Յուրաքանչյուր իր վաճառվում է հավասարը հավասարի հետ, իսկ հավիտենական կյանքը գնվում է չնչին գնով:

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2018

Յուրաքանչյուր իր վաճառվում է հավասարը հավասարի հետ, իսկ հավիտենական կյանքը գնվում է չնչին գնով:
 
Թող որ մեր բոլորի ընդհանուր հոգսն այն լինի, որպեսզի սկսելով չտկարանանք և ճգնությունների մեջ չտրտմենք և չասենք, թե ահա երկար ժամանակ ճգնությամբ ենք հարատևում, այլ լավ կլինի, ասես ամեն օր նոր սկիզբ դնելով, ավելացնենք մեր նախանձախնդրությունը: Գալիք հավիտյան ժամանակների համեմատ մարդկային ողջ կյանքը խիստ կարճ է, և մեր ամբողջ ունեցածը ոչինչ է հավիտենական կյանքի հանդիման: Ինչպես աշխարհում յուրաքանչյուր իր վաճառվում է, և ամենքն էլ փոխանակում են հավասարը հավասարի հետ, ապա հավիտենական կյանքի խոստումը գնվում է չնչին գնով: Քանի որ գրված է. «Մեր կյանքի օրերի թիվը յոթանասուն տարի է, կամ առավելագույնը ութսուն տարի, որոնց մեծ մասը չարչարանքով ու հեծությամբ է անցնում» (Սաղմ. 89, 10):
Այսպիսով, եթե ամբողջ ութսուն կամ նույնիսկ հարյուր տարի ճգնության մեջ լինենք, ապա ոչ թե ուղիղ հարյուր տարի կթագավորենք, այլ հարյուր տարվա փոխարեն` դարեդար կթագավորենք: Ընդ որում, ճգնելով երկրի վրա` մենք խոստում ունենք ոչ թե երկրային ժառանգություն ստանալու, այլ՝ երկնային: Հետևաբար թողնելով մարմինը ապականված` մենք այն պիտի ընդունենք անապական: Ուրեմն չտրտմենք՝ տրտնջալով և չխորհենք, իբր թե երկար մնացինք ճգնությամբ և կամ մի մեծ գործ ենք արել. «Քանզի այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատվելու գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեզ» (Հռոմ. 8, 18):
 
Ինչպես նաև, նայելով աշխարհին՝ չմտածենք, թե հրաժարվել ենք մի ինչ-որ մեծ բանից, քանի որ այս ամբողջ երկիրը շատ փոքր է ամբողջ երկնքի դիմաց: Ուստի, եթե անգամ համայն երկրի վրա տերեր լինեինք և հրաժարվեինք ողջ երկրից, ապա դա ևս ոչինչ կլիներ Երկնային Արքայության արժեքի համեմատությամբ: Քանզի ինչպես նա, ով դեն է գցում մի դրահմանոց պղնձադրամը հարյուր դրահմ արժողությամբ ոսկեդրամ ձեռք բերելու համար, այդպես էլ նա, ով, լինելով ողջ երկրի տերը, հրաժարվում է նրանից, փոքրը թողնում է, բայց փոխարենը հարյուրապատիկն է ստանում: Իսկ եթե ողջ երկիրը չնչին է երկնքի համեմատ, ապա փոխարենը մի քանի մետր հող թողնողը ասես թե ոչինչ չի թողնում:
Ընդ որում, եթե նա անգամ և՛ տուն, և՛ շատ ոսկի է թողնում, այդ ժամանակ էլ չպիտի պարծենա կամ փոքրոգություն անի: Մյուս կողմից պետք է խորհել, որ եթե մենք ամենայն առաքինության համար չթողնենք մեր ունեցածը, միևնույն է` հետո մեռնելով, թողնելու ենք ինչպես հաճախ թողնում ենք անգամ նրանց, ում որ չէինք ցանկանա, ինչպես դեռևս Ժողովողն է հիշատակում (Ժող. 4, 8):
Ինչու՞ ուրեմն ի սեր առաքինության չհրաժարվենք դրանից` փոխարենը ժառանգելով Երկնային Արքայությունը:
 
Սուրբ Անտոն Անապատականի խրատներից.

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Մատթեոսի 10.37-42
Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ: Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ:  Ով որ իր անձը գտնում է, այն կկորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կգտնի:  Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ Ուղարկողին:  Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կստանայ:  Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կտայ խմելու իբրեւ աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»: