Տե՛ս, թե ինչ պատահեց մոգերի մոտ գնացողին…

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-karozner-85/

Հոգևոր քարոզներ 2018

Տե՛ս, թե ինչ պատահեց մոգերի մոտ գնացողին...
Քանի որ բազմիցս եմ խոսել դրախտի, հրեշտակների և սրբերի մասին, որ օգուտ քաղեք, հիմա մի քիչ էլ դժոխքի ու դևերի մասին կխոսեմ, որպեսզի իմանաք, թե ու՛մ հետ ենք մարտնչում և կրկին օգուտ քաղեք:
Մի անգամ Տիբեթից երիտասարդ մի մոգ խուցս եկավ և իր կյանքից շատ բան ինձ պատմեց: Կաթից կտրվելուն պես` երեք տարեկան հասակում, այդ տղային իր հայրը Տիբեթում նվիրել էր բարձրաստիճան երեսուն կախարդների մի խմբի, որպեսզի երեխային իրենց արվեստը սովորեցնեն: Պատանին հասել էր մոգության 11-րդ աստիճանին. 12-րդը ամենաբարձրն է:
16 տարեկանում նա Տիբեթից հեռանում ու Շվեդիա է գնում` հորը տեսնելու համար: Այնտեղ շատ հավատավոր ուղղափառ մի քահանայի է պատահաբար հանդիպում և խնդրում է նրան, որ զրուցեն: Երիտասարդ մոգը բոլորովին չի իմանում, թե ի՛նչ է նշանակում «ուղղափառ քահանա»: Եվ այսպես, այն սենյակում, որտեղ նստում են զրուցելու, երիտասարդն իր կախարդություններից մի քանիսն է անում, որպեսզի քահանային իր ուժը ցույց տա: Նա կանչում է գլխավոր դևերից մեկին` Մինասին, և նրան ասում է.
-Ջո՛ւր եմ ուզում:
Խոհանոցից մի բաժակ է բարձրանում, մեն-մենակ դեպի ծորակն է գնում, այն բացվում է, ջուրը` լցվում, ապա բաժակն անցնում է փակ պատից և սենյակ է գալիս: Երիտասարդը վերցնում ու խմում է:
Այնուհետև սենյակում քահանային ներկայացնում է ողջ տիեզերքը, երկինքը, աստղերը: Չորրորդ աստիճանի մոգություններ է անում և այդպես մինչև 11-րդ աստիճանը պիտի հասներ: Եվ այդ ժամանակ քահանային հարցնում է, թե ի՞նչ կարծիք ունի այդ ամենի մասին.
- Պատրաստ էի, քահանային սպանելու, եթե սատանային հայհոյեր, ասաց երիտասարդը.
Սակայն քահանան նրան ոչինչ չի ասում: Այդ պահին երիտասարդը հարցնում է.
- Ինչու՞ դու հրաշքներ չես անում:
- Իմ Աստվածը խոնարհ է, – պատասխանում է քահանան և մի խաչ է հանում ու նրան տալիս, որ պահի:
- Նորից հրաշքներ արա – ասում է երիտասարդին:
Երիտասարդը Մինասին` գլխավոր դևին է կանչում, սակայն Մինասը դողում է, չի համարձակվում մոտենալ: Սատանային է կանչում, բայց նա նույնպես տեսնում է խաչը և չի մոտենում: Սատանան երիտասարդին միայն ասում է, որ վեր կենա Տիբեթ գնա: Այդ պահին երիտասարդը սատանային հայհոյում է.
-Հիմա հասկացա, – ասում է նրան, – որ քո մեծ զորությունը մի մեծ անզորություն է»:
Այնուհետև բարի քահանան նրան փոքր-ինչ հավատքի մասին է ուսուցանում, պատմում է նաև Սբ. Երկրի, Սբ. Լեռան մասին ևն: Այսպես երիտասարդը Շվեդիայից Երուսաղեմ է գնում, որտեղ Սբ. Լույսն է տեսնում: Այնտեղից Ամերիկա է մեկնում` իր ճանաչած սատանայապաշտներին համոզելու, որ դարձի գան (Աստված նրան լավագույն քարոզիչն էր դարձրել), իսկ այնտեղից էլ Սբ. Լեռ է գալիս:
Բարին Աստված փորձության միջոցով օգնում է երիտասարդին, քանի որ փոքրուց նրա հանդեպ անիրավություն էր գործվել: Սակայն աղոթեք, որովհետև կախարդները` բոլոր դևերով հանդերձ, նրա դեմ են պատերազմում: Եթե իմ դեմ են պատերազմում, երբ նա գալիս է, որ իրեն օգնեմ, էլ ուր մնաց նրա դեմ չպատերազմեն: Երբ քահանաները երիտասարդի վրա դիվահալածության աղոթքներ են կարդում, նրա ձեռքերը ճեղքվում են, և արյուն է հոսում: Դևերը խեղճ տղային շատ են չարչարում, մինչդեռ սկզբում, երբ նրանց հետ ընկեր էր, նրան չէին վնասում, այլ օգնում ու ծառայում էին: Աղոթեք նրա համար: Սակայն պետք է, որ ինքն էլ շատ ուշադիր լինի, որովհետև Ավետարանն ասում է, որ պիղծ ոգին, երբ մարդուց դուրս է գալիս, «…գնում և վերցնում է իր հետ իրենից ավելի չար յոթը այլ ոգիներ և մտնում բնակվում է այնտեղ. և այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան առաջ էր…»:
ԾԵՐ ՊԱԻՍԻՈՍ ԱԹՈՍԱՑԻ

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Մարկոսի 6.45-56
Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին:  Իսկոյն եւեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն եւ իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, մինչեւ ինքը ժողովրդին արձակէր: Եւ բաժանուելով նրանցից՝ լեռ բարձրացաւ աղօթք անելու:  Երբ երեկոյ եղաւ, նաւակը ծովի մէջտեղում էր, իսկ ինքը՝ ցամաքի վրայ:  Եւ տեսաւ նրանց, որ հողմակոծ էին լինում թիավարելիս, որովհետեւ քամին նրանց հակառակ կողմից էր. գիշերուայ ուշ ժամին նա գալիս էր նրանց մօտ՝ ծովի վրայ քայլելով, եւ ուզում էր նրանցից առաջ անցնել-գնալ:  Երբ նրանք տեսան, որ քայլում է ծովի վրայ, կարծեցին, թէ մի ուրուական է, եւ աղաղակ բարձրացրին,  որովհետեւ ամէնքը տեսան նրան եւ խռովուեցին: Եւ նա իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»:  Եւ նա նաւակ բարձրացաւ նրանց մօտ, եւ քամին դադարեց: Եւ նրանք առաւել եւս ապշել էին իրենց մտքում ու սաստիկ զարմանում էին,  քանի որ մտքները բթացած լինելով՝ չէին հասկացել նաեւ այն, ինչ վերաբերում էր հացի բազմացմանը:  Երբ դիմացի կողմն անցան, Գեննեսարէթի ցամաքը ելան:  Եւ երբ նաւակից դուրս ելան, տեղի մարդիկ իսկոյն եւեթ նրան ճանաչեցին:  Եւ ամբողջ գաւառում այս ու այն կողմ վազելով՝ սկսեցին մահիճներով հիւանդներ բերել այնտեղ, ուր լսում էին, թէ նա գտնւում է:  Եւ ուր որ մտնում էր՝ գիւղեր, քաղաքներ թէ ագարակներ, հրապարակներում դնում էին ախտերով տառապողներին եւ աղաչում նրան, որ գոնէ իր զգեստի քղանցքներին դիպչեն: Եւ ովքեր մի անգամ դիպան, բժշկուեցին: