Օր Շաբաթ. Սրբերի Հիշատակություն.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2018

Օր Շաբաթ. Սուրբերի Հիշատակություն Սուրբ Պատարագ.
Այսօր մեր եկեղեցին տոնում է երկու մեծ Սուրբ առաքյալների և առաջին Լուսավորիչների արժանապատիվ և խնկելի հիշատակը:
Շնորհավորում եմ Թադեոս և Բարդուղիմեոս անունը կրող անձանց` իրենց անվանակոչության օրվա առթիվ: Մաղթում եմ, որ դուք էլ ձեր կյանքում և ձեր կյանքով Քրիստոսի լույսը առաքողներ լինեք ամենուր և ամեն օր:
Ամեն ոք, որ եկեղեցի է մտնում, Սուրբ Խորանին Աստվածամոր պատկերը տեսնելուց հետո, անպայման նայում է աջ ու ձախ: Վստահ եմ, որ, ոչ ոքի ուշադրությունից դուրս չի մնացել մեր սիրելի Թադեոս և Բարդուղիմեոս Առաքյալների սրբապատկերները, որոնք զարդարում են մեր Սուրբ եկեղեցու խնկաբույր պատերը: Նրանց սրբապատկերները գրավում են այնպիսի նախամեծար տեղեր, ինչպիսին իրեն կատարած գործն էր Հայաստան աշխարհի համար: Եթե մենք ուրիշ ոչինչ չիմանանք քրիստոնեության մասին, ապա հաստատ գիտենք, որ այս երկու առաքյալները մեր Տիրոջ լույսը բերեցին Հայաստան:
Երբ հարկ է որևէ տեղ մեզ ներկայացնել, անպայման նշում ենք ուրախությամբ, որ մենք առաջինն ենք քրիստոնեությունն ընդունածների մեջ: Ցավում եմ, բայց որից հետո նույն խանդավառությամբ չենք համարձակվում պնդել, որ այդ քրիստոնեությունը ինչպես ընդունեցինք առաջինը, այնպես էլ ապրում ենք որպես առաջին:
Թադեոս Առաքյալն էր, որ մեր երկիր բերեց այն Սուրբ Գեղարդը, որով, ըստ ավանդության, խոցել են խաչված Քրիստոսի կողը` Ինչը նաև պատկերված է լինում սրբապատկերների մեջ նրա ձեռքում:  Այդ պատճառով նրանց հիշատակության օրը Մայր տաճարից դուրս է բերվում Սուրբ Գեղարդը` ուխտավորների աղոթքներին ընդառաջ` ժողովրդին որպես օրհնություն:
Սուրբ Գրքում նա հիշատակված է Ղեբեոս և Հուդա անուններով:
Նոր Կտակարանում Բարդուղիմեոսը հիշատակվում է նաև Նաթանայել անունով: Հիսուսին առաջինը Աստծո Որդի դավանելու համար կոչվեց նախադավան առաքյալ:
Բարդուղիմեոս առաքյալը սրբապատկերների մեջ միշտ Մարիամ Աստվածածնի նկարը ունի ձեռքում:
Հայաստանի համար այսքան սիրելի սրբերի բարեխոսությունը խնդրենք մեր Տիրոջ առջև, թող նրանց կենդանի հոգին ուղարկի Հայաստան այս խառնաշփոթ օրերի ատելությունն ու անմիաբանությունը ցրելու համար: Մենք էլ այնպես ապրենք, որ պարզ ճակատով խնդրենք այդ բարեխոսությունը և արժանանաք մեր Տիրոջ մեծ ողորմությանը: Բոլոր քրիստոնյաներիս համար այս տոնը արթնության և լրջագույն անդրադարձի առիթ է` շտկելու համար մեր վարքն ու բարքը, մեր գաղջ ապրելակերպը: Մեկ անգամ ևս կրկնելով զղջման խոսքը, թե`
<< Ի կարգս քրիստոնէութեան հրաւիրեցայ եւ գործովս անարժան գտայ>>:

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Մատթեոսի 9.35-10.7
Եւ Յիսուս շրջում էր բոլոր քաղաքներում եւ գիւղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայութեան աւետարանը եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները:  Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն:  Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ:  Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»:
Եւ նա, իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին, նրանց իշխանութիւն տուեց պիղծ դեւերի վրայ՝ հանելու դրանք եւ բժշկելու ամէն ցաւ եւ ամէն հիւանդութիւն:  Եւ տասներկու առաքեալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն՝ Պետրոս կոչուածը, եւ նրա եղբայրը՝ Անդրէաս,  Զեբեդէոսի որդի Յակոբոս եւ նրա եղբայրը՝ Յովհաննէս, Փիլիպպոս եւ Բարթողոմէոս, Թովմաս եւ Մատթէոս մաքսաւոր, Ալփէոսի որդի Յակոբոս եւ Ղեբէոս, որ Թադէոս կոչուեց,  Սիմոն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ եւ մատնեց նրան:  Նրանց տասներկուսին Յիսուս ուղարկեց, պատուիրեց նրանց ու ասաց. «Հեթանոսների շրջաններով չգնա՛ք եւ սամարացիների որեւէ քաղաքը չմտնէ՛ք,  այլ աւելի շուտ գնացէ՛ք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ:  Եւ երբ գնաք, քարոզեցէ՛ք եւ ասացէ՛ք. “Երկնքի արքայութիւնը մօտեցել է”: