Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018
Շաբաթ. Հիշատակ Ղազարոսի Հարության. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»:
Այսօր մեր եկեղեցին հիշատակում է Ղազարոսի հարությունը, որին հաջորդելու է Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ղազարոսը Մարիամի և Մարթայի եղբայրն էր,
իսկ մենք Ավետարանից գիտենք, որ մեր Տերը շատ էր սիրում Ղազարոսին և կապված էր այդ ընտանիքին: Այս մասին գրված է միայն Հովհաննեսի Ավետարանի 11 րդ գլխում: Ղազարոսին հարություն տալով Տերը մեզ նախապատրաստում է Իր չարչարանքներին ու հարությանը ականատես լինելուն, ուսուցանում է մեզ, որ կամավոր չարչարանքը և խաչ բարձրանալը տկարության նշան չէ, այլ հաղթանակի, և մարդը պետք է հաղորդ դառնա աստվածային բոլոր շնորհներին միայն կամավոր, միայն գիտակցաբար:
Աստծո առաջնորդությամբ անցանք քառասուն օրերի ճանապարհ և այդ դժվարին ու քարքարոտ ճանապարհն անցնելու նպատակը վեր է բոլոր դժվարություններից: Քառասուն օրերի ձեռք բերած փորձառությամբ պետք է հատենք սահմանը և մտնենք Աստծո Տիրույթ` Ավագ Շաբաթ, որտեղ մեր աչքով տեսնելու ենք Աստծո արարչագործության սկզբից մինչև գագաթնակետը, տեսնելու ենք
Աստված- մարդ հարաբերության մեջ Աստծո բարերարությունը և մարդու ապերախտությունը: Մեր Տիրոջ` Երուսաղեմ հաղթական մուտքով սկսվում է Ավագ Շաբաթը` իր Ավագ օրերի անուններով, ինչպես որ նախորդ կիրակիներն ունեին իրենց հատուկ անունները: Այդ հաղթական մուտքը Երուսաղեմ` կոչվում է Ծաղկազարդ: Բոլորիս համար սիրելի այդ տոնին մենք ուռենուց պատրաստված պսակներ ենք դնում մեր գլուխներին,կամ պահում ենք մեր ձեռքին: Այստեղ է, որ մենք պետք է արթուն լինենք, և գիտակցենք, որ ինչպես պսակն է մեր գլխին, այնպես էլ պետք է իմաստությունը որպես ուղեկից խնդրենք Տիրոջից, Իրեն հետևելու մինչև Գողգոթա` մինչև խաչելություն: Չմոռանանք, որ այդ պսակը պետք է պատվով պահենք, որպեսզի մեր գլուխը արժանի լինի այն կրելու նաև խաչելությունից հետո: Ի մտի ունենանք, որ Ծաղկազարդին` Տիրոջ հետևից գնացող բազմության մեջ էին ինչպես Նրան մատնողն ու ուրացողը, հարվածողն ու խաչը հանողը, այնպես էլ Նրա կողքից չհեռացողն ու փառաբանողը ու մինչև վերջ համբերողները, որոնք էլ հետագայում արժանացան Տիրոջից Պսակներ ստանալուն և կրելուն:
Հետևաբար մենք էլ պատասխանատու լինենք խորհրդաբար վերցրած մեր պսակների համար և ջանանք մինչև վերջ մեր գլուխը արժանի պահել այդ պսակի համար ի սեր Աստծո:
Մենք երբեմն Տերունական տոներին մասնակցում ենք ամենայն խանդավառությամբ, սակայն առանց պատասխանատվության: Այս տոները ամեն տարի կրկնվում են մեզ համար, որպեսզի հաջորդ տարին տարբերվի նախորդից իր հմտությամբ և հոգևոր ձեռքբերումով: Խնդրենք Աստծուց Իր առաջնորդությունը Ավագ Շաբաթվա բոլոր օրերի և առհասարակ մեր կյանքի ճշմարիտ ընթացքի համար:
Փառք ու պատիվ Ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն.
Post Views: 2,622