Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018
Է. կիրակի. Ծաղկազարդ. «Եթե նրանք լռեն էլ, այդ քարերը կաղաղակեն».
Այս տոնը Հայ Եկեղեցում կոչվում է Ծաղկազարդ, քանի որ եկեղեցիներում օրհնվում և հավատացյալներին են բաժանվում ուռենու նորաբողբոջ ոստեր՝ ի հիշատակ և ի նմանություն Երուսաղեմում Քրիստոսին ծաղկած ճյուղերով դիմավորող ժողովրդի: Իսկ երեկոյան կատարվում է Դռնբացեքի խորհրդավոր արարողությունը՝ իբրև Տիրոջ ողորմության խորհրդանշական հայցում Նրա փրկարար չարչարանքներին, քանզի Ծաղկազարդով սկսվում է Ավագ շաբաթը: Բացենք մեր տաճարի դռները Տիրոջ առաջ, որ մաքրագործի... Գնանք ընդառաջ, միանանք Նրան, ու այլևս չբաժանվենք Նրանից ինչ էլ որ պատահի մեր կյանքում: Ղազարոսի հարության հաջորդ օրը Հիսուս Քրիստոս, նստած ավանակի վրա, մտավ Երուսաղեմ՝ Զատիկի տոնի նախօրեին այնտեղ հավաքված ժողովրդի ցնծագին աղաղակների ներքո: Նրա առջև մարդիկ գետնին էին սփռում իրենց զգեստները և ծառերի ծաղկած ճյուղեր: Այնքան մեծ էր այդ ցնծությունը, որ փարիսեցիները նախանձելով՝ Հիսուսից պահանջեցին լռեցնել նրանց: Սակայն Տերը պատասխանեց. «Եթե նրանք լռեն, քարերը կաղաղակեն»: Ղուկ.19:40 Իսկ Տիրոջ խոսքը. «Եթե նրանք լռեն էլ, այդ քարերը կաղաղակեն». քարեր` երանելի առաքյալների կարծր և հիմք դնող քարոզությանն է ասում. եթե այդ մանուկներին արգելեմ, ապա Պողոսը, Նիկոդեմոսը, Գամաղիելը և Կայիափան, որոնք դեռևս անպտուղ են, հավատի մեջ` քարի նման և հրեության մեջ` խիստ անպտուղ, սրանք պիտի խոստովանեն իմ մարդացած Աստվածությունը և բարձրաձայն պիտի բարբառեն իմ երկու` առաջին և երկրորդ գալստյան մասին:
Դարձյալ` «Այդ քարերը կաղաղակեն». պետք է իմանալ նաև, որ քարերը մարգարեներն են, որոնք օրենքի ժամանակ շինության հիմքեր հանդիսացան, և նրանց մարգարեական խոստովանությունը: Նրանք կանխապես գուշակելով բովանդակ տնօրինությունը` ապագայում եղողներիս գրով հիշատակ և անկողոպտելի գանձ թողեցին երկու հավատարիմ վկաներով` մարգարեական և ավետարանական աստվածաբանության գրքերով: Մեր Տերը թող տոնախմբողներիս նույնպես արժանի դարձնի նոր արքայությանը, քանզի Նրանն են փառքը և զորությունը հավիտյանս. Ամեն:
Զատկից մեկ շաբաթ առաջ Հիսուսն իր աշակերտների հետ մոտեցավ Երուսաղեմին: Երուսաղեմը այն քաղաքն էր, որտեղ պետք է տեղի ունենար ամենամեծ և ամենակարևոր իրադարձությունը: Ձիթենյաց լեռան մոտ Հիսուսը կանչեց աշակերտներից երկուսին և ուղարկեց Բեթփագե գյուղը: «Գնացե՛ք ձեր դիմաց գտնվող գյուղը,- ասաց Նա,- այնտեղ կապված մի ավանակ կտեսնեք, որի վրա ոչ մի մարդ դեռևս չի նստել, արձակեցե՛ք և բերե՛ք»: Ինչպես Հիսուսն ասաց աշակերտներին, նրանք այդպես էլ արեցին: Բերեցին ավանակը, վրան զգեստներ փռեցին, և Հիսուսը, վրան նստած, մտավ Երուսաղեմ: Նրան ցնծությամբ դիմավորեց ժողովուրդը. մարդիկ իրենց զգեստներն ու արմավենու ճյուղեր էին փռում Հիսուսի ոտքերի տակ և գոչում. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն, օրհնյա՜լ է Նա, ով գալիս է Տիրոջ անունով: Խաղաղությո՜ւն երկնքում և փա՜ռք բարձունքներում»:
Շատերն էլ տարակուսած հարցնում էին նրա մասին. «Ո՞վ է սա»: Իսկ նրան փառաբանողները պատասխանում էին. «Նա Հիսուս մարգարեն է՝ Գալիլեայի Նազարեթ քաղաքից»: Շատերն էլ վկայեցին, որ նա Ղազարոսին վերակենդանացրել է և զարմանալի հրաշքներ գործել: Այդ ժամանակ փարիսեցիներն իրար մեջ ասացին. «Տեսնո՞ւմ եք, որ ոչինչ անել չենք կարողանում, ողջ ժողովուրդը նրա հետևից է գնում»: Եվ, դառնալով Հիսուսին, ասացին. «Սաստի՛ր քո աշակերտներին, որ դադարեն փառաբանել քեզ»: Իսկ Հիսուսը նրանց պատասխանեց. «Ասում եմ ձեզ, որ եթե նրանք լռեն էլ, քարե’րը պիտի աղաղակեն»: Ծաղկազարդի տոնին Սուրբ Պատարագ է մատուցվում, և մանուկները, գնալով եկեղեցի, հատուկ օրհնություն են ստանում հոգևորականներից: Այդ օրը մարդիկ ուռենու բողբոջած ոստերն օրհնել են տալիս հոգևորականներին և տանում իրենց տուն: Ծաղկազարդի օրը եկեղեցիներն ու նրանց շրջակայքը գարնանային զանազան ծաղիկներով են զարդարվում, քանի որ ամենուր կարելի է տեսնել ծաղկավաճառների, որոնցից գարնանային ծաղիկների փնջեր գնելով՝ մարդիկ դրանք միմյանց են նվիրում:
Մամբրե Վերծանող.