Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018
ԼԹ ՕՐ Մեծ Պահքի. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես»:
Մոտենում է ավարտը պահքի երանելի օրերի, եթե նպատակային ապրեցինք պահոց օրերը, ուրեմն առավել երանելի են սպասվող օրերը: Մի փոքր տեղեկություն էլ իմանանք մեղքերի խոստովանության մասին, վերցրած «Մեղայ Աստծոյ» գրքից: Ուրեմն՝ Տերն է, որ «կամենում է, որ ամենքը գան ապաշխարության» (Բ Պետ.3:9), այսինքն՝ զղջան իրենց մեղքերը, մաքրվեն նրանցից և իրենց կյանքն առաքինություններով պտղավետ դարձնեն։ Եկեղեցին որպես մեղքերից մաքրվելու ճանապարհ ցույց է տալիս խոստովանությունը, որով ենք թողություն գտնում մեր մեղքերին։ Աստված անշուշտ առանց մեր խոստովանության էլ ամեն բան գիտի, սակայն Ի՛նքն է պահանջում. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես» (Եսայի 43: 26)։
Հայտնի է, որ երբ մարդ վիշտ կամ ներքին խնդիրներ է ունենում, որոնք տանջում են նրա հոգին, կարիք է ունենում իր ներքին անցուդարձի մասին որևէ մեկին պատմելու։ Սա տեղի է ունենում, օրինակ, այնժամ, երբ հիվանդը դիմում է հոգեբանին՝պատմելով նրան իր անհանգստություններն ու ներքին խնդիրները։ Մեղքը նույնպես «խնդիր» է, ցավ և հիվանդություն, ինչպես վկայում է նաև մեր Տերը՝ Իրեն բժիշկ, իսկ մեղավորներին հիվանդ կոչելով։ Ուստի կարիք կա այս ցավը բացահայտելու։ Մեղքը թաքցնելը միայն է՛լ առավել է հիվանդացնում մարդու հոգին, ինչն էլ ի վերջո կարող է պատճառ դառնալ նրա մահվան՝ հավիտենական կյանքից զրկման։ Այս տեսանկյունից դիտելիս՝ակնհայտ է դառնում մեղքի խոստովանության կարևորությունը։ Զղջացող մարդը նախ դիմում է Տիրոջը, իր հանցանքը կամ հանցանքները խոստովանում Նրան ու թողություն հայցում՝մեղքն այլևս չկրկնելու որոշմամբ, որն իրագործելու համար Տիրոջից օգնություն է խնդրում՝ գիտենալով իր տկարությունը։ Քահանայի առաջ կատարված այսպիսի խոստովանությունը կոչվում է անհատական խոստովանություն։ Մեղքեր արձակելու այս իշխանությունը քահանաներին, որոնք ձեռնադրության ու օծման միջոցով առաքյալների իրավահաջորդն են, տրված է Տեր Հիսուսից՝ համաձայն Նրա խոսքի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում» (Մատթ. ԺԸ 18)։ Խոստովանության ու մեղքերի արձակման միջոցով թողության արժանացած, այսինքն՝ մեղքերից մաքրված մարդն է միայն, որ իրավունք ունի ճաշակելու Տեր Հիսուսի Քրիստոսի մաքրամաքուր Մարմինն ու Արյունը՝ Սուրբ. Հաղորդությունը՝ Տիրոջ հետ միավորվելու և հոգևոր կյանքում զորանալու համար, քանի որ Սրբությանը պետք է սրբությամբ մոտենալ։
Փառք Աստծուն Իր կատարյալ բարիքների համար:
Սաղմոս 30
Հույսս դրի Քեզ վրա, Տե՛ր, թող հավետ ամոթով չմնամ. Քո արդարությամբ փրկի՛ր և ազատի՛ր ինձ:Դեպի ինձ խոնարհիր ականջը Քո, փութա՛ ինձ պաշտպանելու:
Եղի՛ր իմ պահապանը, Աստվա՛ծ, և իմ փրկության ապաստարանը, քանզի իմ ուժն ու ապավենն ես Դու:
Քո անվան համար ինձ առաջնորդ եղար և սնուցեցիր ինձ. ինձ կհանես այն որոգայթից, որ լարեցին իմ դեմ:
Դու ես պաշտպանն իմ, Տե՛ր, և Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին:
Post Views: 2,428