Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018
Ավագ Հինգշաբթի. Վերջին Ընթրիք, Ոտնլվայի կարգ.
Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ապաշխարողների արձակման կարգ նրանց համար, որոնք մասնակցել էին «մեղավորներին ապաշխարության կանչելու կանոնին» և պահք էին պահել :
Ավագ Հինգշաբթին Խորհրդավոր Ընթրիքի հաստատման հիշատակն է մեր Տիրոջ կողմից: Այս օրը եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվում և ցանկացողներին տրվում է Սուրբ Հաղորդություն: Նույն օրը երեկոյան կատարվում ոտնլվայի արարողությունը, հետևողությամբ Հիսուս Քրիստոսի ձեռքով Իր աշակերտների ոտքերը լվանալու արարողության: Հիսուս Իր աշակերտներին սիրո և խոնարհության գործնական օրինակ տալու համար լվաց նրանց ոտքերը: Գիշերը` կատարվում է Խավարման կարգ: Ավագ հինգշաբթի օրվանից սկսվում են եկեղեցական արարողությունները: Ամենից ավելի խճողված և հագեցած օրը Ավագ Հինգշաբթին է: Ոտնլվայի արարողությունը հանդիսավոր կերպով կատարվում է մանավանդ բարձրաստիճան հոգևորականի հանդիսապետությամբ և ձեռամբ: Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվում է օրհնված յուղը (կարագ) տուն տանելու համար: Խավարման արարողությունը նվիրված է Քրիստոսի մատնության, չարչարանքին և առավելաբար ծանոթ է Խավարում անունով: Արարողությունը սկսվում է երեկոյան, խորանի վրա հավասար չափով 12 մոմեր են վառում և մի հատ էլ մեծ մոմ դրվում է նրանց միջև: Արարողության ընթացքում Ավետարաններից կարդացվում են համապատասխան հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի Քրիստոսի Գեթսեմանի պարտեզում կատարված դեպքերը:
Յուրաքանչյուր անգամ Ավետարանը կարդալիս հանգցնում են յուրաքանչյուր կողմից մեկական մոմ, վերջում մնում է միայն մեջտեղինը: «Տեր Երկնից» շարականից հետո հանգցնում են եկեղեցու բոլոր լույսերը և ասվում է «Փառք ի բարձունս» ը: Մոմերը հանգցնելը խորհրդանշում է աշակերտների թողնելը և փախչելը, իսկ մեջտեղի մոմը խորհրդանշում է Քրիստոսին, որ մնացել է մենակ և անօգնական: Հազարավոր հավատացյալների համար Ավագ Հինգշաբթին իր ծանր խորհուրդներով ազդեցիկ և շրջադարձային նշանակություն է ունենում իրենց հավատքի կյանքում և երբեմն էլ հավատացյալները չեն ուզում լքել եկեղեցին, այնպիսի տպավորություն է կարծես թե դու էլ ես լքում Քրիստոսին:
Երանի Հիսուս Քրիստոսին չլքելու ցանկությունը և Նրա հետ հավիտյան մնալու անհրաժեշտության զգացողությունը հավերժ մնար մեզ հետ... Ամենքիս մաղթում եմ բարի կամք, առողջություն,
ցանկություն, այսօրվա բոլոր արարողություններին լիարժեք մասնակցելու համար, որոնք են` առավոտյան Ժամերգություն, ապաշխարողների արձակման կարգ, Սուրբ Պատարագ, կարագի օրհնություն, Ոտնլվայի կարգ, Խավարման կարգ: Մնանք մեր Տիրոջ չարչարանքներին մասնակից, և հաղթությանը հաղորդակից: Ավագ Հինգշաբթին ծանր է, պատասխանատու է, պարտավորեցնող է, յուրաքանչյուրս ենք պատասխանատու Քրիստոսի Խաչելության համար, եթե ոչ նախկինում, ապա այժմ, մեր ապրած կյանքով:
Սքանչելի Լույսի Աղբյուր, Դու, որ հանձն առար աշակերտների ոտքերը լվանալ, մաքրիր մեզնից խավարային խորհրդի մառախուղը, աղաչում ենք Քեզ:
Դու, որ այսօր Սուրբ Վերնատան մեջ Խորհրդի սեղան պատրաստեցիր և Սուրբ առաքյալներիդ անմահական բաժակից խմեցրիր, մաքրիր նաև մեր մտքերն ու խորհուրդները, որպեսզի այսօր մենք էլ սրբությամբ հաղորդվենք Քո Սուրբ Մարմնի և Արյան Հաղորդությանը, աղաչում ենք Քեզ:
Post Views: 6,847