Մեղքը. Ահա, թե ինչու է սատանան փորձության ենթարկում մարդուն.

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Հոգևոր քարոզներ 2018

Մեղքը. Ահա, թե ինչու է սատանան փորձության ենթարկում մարդուն.
Ըստ Աստվածաշնչի՝ Աստված արարչագործության վեցերորդ օրը հողից ստեղծեց առաջին մարդուն՝ Ադամին, Իր պատկերով ու նմանությամբ1։ Եվ քանի որ Աստված Ինքն աննյութ է և չունի նյութական պատկեր, ապա, ինչպես բացատրում են Եկեղեցու հայրերը, Ադամի ոչ թե հողաշեն մարմինը, այլ հոգին էր, որ ուներ աստվածային պատկերը, այսինքն՝ բնությամբ բարի էր, ազատ ու ինքնիշխան, ուներ նաև այլ արարածների վրա իշխելու կարողություն, մաքուր էր, չուներ որևէ արատ, թերություն կամ այն, ինչ կոչվում է ՄԵՂՔ։
Ադամը բնակվում էր դրախտի երանության մեջ Աստծո հետ միասին՝ Նրա ձայնը լսելով, Նրա հետ խոսակցելով։ Աստված առաջին մարդուն օժտել էր ազատ կամքով, այսինքն՝ իր մտքերի, ցանկությունների ու արարքների մեջ անբռնադատ ու կամավոր ընտրության ազատ իրավունքով, որը նույնպես աստվածային պատկերի անհրաժեշտ ու էական տարրն էր։ Ինչպես Հայ Եկեղեցու մեծանուն սրբերից Գրիգոր Տաթևացին է ասում, ինքնիշխան կամքը մարդու գլխին Աստծո դրած թագն էր։ Աստծուն նման լինելով՝ Ադամն Աստծո որդին էր։ Հետո Ադամի կողից ստեղծվեց նրա ընկերն ու օգնականը՝ Եվան, և նրանք Աստծո սիրո մեջ և Աստծո հետ հաշտ ապրում էին՝ լուսեղեն աննյութական զգեստ հագած, ինչպես ասում է եկեղեցական ավանդությունը, մինչև օձի կերպարանքով հայտնվեց փորձիչը՝ սատանան։ Այստեղ մի պահ կանգ առնենք՝ ներկայացնելու համար Եկեղեցու վարդապետությունը, այսինքն՝ ուսմունքը, սատանայի սկզբնավորության մասին։
Նախքան այս երկիրն ու երկինքը և մարդուն ստեղծելը, Արարիչ Աստված արդեն ստեղծել էր հոգեղեն ու անմարմին, հրեղեն ու լուսավոր բազմաբյուր հրեշտակային էակներին՝ Իրեն մշտապես փառաբանելու և ծառայելու համար, և նրանց բնակեցրել մեր այս նյութական ու տեսանելի երկնքից տարբեր մի երկնքում։ Թեև սպասավոր հոգիներ են հրեշտակները, սակայն ո՛չ ստրուկ, քանզի Արարիչը նրանց նույնպես օժտել է ազատ կամքով, և նրանք ծառայում ու փառաբանում են իրենց Ստեղծչին կամովին՝ միայն Նրա հանդեպ սիրուց մղված։ Եվ ահա նրանցից ամենագեղեցիկն ու փառավորը՝ «Անդրանիկը» հրեշտակների մեջ, Աստծուց իրեն տրված փառքը սակավ համարելով, Աստծո հանդեպ նախանձով լցվեց և Նրանից իրեն շնորհված ազատությունը շահագործելով՝ կամեցավ Նրա տեղը գրավել՝ աստված դառնալ։ Այս նպատակով իր շուրջ համախմբեց բազմահազար ուրիշ հրեշտակների և Արարչի դեմ ապստամբեց։ Ապստամբների դեմ ելավ Աստծուն հավատարիմ հրեշտակների մի բանակ՝ Միքայել հրեշտակապետի գլխավորությամբ, և ապստամբներին պարտության մատնելով՝ նրանց իրենց առաջնորդ հրեշտակով հանդերձ արտաքսեց աննյութական երկնքից՝ այնտեղից վայր գցելով։
Ընկած հրեշտակը սատանան էր (որ եբրայերեն հակառակորդ է նշանակում), և նրա զորքը՝ դևերը, որոնց քանակն, ըստ Հայտ. 12:4-ի մեկնության, կազմում է բոլոր հրեշտակների շուրջ մեկ երրորդը։ Այսպիսին է սատանայի ու դևերի առաջացման մասին պատմող ու Աստվածաշնչի վրա հիմնված ավանդությունը, որը գալով նախաքրիստոնեական ժամանակներից՝ որդեգրվել է Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու կողմից։ Ահա նա, ով առաջինը մեղանչեց իր Արարչի դեմ և հավիտենապես տարագրվեց Նրանից, նա, ով ինքն էր ուզում առաջինը լինել Աստծո բոլոր արարածների մեջ, տեսնում է, որ Աստված մի նոր, հրեշտակներից առավել փառավոր արարած է ստեղծել՝ Մարդուն, քանզի Աստված ոչ մի հրեշտակային էակի Իր պատկերը չի շնորհել և որդիության պատվի արժանացրել է միայն մարդուն։ Ընկած
հրեշտակը՝ սատանան, որ երբեմնի բարի հրեշտակից վերածվել էր չարի, չհանդուրժելով այս նոր արարածի պատիվը, փառքը և այն սերը, որ նա վայելում էր Արարչից, որոշում է նրան ևս զրկել այդ ամենից։ Ինքն անմարմին լինելով՝ մտնում է օձի մեջ և վերջինիս կերպարանքով մոտենալով Եվային ու խաբելով նրան՝ նրա սրտում ևս սերմանում է առանց Աստծո աստվածանալու փափագը։ Քանի որ աստվածաշնչյան այս պատմության մանրամասներին ամեն ոք կարող է «Ծննդոց» գրքից տեղեկանալ, նշենք միայն, որ նախաստեղծ մարդիկ՝ նախ Եվան, ապա վերջինիս միջոցով՝ նաև Ադամը, չարի սադրանքին ենթարկվելով, անտեսում են Ստեղծչի պատվերը, նախընտրում հավատալ Օձին, քան Ստեղծչին, այսպիսով անհնազանդ գտնվում Նրան՝ գործելով իրենց և ողջ մարդկության առաջին մեղքը, որ կոչվում է ադամական կամ սկզբնական մեղք։ Ըստ Քրիստոնեական Եկեղեցու ուսմունքի՝ ադամական մեղքը սերնդեսերունդ փոխանցվում է բոլոր մարդկանց, քանզի ամենքս էլ Ադամի որդիներն ենք. յուրաքանչյուր ադամորդի ծնվում է այս մեղքով, և այն մաքրվում է միայն Մկրտության ժամանակ՝ Սուրբ Հոգու զորությամբ։
«Մեղա Աստծո» գրքի` «ՄԵՂՔԸ» բաժնից

Օրվա ընթերցվածք.

Հակոբոս առաքյալի թուղթը 5.1-11
Ուրեմն այժմ, հարուստնե՛ր, լացէ՛ք եւ ողբացէ՛ք այն թշուառութիւնների համար, որ գալու են ձեր գլխին. որովհետեւ ձեր հարստութիւնը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, եւ ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. եւ նրանց ժանգը ձեր դէմ որպէս վկայութիւն պիտի լինի եւ պիտի ուտի ձեր մարմինը, ինչպէս կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցէք: Ահաւասիկ, ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մօտ պահեցիք. ձեր կողմից զրկուածն աղաղակում է, եւ հնձուորների բողոքը հասաւ Ամենակալ Տիրոջ ականջին: Մեղկ կեանքով ապրեցիք երկրի վրայ եւ շուայտացաք ու ձեր սրտերը պարարտացրիք մորթուելու օրուայ համար: Զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում: Եղբայրնե՛ր իմ, համբերո՛ղ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը: Մշակն ահա համբերութեամբ սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ ստանայ առաջին եւ վերջին անձրեւը: Համբերեցէ՛ք եւ դուք, ամրացրէ՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մօտեցել է: Մի՛ տրտմեցրէք միմեանց, եղբայրնե՛ր, որպէսզի չդատուէք: Ահաւասիկ, Դատաւորը դռանն է: Եղբայրնե՛ր, չարչարանքների եւ համբերութեան որպէս օրինակ ունեցէք մարգարէներին, որոնք խօսեցին Տիրոջ անունով: Ահա երանի ենք տալիս համբերողներին: Լսել էք Յոբի համբերութեան մասին եւ տեսել, ինչ որ Տէրը նրան արեց վերջում, քանի որ Տէրը բազմագութ է եւ ողորմած: