Մենք սատանայի հետ ոչ մի ընդհանուր բան չունենք.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2018

Մենք սատանայի հետ ոչ մի ընդհանուր բան չունենք.
Եբրայերեն նշանակում է հակառակորդ, չարախոս, բանսարկու: Սուրբ Գրքում այս անունով ներկայացված է նաև չարիքի սկզբնահայրը և դևերի պարագլուխը:
Սատանան մեկն էր Աստծո հրեշտակներից, որը, օժտված լինելով ավելի մեծ փառքով, քան մյուսները, հպարտացավ ու կամեցավ լինել աստված՝ ողջ արարչության միակ տիրակալը: Նա ցանկացավ ոչ թե մյուս հրեշտակների հետ փառաբանել Աստծուն, այլ՝ ինքը փառավորվել ամենքից: Այդ ամբարտավան ցանկությունը նրան անմիջապես զրկեց աստվածային շնորհից: Կամենալով գոյություն ունենալ առանց իր Արարչի և Նրան պաշտելու՝ սատանան զրկվեց գոյության աղբյուրից, և նրա միակ նպատակը դարձավ իր հետ կործանել նաև ողջ արարչությունը:
Հետևելով սատանային՝ ընկան նաև բազմաթիվ այլ հրեշտակներ՝ դառնալով դևեր՝ նրա արբանյակներն ու չար կամարարները: Սատանան դարձավ նաև Ադամի ու Եվայի անկման նախապատճառը:
Նա մարդկությանը մոլորեցրեց կռապաշտությամբ և հեթանոսական ուսմունքներով, անօրինությամբ ու չարագործությամբ:
 
Սակայն Աստված հանդուրժեց այդ ամենը, որպեսզի մարդը, ճաշակելով ադամական մեղքի արժանի պատուհասը, խորապես ատի չարիքը, կամովին փնտրի բարին և դիմի Իրեն՝ բարության Սկզբնաղբյուրին: Վերջապես, գալով աշխարհ, Աստծո Որդին քանդեց չարի իշխանությունը: Եվ սատանան դադարեց իշխել նրանց վրա, որոնք հավատով և մկրտությամբ որդեգրվեցին Քրիստոսին:
Այնուհանդերձ, մինչև ահեղ դատաստանը՝ մինչև իր վերջնական կործանումը, սատանան շարունակելու է իր պայքարը բարու դեմ՝ հնարավորին չափ շատերին կորստյան մատնելու համար:
Նա այժմ ամեն կերպ ձգտում է մարդկանց ետ պահել դարձից, հեռացնել Աստծուց և մատնել մեղքերի:
Սակայն ճշմարիտ քրիստոնյայի համար սատանան ընդամենը փորձիչ է, որի բոլոր սադրանքներն առիթ են առավել զորանալու և պայծառանալու համար: Քանզի փորձության մեջ ապավինելով Քրիստոսին և Նրա օգնությամբ հաղթահարելով չարին՝ մարդը պսակվում է շնորհներով: Ուստի սատանան այժմ իշխանություն ունի միայն նրանց վրա, ովքեր, թողնելով Քրիստոսի լույսը, ընթանում են խավարի մեջ:
Աղբյուրը`Սրբազան Ավանդություն

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին 5.1-11
1 Եղբայրնե՛ր, բայց ժամերի եւ ժամանակների մասին կարիք չկայ ձեզ գրելու, 2 որովհետեւ դուք ինքներդ իսկ ստոյգ գիտէք, թէ Տիրոջ օրը այնպէս է հասնում, ինչպէս գողը՝ գիշերով: 3 Երբ ասեն, թէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կհասնի նրանց կործանումը, ինչպէս լինում է յղի կնոջ երկունքը. եւ նրանք չեն փրկուելու: 4 Իսկ դուք, եղբայրնե՛ր, խաւարի մէջ չէք, որ այն օրը ձեզ վրայ հասնի ինչպէս գողը. 5 որովհետեւ դուք բոլորդ լուսոյ որդիներ էք եւ ցերեկուայ որդիներ: Գիշերինը չենք, խաւարինը չենք: 6 Ուրեմն, չքնենք մնանք, ինչպէս ուրիշները, այլ արթուն եւ զգաստ լինենք. 7 որովհետեւ ովքեր ննջում են, գիշերն են ննջում, եւ ովքեր հարբում են, գիշերն են հարբում. 8 իսկ մենք, որ ցերեկուայ որդիներ ենք, արթուն լինենք եւ սիրոյ ու հաւատի զրահները հագնենք եւ փրկութեան յոյսի սաղաւարտը դնենք. 9 որովհետեւ Աստուած մեզ չնախասահմանեց բարկութեան համար, այլ՝ փրկութիւնը ժառանգելու համար մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով. 10 նա մեռաւ մեզ համար, որպէսզի, արթուն լինենք թէ ննջենք, նրա հետ միասին ապրենք: 11 Ուստի մխիթարեցէ՛ք եւ ամրապնդեցէ՛ք միմեանց, ինչպէս որ արդէն անում էք: