Ամեն բացվող առավոտ հարություն է մեզ համար.
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:
Այս բարի Ավետիսի զորությունը թող երբեք չմեղմանա մեր մեջ: Ամեն բացվող առավոտ արթնանանք հարություն առած նոր մարդու կերպարանքով, ազատված հին մեղքերից: Սուրբ Բարսեղ Կեսարացին իր «Նայիր քեզ» ճառում մեր ուշադրությունն է հրավիրում մեր անձի ներդաշնակ կառուցվածքին, որի մասին հազվագյուտ ենք մտածում, կամ առհասարակ չենք անդրադառնում:
«Հսկիր քո վրա, ուրեմն, և իմացիր, որ հոգիդ բաղկացած է երկու զորություններից. մեկը բանական ու խելացի, իսկ մյուսը՝կրքերին ենթակա ու անմիտ: Առաջինին է ըստ բնության պատկանում հրամայելու պաշտոնը, երկրորդին՝ հնազանդվելն ու բանականությանը ենթակա մնալը: Երբեք մի՛ թույլատրիր, որ հոգիդ ենթարկվի և ցածրանալով ստրկանա կրքերին. երբեք մի՛ թույլատրիր, որ կրքերը բանականության դեմ ծառանան և գրավեն հոգու վրա ունեցած նրա իշխանությունը:
Հոգու հայեցողությունից հետո, եթե կամենում ես, քննիր նաև մարմնի կառուցվածքը և զմայլվելով տես, թե գերագույն ճարտարապետն ինչպիսի՛ արժանավայել բնակատեղի է պատրաստել բանական հոգու համար: Բոլոր կենդանի էակների մեջ միմիայն մարդուն է տվել ուղղահայաց դիրք, որպեսզի ձևիցդ անգամ ըմբռնես, որ կյանքդ ընտանություն ունի վերին իրողությունների հետ: Բոլոր չորքոտանիները կքված են որովայնի վրա, մինչ մարդու հայացքն ուղղված է դեպի երկինք, որպեսզի չնվիրվի որովայնի ու նրա կրքերի ծառայությանը, այլ՝ դեպի վեր ուղղի իր բոլոր փափաքները:
Ապա գլուխը. Աստված այն տեղադրել է ամենավերևում և այնտեղ է հաստատել ամենակարևոր զգայարանները: Այնտեղ են տեսողությունը, լսողությունը, ճաշակելիքը, հոտառությունը, մեկը մյուսի կողքին: Եվ այսպիսով, չնայած գտնվում են այսքան նեղ տարածքում, ոչ մեկը չի խանգարում գործունեությանը նրա, որն իր կողքին է:Աչքերը գրավում են տեսանելիության ամենաբարձր կետը, այնպես՝ որ մարմնի մասերից ոչ մեկը չի ծածկում իրենց, այլ՝ թարթիչներից պաշտպանվելով, ուղիղ գծով հաստատուն պահպանվում են իրենց վրայի ցցվածքով:Ականջը, մինչդեռ, չի ներկայանում ուղղակի բացվածքով, այլ՝ օդում ներկա հնչյուններն ընդունում է խորդուբորդ խոռոչի միջոցով:
Սա նույնպես հայտարար նշան է բարձրագույն իմաստության, որովհետև ձայնը, մինչ առանց արգելքների թափանցում է ներս, է՛լ ավելի հնչեղ է դառնում գալարումներում, որոնցով անցնում է,
և ո՛չ մի արտաքին պատճառ չի կարող արգելել լսողությունը: Քննիր լեզվի կառուցվածքը. քանի՜ցս նուրբ է, ճկուն և իր շարժումների զանազանությամբ ունակ տարբեր լեզուներով խոսելու: Ատամները մի կողմից ձայնի գործարաններ են, հաստատունություն պարգևելով լեզվին,մյուս կողմից էլ ծառայում են սննդառությանը, ոմանք՝ պատառելու, ոմանք էլ՝ ծամելու համար:
Եվ այսպես, շարունակելով պատշաճ կերպով քննել մարմնիդ բոլոր մասերը և խորհրդածելով թոքերի մեջ օդի ներշնչման, սրտի ներսում ջերմության պահպանման, մարսողական գործարանների և երակների մասին, որոնցում հոսում է արյունը, այդ ամենից կճանաչես անքննելի իմաստությունը Նրա, ով ստեղծել է քեզ, այն աստիճան, որ դու նույնպես կբացականչես Մարգարեի հետ. «Իմ համար սքանչելի է Քեզ ճանաչելը»: Հսկի՛ր քո վրա, ուրեմն, հսկել կարողանալու համար Աստծո ճանաչողության մեջ, որին վայել է փառք և զորություն հավիտյանս: Ամեն
Իգնատիոս Անտիոքացին ի՜նչ դիպուկ է նկարագրել մեզ.
«Երբ մենք օգնություն ստանալու համար ուժգին աղաղակում ենք, բայց միևնույն ժամանակ երկու ձեռքով ամուր բռնած ենք լինում մեր երկրավոր գանձերը այնպես, որ երրորդ ձեռք չունենալով` չենք կարողանում վերցնել Աստծո տված բարիքը և օգնությունը»:
Համբերութեամբ սպասեցի Տիրոջը, եւ նա նայեց ինձ ու լսեց իմ աղօթքը։
Նա ինձ հանեց տառապանքի փոսից, ցեխից ու տիղմից. ոտքերս ժայռի վրայ հաստատեց եւ ուղղեց իմ քայլերը։
Բերանս դրեց մի նոր օրհներգ՝ օրհներգը մեր Տէր Աստծու։Շատերը պիտի տեսնեն ու վախենան եւ իրենց յոյսը դնեն Տիրոջ վրայ։
Երանի այն մարդուն, որի յոյսը Տիրոջ անունն է, եւ որը ունայնութեանն ու սուտ մոլորութեանն ուշ չի դարձրել։