Աստծուն ճանաչենք ոչ թե բնության, այլ մեր անձի միջոցով.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2018

Աստծուն ճանաչենք ոչ թե բնության, այլ մեր անձի միջոցով.

Սեփական անձի ճանաչողությանը կապված է Աստծո ճանաչողությունը: Բարսեղ Մեծը գրում է. «Եվ սակայն, մեզ տրված չէ ճանաչել Աստծուն երկնքի ու երկրի միջոցով այնքան, որքան թույլատրված է մեզ ճանաչել Նրան մեր իսկ բնության ճանաչողության միջոցով, գեթ նրանց, ովքեր իրենց անձերը քննում են իմաստությամբ, ինչպես ասում է Մարգարեն. Սքանչելի է Քո ճանաչումը, որն ինձնից քաղեցի (Սղմ 138, 6), այսինքն՝ ինքս ինձ ճանաչելով հասկացա անսահման իմաստությունդ»:

Հսկիր ինքդ քո վրա, ուրեմն. հսկիր, այսինքն, ո՛չ թե այն բանի վրա, որ քոնն է, կամ այն բաների վրա, որոնք շուրջբոլորդ են, այլ միմիայն քո վրա: Ա՛յլ բան ենք մենք, ա՛յլ բան է այն, ինչը մեզ պատկանում է, ա՛յլ բաներ են, որ շրջապատում են մեզ: Մենք կենդանի շունչ ենք ու հոգի, որովհետև արարվել ենք ըստ Նրա պատկերի, ով ստեղծել է մեզ: Այն, որ մերն է, մարմինն է և զգացողությունները, որոնք մարմինը հայթայթում է մեր համար: Մեր շուրջն են հարստությունները, արվեստները և այն ամենը, որ ծառայում է ապրուստին: Ի՞նչ է պահանջում պատվիրանը: Ուշադրություն չդարձնել մարմնին, ամեն գնով չփնտռել նրա բարիքը, առողջությունը, գեղեցկությունը, հաճույքների վայելքը, երկարակեցությունը. չմեծարել հարստությունը, փառքն ու իշխանությունը. մեծագույն իրողություն չհամարել այս կյանքի կարիքների գոհացումը, այն աստիճան, որ անհոգության մատնվեն մտահոգություններն այն կյանքի, որն ըստ կարևորության առաջինն է, այլ՝ հսկիր քո վրա, այսինքն՝ հսկիր հոգուդ վրա: Զարդարիր այն և նրա հանդեպ հոգատարություն ունեցիր, այնպես՝ որ պատրաստակամորեն հեռացնես գլուխ բարձրացնող չարամտության որևէ հետք և բիծ, մաքրես հոգիդ ամոթալի որևէ հանցանքից, այն պճնելու և պայծառափայլ դարձնելու համար առաքինության գեղեցկություններով:
Քննիր ինքդ քեզ, իմանալու համար, թե ո՞վ ես: Ճանաչի՛ր բնությունդ: Մահկանացու է մարմինդ, անմահ է հոգիդ: Կրկնակի է մեր կյանքը. մարմնինը, որն իսկույն անցնում է, և հոգուն բնորոշ կյանքը, որը վախճան չունի: Հսկիր քո վրա, ընթացքդ մի՛ արգելակիր մահկանացու իրողությունների առաջ, կարծես դրանք հավիտենական լինեին, և մի՛ արհամարհիր հավիտենականները, կարծես անցողիկ լինեին դրանք: Արհամարհիր մարմինը, քանի որ անցնում է. հոգատար եղիր հոգուդ նկատմամբ, որպես անմահ իրականություն:
Պրպտիր անձդ ամենայն ուշադրությամբ, մեկին և մյուսին տալու համար այն, ինչը յուրաքանչյուրին հասնում է. մարմնին՝ սնունդ և հագուստ, հոգուն՝ քրիստոնեական  կյանքի ուսուցումները, խոհեմ վարմունք, առաքինությունների գործադրումը, կրքերի ուղիղ կողմնորոշումը: Մարմինը թող չճարպակալի և չափազանց խնամքներով թող չպատվի, որովհետև մարմինը Հոգուն հակառակ ցանկություններ ունի, իսկ Հոգին մարմնին հակառակ փափաքներ ունի. այս երկուսը փոխադարձաբար պատերազմում են միմյանց դեմ: Ուշադիր եղիր, որովհետև մարմինը չափազանց խնամելով՝ չափազանց իշխանություն
ես տալիս անձիդ ամենահեղգ մասին: Եթե ծանրացնում ես կշեռքի նժարներից մեկը, անխուսափելիորեն թեթևացնում ես մյուսը: Այդ նույն բանն է պատահում մարմնի և հոգու խնամքի պարագային. մեկի աճը պատճառն է մյուսի նվազման: Երբ մարմինը փարթամ է ու ճարպով պարարտացած, հոգին անխուսափելիորեն դառնում է նիհար և իրեն բնորոշ գործունեությունների համար անուժ: Երբ հոգին վայելում է կատարյալ առողջություն և բարության շուրջ խորհրդածումով բարձրանում է այն մեծությանը, որն իր բնութենականն է, որպես հետևանք նվազում է մարմնի փարթամությունը:
Բարսեղ Կեսարացի <<Նայիր քեզ>> ճառից

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին 2.17-19
Իսկ մենք, եղբայրնե՛ր, թէպէտ եւ միառժամանակ դէմքով զրկուած մնացինք ձեզնից, բայց ոչ՝ սրտով. առաւել եւս շտապեցինք տեսնել ձեր երեսները մեծ ցանկութեամբ:  Դրա համար, ես՝ Պօղոսը, մէկ անգամ եւ նոյնիսկ երկու անգամ կամեցայ գալ ձեզ մօտ, բայց սատանան արգելք եղաւ մեզ.  քանզի ո՞վ է մեր յոյսը կամ ուրախութիւնը կամ մեր պարծանքի պսակը, եթէ ոչ՝ դուք ի Տէր, Յիսուս Քրիստոսի առաջ, նրա գալստեան ժամանակ.