Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018
Հիսուս և Նրա մայրը. «0րհնյալ ես դու կանանց մեջ»:
Ավետարաններում հիշատակվում են Աստվածամոր կյանքի միայն այն դրվագները, որոնք առնչվում են Քրիստոսի կյանքին և փրկագործությանը։ Չնայած այդքան սուղ տեղեկություններին՝ դարձյալ կտեսնենք, որ նրա հավատն ավելի ցայտուն է ցոլանում Որդու՝ Քրիստոս Աստծո հանրանկարում։ Այստեղ պետք է նշեմ, որ Տիրամոր մասին հատվածները գրված են առանձնակի ոճով, որը շուտով կտեսնենք։ Այդ պատճառով, նրանք, ովքեր մակերեսայնորեն են կարդացել և չեն թափանցել խորքը, Աստվածամորը նվազ հարգանքի արժանի են կարծում և, հետևաբար, քննադատում են հին եկեղեցիներին, այդ թվում նաև մեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ արարողակարգում Աստվածամորն այսքան մեծ ու կարևոր տեղ տալու համար։
Հավաստելու համար մեր ասածը, մեկ առ մեկ քննենք այն հատվածները, որոնցում հիշատակվում է Սուրբ Կույսը։ Հիսուսն իր առաջին հրաշքը կատարել է Կանայի հարսանիքում՝ մոր բարեխոսությամբ: Հովհաննես 2.1-11։ Գալիլեայի Կանա քաղաքում հարսանիք կար. այնտեղ էին Հիսուսը, Տիրամայրը և Հիսուսի աշակերտները։ Երբ գինին վերջացավ, Տիրամայրն ասաց իր Որդուն, թե՝ գինի չունեն։ Հիսուսը պատասխանեց. «Ո՛վ կին, դու Ինձ հետ ի՞նչ գործ ունես. իմ ժամանակը դեռ չի հասել» Հովհաննես 2.4։
Ա.- Գրաբարն այսպես է՝ «կին դու»։ Հասարակ ընթերցողի համար մի փոքր զարմանալի է թվում, էլ չասենք տարօրինակ, որ մեկն այս ձևով է դիմում իր մորը, այն էլ հասարակության առաջ։ Այդ պատճառով էլ շատ բացատրություններ են գրվել՝ արդարացնելու համար նման դիմելաձևը։ 0րինակ, ասում են, թե հրեաների շրջանում մորը «կին» կոչելն ընդունված ձև էր։ Ոմանք էլ այս «կին» անվան մեջ նվաստացուցիչ բան են ցանկանում փնտրել։ Հիսուսի՝ Իր մորն «ով կին» ձևով կոչելու մեջ արտացոլվում է պարզ կին էակը, այլ ոչ թե մայրը՝ զգացական առումով։
Ինչպես որ ինքն էր Աստծո Որդի լինելով՝ իրեն կոչում «մարդու Որդի»: Մատթեոս 8.20 «սպասավոր», «ծառա» Ղուկաս 22.27։ Ինչպես որ Ինքն այս պարզությամբ պիտի լիովին գլուխ բերեր իր առաքելությունը, այնպես էլ Իր մորն էր կին դերի մեջ դնում։ Եթե սա հասկանանք, այլևս մեզ բավական կթվա այս կին կոչումը։
Բ.- «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես»: Հովհաննես 2.4։
Ահա մի նախադասություն, որն այնքան վիճաբանությունների դուռ է բացել։ Առաջին հայացքից, իրոք, մի փոքր անսովոր է հնչում, սակայն, երբ լավ ենք սերտում Քրիստոսի վարդապետության իմաստն ու ոգին, հասկանում ենք, որ, ընդհակառակը, սա մի խթան է՝ արծարծելու Տիրամոր հավատը, որի շնորհիվ Քրիստոսն իր առաջին հրաշքը պիտի գործեր։ Մեր Տեր Հիսուսը, երբ հրաշք պիտի կատարեր, նախևառաջ աղերսողի հավատն էր փնտրում և հետո միայն, եթե դիմացինը հավատալու կարողություն ուներ, կատարում էր Իր հրաշքը կամ բժշկությունը։ 0րինակ.երբ պետք է բժշկեր երկու կույրերին, հարցրեց նրանց. «Կարո՞ղ եմ այս բանն անել ձեզ։ Նրան ասացին՝ այո՛,Տե՛ր։ Այն ժամանակ դիպավ նրանց աչքերին և ասաց. «Թող ըստ ձեր հավատի լինի ձեզ։ Եվ նրանց աչքերը բացվեցին»:Մտթ 9.28
Այսպես փորձում էր մարդկանց հավատը և անցկացնում իր բովով՝ տեսնելու համար, թե նրանք իսկապե՞ս հավատում են Իր աստվածային զորությանը։ Ապա կատարում էր նրանց խնդրանքը, որպեսզի դա հետագայում ուրիշների համար օրինակ լիներ։ Հավատ դաստիարակելու մի ցայտուն օրինակ է քանանացի աղջկա բժշկումը: Մատթ.15.21 Քանանացի մի կին աղաչում էր Հիսուսին, որպեսզի տանը սաստիկ տառապող իր աղջկան ողորմի։ Հիսուսը նույնիսկ չպատասխանեց, մինչև որ աշակերտները խղճահարված չմիջամտեցին։ «Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ես չեկա ուրիշների համար, այլ միայն Իսրայելի տան կորուսյալ ոչխարների»։ Կինն այս անգամ ավելի մոտեցավ Հիսուսին և Նրան երկրպագելով՝ ասաց. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»։ Հիսուսը դարձյալ այլաբանորեն պատասխանեց. «Լավ չէ երեխաների հացը շների առաջ թափել»։ Կինը պատասխանեց. «Ճիշտ է, Տե՛ր, սակայն շներն էլ իրենց տիրոջ սեղանից թափված փշրանքներով են կերակրվում»։ Այդժամ Հիսուսն ասաց.
«Ո՛վ կին, մեծ է քո հավատը, թող քո ուզածի պես լինի»։ Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց»։ Ահա այս երեք օրինակները որոշ չափով կարող են լուսաբանել մեր Տիրոջ գործելակերպը, որը նախ հարցերով փորձում է մարդկանց հավատը և ապա միայն, եթե արժանի են, կատարում նրանց խնդրանքը։ Ուրեմն այդ նույն հավատի մեծությունը փնտրեց իր մոր մեջ, ոչ թե իբրև Իր մոր, այլ իբրև մի սովորական կնոջ։ Չեմ հասկանում, թե ինչպես են ոմանք սխալ ըմբռնելով՝ «հանդիմանություն» տեսնում այստեղ։ Եթե Հիսուսը հանդիմանած լիներ իր մորը, հնարավո՞ր է արդյոք, որ մի վայրկյան հետո կատարեր նրա խնդրանքը։ Խելքին մոտ բա՞ն է՝ հանդիմանել դիմացինին խնդրանքի համար և ապա անմիջապես կատարել նրա ուզածը։ Մենք գիտենք, թե Նա մի անգամ ինչպես հանդիմանեց Պետրոսին, երբ վերջինս «պատիվ անելով» վիճարկեց Տիրոջ չարչարանքների և խաչելության մասին կանխասացությունը՝ ասելով. «Քավ լիցի, Տե՛ր, այդ քեզ չի պատահի»։
Այդ ժամանակ Հիսուսն իսկապես հանդիմանեց նրան և, իհարկե, Պետրոսի փափագն այդպես էլ չիրականացավ: Ինչպես վերևում բերված օրինակներում տեսանք, ըստ էության, եղածը ոչ թե հանդիմանություն էր, այլ պարզապես ազդակ, որպեսզի երևան գար Տիրամոր հավատի զորությունը, և նա արժանանար Հիսուսի առաջին հրաշքը տեսնելու պատվին։
Ուրեմն՝ այնքան մեծ էր նրա մոր հավատը Որդու հանդեպ, որ առանց վայրկյան իսկ վարանելու պատվիրում է իր մոտ կանգնած սպասավորներին. «Ինչ որ ասի ձեզ՝ արեք»։ Այն ժամանակ Հիսուսն ասաց նրանց. «Այդ կարասները լցրեք ջրով», և լցրին։ Գոյացածն աշխարհի լավագույն գինին էր, որն էլ եղավ Քրիստոսի գործած առաջին հրաշքը։
Գ.-«Իմ ժամանակը դեռ չի հասել»: Հովհաննես 2:4։
Այստեղ էլ, անշուշտ, եթե լավ չըմբռնենք և չհասկանանք ասվածի էությունը, հակասություն պիտի տեսնենք։ Նախ՝ ասում է, թե Իմ ժամանակը դեռ չի եկել, ապա՝ անմիջապես ավելացնում է.«Լցրե՛ք այդ կարասները»։ Անշուշտ, այստեղ ոչ մի հակասություն էլ չկա, այլ պարզապես արտահայտվելու, խոսելու ոճ է։ Նմանատիպ խոսելաձևի ենք հանդիպում նաև հետևյալ օրինակներում։ Երբ հարություն առած Տերը հանդիպեց Էմմավուսի ճամփորդներին և, նրանց հետ խոսելով, «Մոտեցան այն գյուղին, ուր գնում էին նրանք, այնպես ցույց տվեց, թե իբր, ավելի հեռու տեղ պետք է գնա, բայց նրանք ստիպեցին Նրան և ասացին. «Մեզ մոտ մնա»։ Հիսուսն էլ մտավ նրանց հետ գիշերելու»: Ղուկաս 24.13-29։
Նմանատիպ մի այլ օրինակ ևս. Գալիլեայի լճի ալեկոծության ժամանակ Հիսուսը ջրի վրայով քայլելով եկավ Իր աշակերտների մոտ և ցանկանում էր նրանց կողքով կարծես թե անցնել-գնալ։ Սակայն աշակերտները ցանկացան Նրան նավակի մեջ առնել, և Նա էլ նրանց մոտ՝ նավակ բարձրացավ Մարկոս 6.46-50։ Այդ օրինակները պատկերավոր կերպով լուսաբանում և կրկնում են
«Իմ ժամանակը դեռ չի հասել» խոսքը։
Վաչե Ծայրագույն Վարդապետ Իգնատիոսյան
«Աստվածամայրը»