ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Շաբաթ. Սրբերի հիշատակության օր
Այսօր Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետի հիշատակի օրն է:
Շնորհավորում ենք Նիկողոս անուն, ազգանունը կրող մեր հայորդիներին` իրենց անվանակոչության օրվա առթիվ:
Սուրբ Նիկողայոս սքանչելագործը բարեպաշտ ծնողների զավակ էր: Մանուկ հասակից աչքի է ընկել իր հրաշագործություններով:
Նա փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո:
Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր քո ունեցվածքը և տուր աղքատներին» (Մատթ.19:21) իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ս. Նիկողայոսը ժողովրդի կամքով ընտրվում է Փոքր Ասիայի Մյուռա քաղաքի եպիսկոպոս: Ս. Նիկողայոսը մեծ սեր է տածել մանուկների հանդեպ և զարմանալի հրաշքներով հաճախ մխիթարել է աղքատ երեխաներին: Նման հրաշքների հետ կապված նրա համբավը վերաճել է համաեվրոպական, այժմ՝ համաշխարհային ավանդության՝ ի դեմս «Սանտա Կլաուսի» (մեզանում ընդունված Ձմեռ պապը), որը նրա մանկականացված անվանումն է: Նրա հետ կապված շատ ուրիշ հրաշքներ են պատմվում: Հայտնի է որպես նավաբեկյալների ազատարար:
Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզել: Խաղաղության վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325թ. Նիկիայի Տիեզերաժողովին: Մահացել է ըստ ավանդության 326 թվականին:Նրա մասունքները տեղափոխվել են Իտալիայի Պառի քաղաքը, որտեղ նրա անունով մեծ եկեղեցի է կառուցվել:
Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Նիկողայոս Մյուռացի Սքանչելագործ հայրապետի հիշատակության տոնը նշում է երկու անգամ:
Ինչ պետք է սովորենք մենք այս տոնից:
Մեր երեխաներին գայթակղիչ անակնկալ նվերներ պատրաստելուց առաջ, նախ նրանց պատմենք, թե ով է իրական ձմեռ պապը, որն է նրա հայտնվելու խորհուրդը, և ինչով է այն անհրաժեշտ երեխաներին: Երեխաները պետք է սովորեն տալու, նվիրելու, կամենալու մեծ խորհուրդը: Միայն թանկարժեք նվերներ պատրաստել երեխաների համար, առանց բացատրության բուն խորհուրդը, երեխան կարող է մեծանալ եսասեր, ոչ ընկերասեր: Երեխաներին շատ պատմենք մեր սրբերի կյանքը, վարքը, կամեցողությունը, հարգանքը այլոց նկատմամբ, որպեսզի նրանց մեջ էլ արմատավորվի այդ առաքինությունները: Ժամանակակից մեթոդները ամենատարբեր խաղերի միջոցով երեխաների մեջ կորցնում են բարի հատկությունները: Իսկ մեր երեխաները մեր սերնդի շարունակողներն են, և մենք նրանց դաստիարակության պատասխանատուներն ենք:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 10.11-16
Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. քանի որ վարձկան է եւ ոչխարների համար հոգ չի անում: Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից: Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կտամ իմ ոչխարների համար: Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ:
Post Views: 1,708