Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Սերը սպառվեց, երկյուղը վերացավ, սիրեցինք աշխարհը, ընթացանք ոչնչի հետևից, կասեցվեցինք հույսից և ցանկացանք միայն առօրեականը:
Վերջին օրերին պիտի հանդես գան բազում ուսումնատյացներ, ծույլեր, դատարկախոսներ, վատաբաններ և ամբաստանողներ: Եվ որտեղի՞ց պիտի գտնես մարդկանց մեջ ճշմարտություն, երբ նրանք պնդաճակատ, եսասեր, ընկերատյաց, բամբասող, բանսարկու, ստախոս, մեծամիտ, փառասեր,հարբեցող և հեշտասեր են լինելու: Այսուհետև մարդիկ չեն փառաբանելու Աստծուն, և մարդկանց մեջ չի լինելու ճշմարտություն:
Իմ որդիներ, ես լալագին ու ողբագին, հառաչող սրտով խրատում եմ ձեզ, որովհետև շատերը հեռանում են հավատքից և ուրանում Քրիստոսին: Այդ է պատճառը, որ խավարը պատեց բոլոր արարածներին: Ամենայն մարդ, որ կամենում է մոլորվել ու գնալ խոտոր ճանապարհով, թե հնար կա, որպեսզի բռնությամբ կամ աղաչելով, թեկուզ և ընծաներով կարողանամ հետ պահել, անվեհեր հոգով պիտի ջանամ թույլ չտալ, որ այդպիսինը մատնվի հավիտենական կորստի:
Որքան որևէ մեկն ուշանում է հաղորդությունից, դևերն ուրախանում են,որովհետև նրանց համար դյուրորսալի է փրկական խորհրդից հեռացածը: Իսկ երբ որևէ մեկը հաղորդվում է, զարհուրում են ու խույս տալիս և ավելի հեռու փախչում, որովհետև նրա մեջ իրենց տեղ չեն գտնում: Քանզի նա, ով Քրիստոսի տաճար է լինում, նրանում դևերին մեհյան չի՛ հաջողվում ստեղծել:Ուստի, աղաչում եմ ամենքին և հայցում, որ հաղորդվեն Աստծո երկյուղի ու սիրո փափագով, որպեսզի ոչ ոք բնավ անարժանաբար չհաղորդվի և չբարկացնի Աստծուն, կամ հուսահատությամբ չհեռանա և կորստյան չմատնվի, այլ այս երկու ծայրահեղություններից էլ խուսափի՝ թե՛ անառակաբար խիզախելուց և թե՛ հեղգությամբ և հուսահատությամբ հապաղելուց ու հեռանալուց:
Բազում աղոթքներ են մեզ պետք, բազում արտասուքներ՝ հաճախակի պաղատանքներով և մեծագույն ճգնությամբ հայցելու Աստծուց, որպեսզի արժանի լինենք լուսավոր միտք ստանալու, որով կբորբոքվի մեր մեջ աղոթքի բաղձանքն ու Աստվածային Գրքի վերծանությունը:
Այսպիսին են ցրված միտք ու զբաղված բարք ունեցողները, որոնց մեջ սպառվել է աստվածային Կտակարանների ունկնդրության սերը, որոնք շրջում են աշխարհում ինչպես կույրը: Քանզի կամ բնավ չեն ընթերցում և կամ ինչ որ ընթերցում են՝ ոչ թե սիրով ու փափագով, այլ՝ որպես հարկադիր մի բան և պարտքերի հատուցում: Քանզի ոչինչ ավելի ողորմելի չէ, քան Սուրբ Գրքի հանդեպ սիրո և աստվածային պատվիրանների վերծանության բաղձանքի սպառումը:
Եվ այս՝ ի՞նչ պատճառով: Որովհետև սերը սպառվեց, երկյուղը վերացավ, զարտուղի ընթացանք, սիրեցինք աշխարհը և այն, ինչ աշխարհում է, ընթացանք ոչնչի հետևից, կասեցվեցինք հույսից և ցանկացանք միայն առօրեականը, քանզի մարմին դարձանք: Եվ սիրեցինք մարմնավոր բաները և դրանց ետևից գնացինք՝ հեշտության, զբաղմունքների, ծուլության, նախանձի և ատելության և
բոլոր մյուս չարիքների, փառքի, պատվի, իշխանասիրության և ագահության:
Այս պատճառով աղաչում եմ՝ արթնացե՛ք, արթնացե՛ք և առավել ևս թոթափվենք սատանայական մոլությունների արբեցությունից: Մի կողմ նետենք հրեական քողը`կեղծավորությունը և լուսափայլ մտքո՛վ նայենք Աստծուն:
Խոսրով Անձևացի
Օրվա ընթերցվածք.
Թուղթ եբրայեցիներին 13.7-9
Յիշեցէ՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծոյ խօսքն ասացին: Նայելով նրանց կեանքի ընթացքի վախճանին՝ հետեւո՛ղ եղէք նրանց հաւատին: Յիսուս Քրիստոս նոյնն է երէկ, այսօր եւ յաւիտեան: Տեսակ-տեսակ եւ օտարոտի ուսմունքների մէջ մի՛ տարուբերուէք, քանզի լաւ է շնորհով ամրացնել սիրտը եւ ոչ թէ՝ կերակրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպէս ընթացան:
Post Views: 1,312