: Աստվածա՜յին պատասխան, որը հանում է մեր սրտից ամեն կասկած և համառոտ նկարագրում սատանային հաղթելու ճշգրիտ միջոցը...
Սուրբ Իգնատիոս Բրյանչանինով.