Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Սուրբ Գրքի շնորհման նպատակը.
«Որովհետև ամոթ չեմ համարում ավետարանելը, քանի որ այն Աստծո զորությունն է՝ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմ. Ա 16):
Տգիտություն և տկարություն, ահա՛ մեղքի երկու աղբյուրները, որոնք երկուսն էլ մեր կամքից են կախված։ Իսկ մենք չենք կամենում ո՛չ սովորել, ո՛չ էլ սանձահարել մեր ցանկությունները։ Թե՛ մեկի, թե՛մյուսի դեմ պայքարելու միջոցներ են շնորհվել մեզ. դրանք են ճանաչողությունն ու սուրբգրային ապացույցների վրա հիմնված խորին համոզմունքը (Կղեմես Աղեքսանդրացի)։
Սիրելինե՛րս, Աստվածաշունչ Մատյանի ընթերցանությունը մեծ շնորհ է։ Նա իմաստնացնում է հոգին, միտքը երկինք հափշտակում, մղում մարդուն երախտագիտության (առ Աստված), թույլ չի տալիս նրան հակվել չար բարքերի, ստիպում է միշտ մտքով հաստատվել (երկնքում), դրդում մեզ գործել Տիրոջից հատուցում ստանալու ակնկալիքով և մեծ նախանձախնդրությամբ ձգտել առաքինության սխրանքների։ Այստեղից (Սուրբ Գրքից) կարելի է ստույգ իմանալ, թե ինչ փութով է (մեզ) օգնության գալիս աստվածային նախախնամությունը, այստեղ ենք հանդիպում բազում արդարների և ճանաչում Տիրոջ ողորմածությունն ու հատուցումների անսպառ հարստությունը։ Հենց նրանով է կարելի սեփական անձի մեջ արթնացնել առաքինի այրերի ողջախոհությանը հետևելու և ընդօրինակելու բաղձանքը
և թույլ չտալ սեփական անձին՝ տկարանալ առաքինություն ձեռք բերելու սխրանքի մեջ, այլ ի սրտե ապավինել Աստծո խոստումներին՝ նախքան նրանց իրականանալը։ Ինչ նյութական սնունդն է մեր մարմնի կենսագործունեությունը պահպանելու համար, իսկ և իսկ Սուրբ Գրքի ընթերցանությունն է հոգու համար։ Նա հոգևոր սնունդ է, որ բյուրեղացնում է միտքը, հոգին դարձնում զորավոր, հաստատակամ ու իմաստուն՝ թույլ չտալով վերջինիս ընկղմվել անմիտ կրքերի մեջ, այլ, ընդհակառակը, է՛լ ավելի է դյուրացնում նրա ճախրանքը՝ բարձրացնելով հասցնելով նրան, այսպես ասած, ուղղակի երկինք։ Ուստի, աղաչո՜ւմ եմ, առավելագույն ջանադրությա՛մբ ընթերցենք Աստվածաշունչ Մատյանը։ Որովհետև անհնար է, անհնար է, ասում եմ, որ որևէ մեկը փրկված լիներ կամ կարողանա փրկվել առանց Սուրբ Գրքի ընթերցանության (ս. Հովհաննես Ոսկեբերան)։
Ով իսկապես ճանաչել է Սուրբ Գրքի գիտությունը, գիտի, որ Գրքի ամենապարզ ու ամենաիմաստուն խոսքի զորությունը հետապնդում է միևնույն նպատակը՝ մարդու փրկությունը, իսկ այս գիտությանն անհաղորդը հաճախ է գայթակղվում (ս. Պետրոս Դամասկացի)։
Տգետ ու կույր են բոլոր նրանք, ովքեր չեն ընդունում, որ Ս. Գրքի ընթերցանությունը մղում է մարդու կոչմանն արժանի ու վեհ գաղափարների (Որոգինես Ալեքսանդրացի)։
Ճշմարտությանն հասնելու ամենահուսալի շավիղը Ս. Գրքի ընթերցանությունն է, քանզի այստեղից ենք իմանում, թե ինչ պետք է անել և ինչ չանել։ Այստեղ վաղուց ի Տեր ննջած մարդիկ ասես հարություն են առնում իրենց վեհ կյանքով ու ճանապարհ ցույց տալիս նրանց, ովքեր կամենում են հետևել իրենց բարի օրինակին։ Ահա թե ինչու յուրաքանչյուր ոք, ով տկարանում է իր պարտականությունների կատարման մեջ, ընթերցելով Ս. Գիրքը կարող է զորանալ։ Միայն թե խորհուրդ եմ տալիս. այդ ընթերցանությունը թող ուղեկցվի աղոթքով (ս. Բարսեղ Կեսարացի)։
Մենք միշտ պետք է Ավետարանի խրատով դաստիարակվենք՝ լուսավորվելու համար, որպեսզի ստանանք Կտակարաններում (ամփոփված) ճշմարտության Սուրբ Հոգու շնորհներից։ Ուստի դադարենք դատարկ և վայրապար քննությունից և ընթանանք Ս. Գրքի՝ Հին և Նոր (Կտակարանների) խրատներով։ Գրքերն են մեր վարդապետները. նրանց միջոցով ընդունենք հավիտենական հույսը և նրանցով վեր բարձրանանք աշխարհից (ս. Գրիգոր Լուսավորիչ)։
Սուրբ Հոգով շարադրված բոլոր Սուրբ Գրքերը խորհուրդ ու դիտավորություն ունեն և երբեք զուր տեղը չգրվեցին, այլ գրվեցին մեզ օգտակար լինելու և ուսուցանելու համար, որպեսզի նրանց միջոցով ճանաչենք Աստծո ամբողջ կամքը և չշեղվենք ուղիղ ճանապարհից, որը մեզ դեպի վեր՝ Աստծո մոտ է տանում: Այս մասին վկայում է նաև Պողոս առաքյալը.
«Բոլոր Գրքերն աստվածաշունչ են ու օգտակար են ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար» (Բ Տիմ. Գ 16) (Սարգիս Շնորհալի):
«Ոմանք,-գրում է մի հեղինակ, -դիմում են Աստծո խոսքին՝ կարծելով, որ նրանում հին ժամանակներին վերաբերող պատմական տեղեկություններ կգտնեն, և, իրոք, գտնում են, սակայն խոսքի նպատակը այդ չէ։ Մյուսները երկրաբանական տեղեկություններ են փնտրում և փութեռանդորեն փորձում կա՛մ երկրաբանությունն հարմարեցնել Սուրբ Գրքին, կա՛մ Սուրբ Գիրքը՝ երկրաբանությանը։ Մենք կարող ենք միշտ լիովին վստահ լինել, որ ճշմարտությունը երբեք ինքն իրեն չի հակասում, բայց քանի որ դեռևս ոչ ոք ի զորու չէ լիովին երկրաբանություն իմանալ, քանզի նրա փաստերը դեռևս մեկնաբանված չեն որևէ գոհացուցիչ տեսությամբ մենք կսպասենք, որ փիլիսոփաները լուծեն իրենց հարցերը։ Իսկ մենք վստահ ենք, որ երբ նրանք գտնեն ճշմարտությունը, այն լիովին համահունչ կլինի Աստծո հայտնությանը։ Համենայն դեպս մենք կարող ենք գիտությունը թողնել գիտնականներին։ Աստվածաշնչի գլխավոր վարդապետությունը մարդկանց փրկության, դրախտի առաջին մարդկանց անկման, մարդկային բնության խաթարման և քավության միջոցների մասին է։
Ընթերցե՛ք բովանդակ Աստվածաշունչը և կտեսնեք, որ նրա գլխավոր խնդրո առարկան մարդկանց կենսական շահերն են լինեն նրանք հրեաներ թե հեթանոսներ. մարդկանց, որ միևնույն ծագումն ունեն լինեն նրանք բարբարոսներ, սկյութներ, հույներ, ստրուկներ կամ էլ ազատներ, մարդկանց, որ կանչված են շնորհի հանդիսությանը։ Աստծո խոսքը սխալ է ընթերցում նա, ով չի լսում, որ այն առավելապես վերաբերում է իրեն և իր մերձավորներին։ Սա Գիրք է, որը անձամբ է խոսում մեզ հետ։ Նա չի խոսում այն մասին, թե ինչ կա Լուսնի և Յուպիտեր մոլորակի վրա, ինչ է եղել հին ժամանակներում, ոչ էլ՝ առավելապես գալիք ժամանակի մասին։ Գիրքը վերաբերում է մեզ, մեր այժմյան պարտականություններին, խոսում է այն մասին, թե ինչպես այսօր մեղքը կարող է ներված լինել, և ինչպես մեր հոգիները կարող են միավորվել Քրիստոսի հետ»։
Մեր կողմից վկայակոչված իմաստունը իր ստեղծագործություններից մեկում նշում է, որ քրիստոնյան չպետք է ընթերցի Ավետարանը բանաստեղծի, գիտնական պրոֆեսորի, մեկնաբանի ու պատմաբանի
նման։ «Ընթերցեք,- գրում է նա,- ինչպես մարդ։ Կա մի բան, որ գերիվեր է երևակայությունից, գիտությունից, խելքից, հանճարից թեկուզ աշխարհի ամենամեծ խելքն ու հանճարը լինի. դուք չեք առարկի ինձ, եթե ասեմ, որ խղճմտանքն է այդ բանը, որով պետք է ընթերցել Ավետարանը»։
Իրապես կոպիտ սխալ թույլ տված կլինենք, եթե, տեղի տալով մեր մտքի անհագ հետաքրքրասիրությանը, Աստվածաշնչում փնտրենք բոլոր հարցերի լուծումը։ Աստված հաճեց հավիտենական ճշմարտությունից մարդկությանը հայտնել այն, ինչն անհրաժեշտ է երկրային կյանքի իմաստն հասկանալու և Աստծո կամքը այս աշխարհում կատարելու համար։ Չհետևենք մեր բանականության քմահաճույքներին այնտեղ, որտեղ մարդու գիտակցության համար հանապազօրյա հացի չափով է ամփոփված Աստծո հավիտենական ճշմարտությունը։ Աստվածաշնչում չփնտրենք աստղագիտությանը, երկրաբանությանը, բնախոսությանը կամ կազմախոսությանը վերաբերող այն հարցերի պատասխանները, որոնք մարդու երկրային կյանքի իմաստի ընկալման հետ ընդհանրության ոչ մի եզր չունեն։ Եվ վստահ լինենք, որ կգտնենք վերոհիշյալ գիտություններին առնչվող բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք անհրաժեշտ են մարդու երկրային կյանքի իմաստն հասկանալու և Աստծո կամքը կատարելու համար։ Բայց մի բան լավ հիշենք, որ այն ամենը, ինչ հաղորդում է մեզ աստվածային Հայտնությունը, բացարձակ ճշմարտություն է, և ոչ թե նրա հետ համեմատել, այլ նրանո՛վ պետք է ստուգել բոլոր գիտական հիպոթեզները, որոնք շատ հաճախ հիմնված են միամիտ ու անհեթեթ գիտական հեքիաթիկների վրա և, իբրև որևէ հեղինակավոր գիտնականի անձնապաստան երևակայության արդյունք, հաճախ զուրկ են նվազագույն իսկ գիտական հիմունքներից:
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից.
Օրվա ընթերցվածք.
Պետրոս առաքյալի Ա թուղթը 4.12-14
Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարէք այն այրող նեղութիւնը, որ ձեզ փորձելու համար է, որպէս թէ մի տարօրինակ բան պատահած լինէր ձեզ: Այլ, որպէս Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, ուրախ եղէք, որպէսզի նրա փառքի յայտնութեան ժամանակ էլ ցնծաք եւ ուրախանաք: Իսկ եթէ նախատուէք էլ Քրիստոսի անուան համար, երանելի էք, քանի որ փառքի եւ զօրութեան անունը եւ Աստծոյ Հոգին է հանգում ձեզ վրայ:
Post Views: 1,840