Ես չեմ այն հիմարն ու տգետը, որին դուք փնտրում եք:

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-karozner-85/

Հոգևոր քարոզներ 2018

Ես չեմ այն հիմարն ու տգետը, որին դուք փնտրում եք:
Մի թագավոր կամեցավ աշտարակ շինել, և աշտարակը քանի ցերեկը շինում էին, գիշերը փուլ էր գալիս: Եվ նա հավաքեց յուր գիտուններին և պատճառը հարցրեց: Նրանք ասացին.
«Եթե կամենում ես, որ այլևս չփլչի, դու գտիր մի տգետ մարդ, որից ավելի տգետ մարդ չլինի և նրան կենդանի դիր պատի մեջ և պատը թող շարեն. և այլևս չի փլչի»: Եվ թագավորնասաց.
«Այդ բանի ընտրությունը ևս դուք արեք և գտեք մի տգետ մարդ, որին կենդանի թաղեն պատի մեջ»:
Եվ գիտունները նստեցին միասին որոշելու, թե ի՞նչ տեղ կարող են գտնել տգետ մարդ, և մեկն ասաց.
«Ձկնորսն է տգետ, քանի որ նրա առն ու տալը մարդու հետ չի, այլ ջրի և ձկների»:
Իսկ ոմանք` իշապանը, որ իշու հետ է լինում և իր ողջ կյանք անց է կացնում գրաստի հետ, շրջելով լեռ և անտառ: Ոմանք ծովարարին ասացին, իսկ ոմանք՝ հովվին, որ ամառ-ձմեռ ոչխարների հետ շրջում է լեռներում, չի մտնում գյուղ կամ քաղաք: Եվ հավանություն արին և կամեցան հովվին բերել: Այն ժամանակ գիտուններից մի ոմն ասաց. թե
«Մեր թագավորը մի հովիվ ունի, որ ծնվել է սարում ոչխարների մեջ և սնվել է այնտեղ և յուր կյանքում ոչ գյուղ է մտել, ոչ քաղաք»: Եվ ուղարկեցին տասը ձիավոր, որպեսզի մարդուն բերեն: Եվ ձիավորները գնացին գտան հովվին, որ կթում էր ոչխար և ողջունելով ասացին. «Թագավորը քեզ կանչում է»: Հովիվն ասաց. «Ես իմ կյանքում ոչ քաղաք եմ գնացել ոչ էլ՝ գյուղ. ինձ ինչու է կանչում»:
 
Իսկ նրանք խորամանկությամբ ասացին. «Չենք իմանում»: Իսկ հովիվը պատվեց նրանց, գառ մորթեց և պանիր բերեց և ուրախացրեց նրանց և երդմամբ հարցրեց կանչելու պատճառը: Եվ նրանք ասացին, թե այն պատճառով է քեզ կանչում, որովհետև թագավորի գիտունները ասել են, որ մի տգետ մարդու պետք է դնել պատի մեջ, որպեսզի պատը շեն մնա: Այն ժամանակ հովիվը ծիծաղեց և ասաց.
«Հիմարը և տգետը այն գիտուններն են, որ այդպիսի ընտրություն են արել»: Եվ մի ոչխար բերելով ասաց. «Ես ձեզ ցույց կտամ իմ տգիտությունը»: Եվ ասաց.
«Այս ոչխարը երկու գառ ունի փորում, մինը էգ է և մյուսը՝ որձ, մեկի գլուխը սև է և մյուսինը` սպիտակ»: Եվ ոչխարը մորթեց և գառները փորից հանեց և այնպես էր, ինչպես ասաց: Եվ մի այլ ոչխար բերելով ասաց. - Այս ոչխարը մեկ գառ ունի փորում, մարմինը սև է, գլուխը՝ սպիտակ և ինքը որձ: Եվ մորթեցին տեսան այնպես: Եվ հովիվն ասաց. «Ոչխարի այն երկու հոտը, որ կա ձեր առաջ, ամենին գիտեմ, թե որն է ծնելու և որն է ստերջ և որն է որձ ծնելու և որը՝ էգ և որը սև կամ սպիտակ և որը սև ու սպիտակ պուտերով: Ձեր գիտունները կարո՞ղ այդ իմանալ»: Ձիավորներն ասացին. «Ոչ ամենևին»: Հովիվն ասաց. «Ուրեմն իմացեք, որ ես չեմ այն հիմարն ու տգետը, որին դուք փնտրում եք: Իսկ եթե կամենաք ես ցույց կտամ տգետ մարդու: Թագավորը թող յուր տեղակալին բռնի թալանի և ինչ ունի ամենն առնի և քաղաքի հրապարակում նրան կախի և չարաչար տանջի, որպեսզի բոլոր քաղաքացիները տեսնեն. ապա տեղակալին թող տանեն թաքցնեն և ասեն, թե նրան սպանեցին: Եվ երեք օր քաղաքում թող կանչեն, թե ի՞նչ մարդ որ կգա և հանձն կառնի թագավորի տեղակալի գործը, նրա ամեն ապրանքն այդ մարդուն կտանք և նրան կնշանակենք թագավորի տեղակալ: Այդ մարդը, որ կտեսնի այդ խաղքը և կլսի ինչ որ արին տեղակալի գլխին և առաջանալով կասի, թե ես եմ ուզում լինեմ տեղակալ, այն մարդն է հիմար և տգետ, նրան բռնեցեք և կենդանի դրեք պատի մեջ, որպեսզի այլևս չփլչի և
շեն մնա»: Իսկ նրանք եկան և թագավորին պատմեցին, և թագավորն արեց այնպես, ինչպես հովիվն ասել էր և մինչդեռ քաղաքում կանչում էին, թե ով գա և հանձն առնի թագավորի տեղակալի գործը և
իշխանությունը, նա կստանա նրա ապրանքը և հողը, այն ժամանակ մոտ վազեց մի անգետ մարդ և ասաց, թե ես հանձն կառնեմ այդ գործը: Եվ նրան հարցրին թե տե՞սար ինչ արին տեղակալի գլխին, նա ասաց. «Այո, տեսա»: Եվ իսկույն առան նրան և տարան, կենդանի դրին պատի մեջ, և պատը հաստատուն մնաց:
Վարդան Այգեկցի

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 4.19-5.1
Որդեակնե՛րս, դո՛ւք, որոնց համար վերստին երկունքի մէջ եմ, մինչեւ որ Քրիստոս կերպարանուի ձեր մէջ: Կուզենայի այժմ լինել ձեզ մօտ եւ փոխել իմ խօսելու ձեւը, որովհետեւ տարակոյսի մէջ եմ ձեզ համար:  Ասացէ՛ք ինձ, դուք, որ ուզում էք լինել օրէնքի տակ, օրէնքը չէ՞ք կարդացել.  որովհետեւ գրուած է, թէ՝ «Աբրահամը երկու որդի ունէր, մէկը՝ ծնուած աղախնից, եւ մէկը՝ ազատ կնոջից»:  Բայց նա, որ աղախնից էր, մարմնական ծնունդ էր, իսկ նա, որ ազատ կնոջից էր, ծնուել էր խոստման համաձայն:  Սա այլաբանութիւն է, որովհետեւ սրանք երկու կտակարաններն են. մէկը՝ Սինա լեռից՝ ծնուած ծառայութեան համար. դա Հագարն է. քանզի Հագարը Սինա լեռն է Արաբիայում եւ համապատասխանում է ներկայ Երուսաղէմին, որ իր որդիներով հանդերձ ծառայ է:  Իսկ Վերին Երուսաղէմը, որը մեր բոլորի մայրն է, ազատ է.  որովհետեւ գրուած է. «Ուրա՛խ եղիր, ամո՛ւլ, դո՛ւ, որ չէիր ծնում. գոչի՛ր եւ աղաղակի՛ր, դո՛ւ, որ երկունքի ցաւ չէիր քաշել. որովհետեւ լքուածիդ զաւակներն աւելի են, քան ամուսին ունեցող կնոջ զաւակները»:  Արդ, մենք, եղբայրնե՛ր, խոստման որդիներ ենք՝ Իսահակի նման:  Եւ ինչպէս այն ժամանակ նա, որ մարմնական ծնունդ էր, հալածում էր նրան, որ ըստ հոգու էր ծնուել, այդպէս է եւ այժմ: Եւ ի՞նչ է ասում Գիրքը. «Հեռո՛ւ վանիր այդ աղախնին եւ դրա որդուն, որպէսզի այդ աղախնի որդին ազատի որդուն ժառանգակից չլինի»:  Դրա համար, եղբայրնե՛ր, աղախնի որդիներ չենք, այլ ազատի՝ այն ազատութեամբ, որով Քրիստոս մեզ ազատ դարձրեց:
Ուրեմն, պի՛նդ կացէք եւ վերստին ծառայութեան լծի տակ մի՛ մտէք: