ԻԵ Օր. Մեծ Պահք «Քննիր ինքդ քեզ, իմանալու համար, թե ո՞վ ես»: hogevor qarozner հոգևոր քարոզներ

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Հոգևոր քարոզներ 2018 – Hogevor qarozner 2018

ԻԵ Օր. Մեծ Պահք «Քննիր ինքդ քեզ, իմանալու համար, թե ո՞վ ես»:
Այս պատվիրանն օգտակար է տկարների և չկարծածից ավելի նպաստավոր է զորեղների համար: Բժիշկներն հիվանդներին պատվիրում են հսկել սեփական անձանց վրա և զանց չառնել ոչ մի բան, որ կարող է նպաստել խնամքին: Նմանապես նաև Խոսքը, բժիշկը մեր հոգիների, այս փոքրիկ օգնությամբ բժշկում է մեղքերով հիվանդացած հոգին: Հսկիր, ուրեմն, քո վրա, որպեսզի այս փրկարար խնամքներից ստանալ կարողանաս մոլորումիդ համապատասխան դարմանը: Մեծ և ծա՞նր է մեղքը: Կարիքն ունես լուրջ խոստովանանքի, դառն արցունքների, քնի զոհողության, անդադար պահքի: Եթե անկումը թեթև է, նվազ ծանր, թող նրան համապատասխան լինի նաև ապաշխարությունը: Միայն թե հսկիր քո վրա, իմանալու համար, թե հոգիդ քաջառո՞ղջ է կամ հիվանդ: Շատերն իրենց ծուլության պատճառով վարաքվում են ծանր ու անբուժելի հիվանդություններով, բայց ո՛չ էլ գիտակից են իրենց հիվանդագին վիճակին: Այս պատվիրանի օգտակարությունը մեծ է նաև զորեղների համար, որպես առաջնորդ նրանց վարքի, քանի որ բժշկում է հիվանդներին և դեպի կատարելություն է առաջնորդում առողջներին:
Մեզնից՝ Խոսքի աշակերտներիցս յուրաքանչյուրը զբաղվում է Ավետարանի կողմից պատվիրված գործերից մեկով: Այս մեծ տան մեջ, որ է Եկեղեցին, ո՛չ միայն կան ամեն տեսակի անոթներ՝ ոսկյա, արծաթյա, փայտե կամ կավե, այլ՝ կան նաև բազմատեսակ արվեստներ: Աստծո տան մեջ, հիրավի, որ է կենդանի Աստծո Եկեղեցին, կան որսորդներ, ճանապարհորդներ, ճարտարապետներ, պատշարներ, հողագործներ, հովիվներ, մարմնամարզիկներ, զինվորներ: Մեր կողմից քննարկվող այս փոքրիկ պատվիրանը վավերական է նրանցից յուրաքանչյուրի համար, յուրաքանչյուրին ներշնչելով ճշգրտություն աշխատանքի մեջ և հոգատարություն սեփական պարտականություններում:
Դու, որսորդ, առաքված ես Տիրոջ կողմից, որն ասում է. «Ահա ուղարկում եմ բազում որսորդներ, որոնք որսալու են նրանց բոլոր սարերի գագաթներից»: Հսկիր ջանասիրությամբ, ուրեմն, եթե չես ուզում, որ որսը խույս տա քեզնից. ճշմարտության խոսքով ձգելով նրանց, ովքեր չարիքի պատճառով վայրի էին դարձել, առաջնորդիր դեպի Նա, ով փրկում է: Դու, ճանապարհորդ, նմանվում ես նրան, ով աղոթում էր. «Ուղղիր ընթացքս»: Հսկիր քո վրա, որպեսզի չկորցնես ճանապարհը, որպեսզի չշեղվես աջ կամ ձախ. քայլիր թագավորական արահետներով: Ճարտարապետը կառուցում է հավատքի ամրակուռ հիմքի վրա, որն է Քրիստոս Հիսուսը: Ով կառուցում է, թող ուշադիր լինի, թե ինչո՛վ է կառուցում. փայտով, ծղոտով, հարդով, կամ էլ՝ ոսկիով, արծաթով, թանկարժեք քարերով:
Հովիվը թող հսկի՝ զանց չառնելու համար իր պարտականություններից որևէ մեկը: Որո՞նք են այդ պարտականությունները: Վերագտնել մոլորված ոչխարին, բժշկել վերքերը, խնամել հիվանդությունները: Իսկ դու, հողագործ, փորիր ամուլ թզենու չորս բոլորը և պարարտացրու հողը, որպեսզի տվածդ օգնության շնորհիվ կարող լինի պտղաբերելու: Իսկ դու, զինվոր, հանձն առ տառապանքներն Ավետարանի պատճառով, մղիր բարի պատերազմն ընդդեմ չարության ոգիների և մարմնի կրքերի, Հոգու սպառազինությամբ զգեստավորվիր: Աշխարհական անցուդարձերին մի՛ խառնվիր, որպեսզի հաճո լինես քեզ զինվորագրողին: Մարզիկ, հսկիր քո վրա, որպեսզի չխախտես մարզվելու կանոններից ոչ մեկը: Ոչ ոք դափնեպսակ չի ստանում, եթե չի մարտնչում ըստ կանոնների: Պողոսին նմանվիր վազքում, մենամարտում, ըմբշամարտում, և որպես հմուտ մարզիկ՝ հոգուդ հայացքը զերծ պահիր ցրումներից: Բազուկներդ տարածելով, պաշտպանիր կենսական անդամներդ. աչքդ թող նշանառության ներքո պահի թշնամուն: Վազքի ժամանակ նայիր Նրան, ով առջևումդ է. վազիր, որպեսզի հասնես: Մենամարտի մեջ պայքարիր ընդդեմ աներևույթ հակառակորդների: Խոսքը կամենում է, որ դու այսպես վարվես քո ամբողջ կյանքի ընթացքում, առանց սայթաքելու, առանց ննջելու, այլ անձիդ վրա ժուժկալությամբ ու արթնությամբ հսկելով:
Հսկիր ինքդ քո վրա, ուրեմն. հսկիր, այսինքն, ո՛չ թե այն բանի վրա, որ քոնն է, կամ այն բաների վրա, որոնք շուրջբոլորդ են, այլ միմիայն քո վրա: Ա՛յլ բան ենք մենք, ա՛յլ բան է այն, ինչը մեզ է պատկանում, և ա՛յլ բաներ են, որ շրջապատում են մեզ:
Բարսեղ Կեսարացի «Նայիր քեզ» ճառից (մաս 4)

 

 

 

Հոգևոր քարոզներ 2018 – Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018