Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Ավագ Շաբաթ. Ճրագալույց. «Օրհնյալ է Նա, ով մարեց մեր պարտքերը, որ չէր վերցրել և դարձավ մեր պարտապանը»:
Այսօր Ավագ Շաբաթն է: Ճրագալույց է: Երեկոյան կարդացվում են Սուրբ Գրային հատվածներ, ընթերցվածքներ`մարգարեություններից, և ապա մատուցվում է Սուրբ Պատարագ: Զատկի Ճրագալույցի երեկոյան վերջանում է նաև Մեծ Պահքը: Աստծո առաջնորդությամբ և ողորմությամբ եկանք հասանք Մեծ պահքի և Ավագ Շաբաթվա հոգևոր ճամփորդության վերջին կանգառը: Ողջ ճամփորդության ընթացքում մենք անցանք բոլոր հանգրվանները` Բուն բարեկենդանի, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան, Ծաղկազարդի կիրակիների և Ավագ Շաբաթվա, որը վերաբերվում է մեր Տիրոջ կյանքի վերջին կատարվող իրադարձություններին: Մենք այս ճանապարհը անցանք երբեմն դժգոհելով, երբեմն ձանձրանալով, երբեմն ուրախանալով, երբեմն ընկնելով ու վեր կենալով, սակայն այնուամենայնիվ ինչ որ հոգևոր շնորհ ձեռք բերեցինք և փոքր ինչ հմտացանք չափավորության մեջ:
Քրիստոնյայի ողջ կյանքը խտացված` ներկայանում է մեծ Պահքի 48 օրերի մեջ, այդ 48 օրերը կարծես խտացված են Ավագ Շաբաթվա օրերի մեջ, իսկ ողջ Ավագ շաբաթը ամփոփվում է Ավագ Հինգշաբթի օրվա մեջ: Ավագ Հինգշաբթի օրն է, որ մենք որոշում ենք կայացնում մեր կյանքի համար` արթո՞ւն մնալ Գեթսեմանի պարտեզում, թե՞ քնել, քայլե՞լ խաչի ճանապարհով մինչև Գողգոթա Տիրոջ հետ, թե՞ դիտորդի դերում լինել միայն, մնա՞լ Խաչյալ Տեր Հիսուս Քրիստոսի ոտքերի տակ մինչև վերջ, թե՞ վախենալ կյանքի համար ու փախչել, ցնծա՞լ և ուրախանա՞լ Նրա Հարության հույսով, թե՞ լքել Նրան, ինչպես լքեցին աշակերտները, և ապրել առանց հարության հույսի` այս ժամանակավոր կյանքի համար միայն: Քրիստոնյայի պատասխանը միշտ պետք է հավատով լինի, հույսով և սիրով լցված, որպեսզի փորձության մեջ լինելիս, վստահ ասի. «Աշխարհի իշխանը ինձ վրա ոչ մի իշխանություն չունի, որովհետև իմ երկյուղը Տիրոջից է և իմ ապավենը իմ Տեր` Հիսուս Քրիստոսն է միայն»:
Ամեն տարի եկեղեցում սրբությամբ կրկնվող այս արարողությունները գալիս են սերունդներին ծանոթացնելու, դաստիարակելու, կրթելու և ավետարանական ճշմարտությունը բացահայտելու լուսավոր նպատակով: Քրիստոնյաներիս պարտքն է սրբությամբ հետևել դրանց, սրտով մասնակցել, բարի կամքով դառնալ դեպի Աստված, Ով բազկատարած սպասում է ընկած մարդու ոտքի կանգնելուն, մեղավորի ապաշխարությանը, մատնողի զղջումին, ուրացողի դառնապես լացելուն, հարվածողի սթափվելուն, վտանգի պահին փախչողի վերադարձին և այլն:
Մենք` քրիստոնյաներս, որ կրում ենք մեր Տիրոջ Պատվավոր անունը` մեծ պատասխանատվություն ունենք Նրա առջև զերծ մնալ այս անպատիվ անուններից, որոնց հանդիպեց աշխարհի Փրկիչը Իր Հանրային ծառայության երեք տարիներին: (Մատնող, ուրացող, թերահավատ, ապտակող, փշե պսակ դնող, լեղի քացախ տվող, ծաղրող, կողը խոցող, խաչը հանող) ստոր անունները թող քրիստոնյաներիցս հեռու լինի ավետարանական ճշմարտությունները կարդալով և զորավոր խոսքի ուժով:
Այսօր արդեն Ավագ Շաբաթն է: Մենք երկար տրտմությունից հետո անհամբեր սպասում ենք երեկոյան լսելու բարի Ավետիսը`
«Քրիստոս Հարեավ ի մեռելոց», և արժանի լինենք կանգնել Տիրոջ առջև և պարզ ճակատով ասել.
«Օրհնեալ է Հարությունը Հիսուս Քրիստոսի»:
Ապրենք մեր կյանքը այս Ավետիսի հույսով ու հավատով: Փառք Աստծուն` միշտ ու միշտ, մեր կյանքի բոլոր օրերում:
Post Views: 3,568