Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018 – Hogevor qarozner 2018
ԻԶ Օր մեծ Պահք. Նայի՛ր քեզ, Աստծուն տեսնելու համար. Նայի՛ր քեզ:
Խոնարհ ու անծանոթ ընտանիքի՞ց ես սերում, աղքատների մեջ ամենաաղքա՞տն ես, անտուն, հայրենազուրկ, հիվանդ, նվազագույն անհրաժեշտից զուրկ, հզորների առաջ դողացող, ոլորից սարսափող՝ կյանքիդ աղքատության պատճառով:
Գրված է. «Աղքատը սպառնալիքներ չի լսում»: Անձդ մի՛ լքիր, ուրեմն, հուսահատության գրկում, որովհետև չունես այս կյանքում նախանձի առարկա հանդիսացող ոչինչ, մի՛ զրկիր հոգիդ բարի հույսից, այլ՝ խրախուսիր հոգիդ խորհրդածելու այն բարիքների մասին, որոնք Աստված արդեն պարգևել է քեզ անցյալում, և այն մյուս բարիքների մասին, որոնք խոստման համաձայն վերապահել է գալիք ժամանակների համար:
Իսկ ամեն ինչից ավելի հիշիր, որ մարդ ես, կենդանի արարածների մեջ միակը, որին Աստված Ինքն է ստեղծել: Իմաստուն մարդու համար մի՞թե բավական չէ ամեն ինչի Արարիչ Աստծո ձեռքերում կաղապարված լինելու պարագան, որպեսզի ունենա բերկրանքն ի վերուստ:
Արարչի պատկերով ստեղծված լինելդ, ապա, քեզ հնարավորություն է տալիս բարությամբ ապրված կյանքի շնորհիվ բարձրանալու մինչև հրեշտակային փառքերը:
Ստացել ես բանական հոգի, որի միջոցով ըմբռնում ես Աստծուն, մտքով հայում ես գոյությունների էությանը, քաղում ես իմաստության քաղցրիկ պտուղը: Երկրային բոլոր կենդանիները, թե՛ ընտանիները և թե՛ վայրիները, բոլոր նրանք, որ ապրում են ջրերում և բոլոր նրանք, որ սավառնում են օդում, քեզ են ծառայում, ենթակա են քեզ: Մի՞թե դու չես, որ հորինել ես արվեստները, որ կառուցել ես քաղաքներ և ստեղծել ես այն ամենն, ինչը որ ծառայում է կարիքներիդ ու վայելքիդ: Բանականությանդ շնորհիվ մի՞թե չես սովորել ակոսել ծովերը:
Երկիրն ու ծովը մի՞թե կյանքիդ ծառաները չեն: Օդը, երկինքը, աստղերի խմբերը մի՞թե չեն հայտնում իրենց կարգն ու կանոնը: Ինչո՞ւ ես ուրեմն տրտմում, եթե արծաթյա երասանակներով նժույգներ չունես: Ունես արևը, որն իր արագ վազքով լուսավորում է քեզ ամբողջ օրվա ընթացքում: Չունես արծաթյա կամ ոսկյա ջահեր, բայց ունես լուսինը, որը գլխավերևումդ փայլում է անսահման լույսով:
Չես ճամփորդում ոսկեզօծ կառքերով, բայց որպես փոխադրամիջոց ունես ոտքերդ, որոնք բնականաբար քոնն են: Ինչո՞ւ ես երանելի համարում նրանց, որոնց գրպանները լիքն են, բայց ուրիշների ոտքերի կարիքն ունեն շարժվելու համար: Փղոսկրյա անկողնու վրա չես հանգստանում, բայց ունես հողը, որն աշխարհիս ամբողջ փղոսկրից ավելի թանկ է և պարգևում է քեզ քաղցր հանգիստ, արագ և մտատանջումներից զերծ քուն:
Ոսկեզօծ առաստաղի ներքո չես հանգստանում, բայց ունես երկինքը, որ կայծկլտում է աստղերի անասելի գեղեցկությամբ:
Սրանք մարդկային բարիքներ են, բայց կա է՛լ ավելի մեծ մի բան: Քո համար Աստված եկավ մարդկանց մեջ, քո համար Հոգին բաշխեց Իր պարգևները, քո համար մահը վերացվեց, քո համար է հարության հույսը, քո համար են աստվածային պատվիրանները, որոնք կյանքդ դարձնում են կատարյալ և քեզ առաջնորդում են դեպի Աստված տանող շավիղներում, քո համար է նախապատրաստված Երկնքի Արքայությունը, քո համար են պատրաստված արդարության դափնեպսակները, եթե առաքինության պահանջած ջանքի առաջ ետ չես ընկրկում:
Բոլոր կենդանի էակների մեջ միմիայն մարդուն է տվել ուղղահայաց դիրք, որպեսզի ձևիցդ անգամ ըմբռնես, որ կյանքդ ընտանություն ունի վերին իրողությունների հետ:
Բոլոր չորքոտանիները կքված են որովայնի վրա, մինչ մարդու հայացքն ուղղված է դեպի երկինք, որպեսզի չնվիրվի որովայնի ու նրա կրքերի ծառայությանը, այլ՝ դեպի վեր ուղղի իր բոլոր փափաքները:
Նայի՛ր քեզ, ուրեմն, Աստծուն տեսնելու և ճանաչելու համար, որին վայել է փառք և զորություն հավիտյանս: Ամեն: Եվ դու էլ կբացականչես Մարգարեի հետ. «Իմ համար սքանչելի է Քեզ ճանաչելը»:
Սբ. Բարսեղ Կեսարացի «Նայիր քեզ» 6-րդ ճառից
Հոգևոր քարոզներ 2018 – Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Post Views: 2,992