Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Հիշատակ մեռելոց. Քրիստոս Յարյաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի.
Գոհություն և փառք Աստծուն Իր պարգևած յուրաքանչյուր օրվա համար: Յուրաքանչյուր օրն այնպես ապրենք, որ մեր ննջելը չլինի կորուստ, այլ` շահ մեզ համար: Ապրենք Հարության մեծ հույսով:
ՄԵՌԵԼՈՑ
Այս անունն են կրում բոլոր ննջեցյալների հիշատակին նվիրված օրերը, որոնք հաջորդում են 5 տաղավար տոներին: Այդ օրերին եկեղեցիներում Պատարագ է մատուցվում, և կատարվում է հոգեհանգիստ բոլոր քրիստոնյա ննջեցյալների հոգիների փրկության համար: Մեռելոցին շատերն այցելում են իրենց հարազատների գերեզմանները՝ աղոթելու, խունկ ծխելու և գերեզմանօրհնեք կատարելու համար՝ իբրև վկայություն հոգու անմահության, հանդերձյալ կյանքի և համընդհանուր հարության հանդեպ քրիստոնեական հավատի:
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ
Այսպես է կոչվում ի Քրիստոս ննջած, այսինքն՝ քրիստոնեական հավատով ապրած և մահացած հոգիների համար կատարվող աղոթքի կարգը, որ սահմանված է ս. հայրերի կողմից: Ննջեցյալները չեն մոռացվում հավատացյալների աղոթքներում և խնդրվածքներում, որովհետև նրանց հոգիները կենդանի են ու շարունակում են Եկեղեցու անդամները մնալ երկնքում: Նրանց հիշատակը պահելը ոչ թե արտաքին հարգանքի տուրք է, ինչպես այդ արվում է աշխարհում, այլ՝ նրանց հետ անտեսանելի, սակայն իրական հաղորդակցության վկայություն: Հոգեհանգստյան աղոթքների միջոցով ննջեցյալ մերձավորի հոգու փրկության համար խնդրելով՝ քրիստոնյան արտահայտում է իր սերը նրա հանդեպ, ինչպես նաև ամրապնդում իր հավատը հանդերձյալ կյանքի նկատմամբ: Հոգեհանգստի արարողությունը սովորաբար կատարվում է Պատարագից հետո, սակայն անկախ է նրանից և կարող է կատարվել նաև այլ ժամանակ:
ԳԵՐԵԶՄԱՆՕՐՀՆԵՔ
Ըստ քրիստոնեական վարդապետության՝ մարդու մահը նրա հանդերձյալ կյանքի՝ հոգու երկնային ճամփորդության սկիզբն է, իսկ մարմնի ապականությունը՝ ժամանակավոր բաժանում հոգուց մինչև համընդհանուր հարության օրը: Քրիստոնյան հավատում է, որ տիեզերքի Արարիչը կարող է և պիտի հարություն տա բոլոր մարդկանց մարմիններին, ինչ աստիճանի ապականության կամ նույնիսկ ոչնչացման էլ դրանք ենթարկված լինեն: Այս պատճառով քրիստոնեությանը խորթ են մահացածի աճյունի հետ հոգեբանական կապվածությունը, նրա հանդեպ չափազանցված ուշադրությունը, այն զմռսելու, նրա հետ որոշակի իրեր թաղելու և այլ հեթանոսական սովորույթները, քանզի մահից հետո առավել կարևորվում է ոչ թե հանգուցյալի դիակի, այլ հոգու վիճակը և աղոթքը նրա փրկության համար:
Այնուհանդերձ, քրիստոնեությունը լրջագույն հարգանքով է վերաբերվում հանգուցյալի մասունքներին և թաղման ու գերեզմանօրհնեքի արարողությամբ արտահայտում է մահվան ու հարության հանդեպ իր հիմնական հոգևոր սկզբունքները: Գերեզմանն օրհնելով ու կնքելով՝ քահանան աղոթում է, որ այն մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը անշարժ մնա, ինչով էլ խորհրդանշում է հարության հավատը, իսկ ննջեցյալի հարազատների բնական սուգը լրացնում է հոգևոր հույսի պայծառությամբ: Քրիստոնեական խորհրդանիշներով կնքված և օրհնված գերեզմանը ոչ թե սոսկ հանգուցյալի կորուստը սգալու, այլ հոգևոր խորհրդածություններ արթնացնող նվիրագործված մի վայր է, որը մարդուն մղում է հավատով ու հույսով աղոթել ննջեցյալի փրկության համար: (Սրբազան Ավանդություն)