Բ օր Մեծ Պահք.

hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Բ օր Մեծ Պահք.
Տե՛ս, Տե՛ր, իմ տառապանքները և բազմամեղ հոգուս ցավերը, դարձի՛ր, ների՛ր և դեպի Քե՛զ առաջնորդիր, ինչպես որ ասացիր. «Դարձե՛ք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի ձեզ»:

Շնորհակալ ենք Աստծուն, երեկվա համար, որ հաղթահարեցինք և արժանացանք մտնել պահքի հաջորդ դռնից: Ամեն օր մեր անձնական աղոթքին ավելացնեք ևս մեկ աղոթք բոլոր պահք պահողների համար, աղոթենք միմյանց համար, քանի որ բոլորիս նպատակը մեկն է`ապաշխարության ընթացքում քննել սեփական անձը անաչառ ձևով, որովհետև յուրաքանչյուրս հստակ գիտենք մեր թուլություններն ու մոլությունները: Սակայն կա մի մեղք, որը կարծես համընդհանուր լինի, բոլորիս մոտ նկատվող: Ի՞նչ ենք մտածում, երբ լսում ենք «հնազանդվել» բառը:
Հնազանդվում ենք այն կանոններն, որոնց չհնազանդվելու դեպքում կվնասվի մեր մարմինը: Սակայն չենք հնազանդվում այն կանոններին, որոնց չհնազանդվելու դեպքում կվնասվի մեր հոգին: Մենք միանշանակ հնազանդվում ենք մի շարք երևույթների, որոնք մեր կենցաղի մաս են կազմում: Օրինակ` երթևեկության նշանները, դեղերի ցուցումները և այլն, որոնց չհնազանդվել անկարելի է, իսկ ինչո՞ւ չենք կարողանում հնազանդվել Աստծո տված ցուցումներին` մեր հոգու համար, մեր խաղաղության համար: Չէ՞ որ մենք գիտենք, որ Աստծու խոսքը լսել և չհնազանդվելը հավասարազոր է մահվան: Ավետարանական պատգամները փորձում ենք ընկալել այնպես, ինչպես որ մեզ է հարմար: Մենք ցանկանում ենք բողոքել Աստծուն կամ պաշտպանել մեր սեփական բարյացակամությունը: Մենք մոռանում ենք, որ Աստված ստեղծել է մեզ իբրև մարդ՝ ազատ կամքով, և ոչ թե ռոբոտ, որը պետք է անի այն, ինչ թելադրում են իրեն: Մեր ազատության մեջ մենք հաճախ անտեսում ենք Աստծուն: Մենք նախընտրում ենք Նրան չհնազանդվելը կամ չենք լսում, թե ի՞նչ է Նա ասում մեզ: Դրա հետևանքով ամբողջ աշխարհը դառնում է շատ դժվար վայր ապրելու համար, և վատ բաներ են պատահում մեր շուրջը, նույնիսկ նրանց հետ, ովքեր «արժանի» չէին դրանց: Սակայն Աստծո սերն այնքան մեծ է, որ չի կամենում թողնել իր ժողովրդին շարունակ տառապանքների մեջ, ուր հայտնվել են իրենց սեփական մեղքերի և անհնազանդության պատճառով: Քննության դնենք մեր անհնազանդության փաստը և փորձենք հասկանալ դրանից եկող վտանգները մեր կյանքի մեջ: Իսկ սաղմոսերգումն ասում է.
«Մարդը պատիւ ունէր` եւ չհասկացաւ, հաւասարուեց անբան անասուններին ու նմանուեց նրանց»: (Սաղմոս 48.13)