Հայ եկեղեցու տոները բաժանվում են երեք խմբի. տերունական, սրբոց հիշատակի և պահոց օրեր։ Տերունական են համարվում Քրիստոսի տնօրինությունները, Սբ. Կույսին վերաբերող հիշատակումները։ Սրբոց են համարվում այն օրերը, երբ հիշում ենք սուրբ կյանքով ապրած կամ Քրիստոսի անվան համար նահատակված անձանց։
Պահոց օրերը զղջումի, աղոթքի և հոգևոր կյանքի առաջադիմությանը նվիրված օրերն են։ Այդ օրերին հեռու պահելով զգայական ու մարմնական հաճույքներից ու վայելքներից ջանում ենք հոգևորապես զորանալ։
ա) Ծնունդ և Աստվածահայտնություն. Աստվածահայտնություն նշանակում է Աստուծո հայտնվելը։ Հիսուս Քրիստոսի աստվածահայտնությունը բովանդակում է ոչ միայն Նրա Ծնունդը, այլ նաև Մկրտությունը և այլն։ Այս պատճառով Փրկչի Ծնունդն ու Մկրտությունը (շաբաթվա որ օրն էլ պատահի) մեր Եկեղեցում տոնախմբվում են միասին, հունվարի 6-ին՝ համաձայն քրիստոնեական Եկեղեցու վաղեմի ավանդության։ Ծննդյան տոնի առավոտյան, սուրբ Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որ հիշատակն է Հիսուս Քրիստոսի՝ Հորդանանում Հովհաննես Մկրտչի ձեռքով Մկրտության։
բ) Տոն Անվանակոչության. ըստ Տոնացույցի՝ «Տոն Հայտնության և թլփատության», որ կատարվում է հունվարի 13-ին, այսինքն՝ Ծնունդից ութ օր հետո։ Հրեաները թլփատությունը կատարում էին մանկան ծնվելուց ութ օր հետո։ Ըստ Ավետարանի՝ Հիսուս Մանկանն թլփատեցին։ Հայաստանյայց Եկեղեցում էլ փոքրիկները մկրտվում են իրենց ծննդյան ութերորդ օրը։ Մեր Եկեղեցում Ծնունդն ութօրյա մի տոն է, որ ավարտվում է Անվանակոչության տոնով։ Եվ այդ ութօրյա ժամանակահատվածում, ըստ հնավանդ սովորության, քահանան կամ համայնքի հովիվը այցելում է տները և կատարում տնօրհնեք:
գ) Տյառնընդառաջ. Հիսուս Քրիստոսի ծնունդից 40 օր հետո Նրան տաճարի մեջ Աստծուն նվիրելու կամ ընծայելու տոնն է, որ լինում է փետրվարի 14-ին (տե՛ս Ղուկ. Բ 23-40)։
Ծնվելուց 40 օր հետո մանուկներին տաճար տանելու և Աստծուն նվիրելու սովորությունը քրիստոնեական Եկեղեցում էլ մնաց։ Այս է պատճառը, որ հայ մայրերը որդեծնությունից հետո 40 օր հանգստանում են տանը, իսկ քառասունքի վերջին օրը, իրենց մանկանը գրկած, գնում են եկեղեցի և հատուկ արարողությամբ նրան նվիրում Աստծուն։ Այդ գեղեցիկ արարողությունը կոչվում է Քառասունք։
Ջերմեռանդ մայրերը Տյառնընդառաջի տոնին իրենց փոքրիկներին, եթե Ծննդյան տոնից փոքր-ինչ առաջ կամ հետո են ծնվել նրանք, տանում են եկեղեցի՝ Հիսուս Մանկան ընծայման հիշատակին հաղորդակից դարձնելու համար։ Հայ քրիստոնյա ընտանիքներում քրիստոնեական զգացումով որքա՜ն լեցուն երևույթ է սա. մանկուց նվիրվել Աստծուն և ապրել ու աճել կրոնի սրբությամբ։
Տյառնընդառաջը ժողովրդական լեզվում դարձել է Տերընտաս, Տրնդեզ, ասվում է նաև Մելետ։ Կարծվում է, թե հին մի տոնի՝ Միհրականության տեղն է հաստատվել Տյառնընդառաջը, քանի որ խարույկ վառելու սովորությունը մնացել է, թեև Եկեղեցին այն փոխարինել է մոմավառությամբ կամ ջահավառությամբ։ Այնպես որ, այդ օրը Եկեղեցում վառված մոմերը տուն են տանում և այդ գիշեր տան
ճրագը կամ լամպը դրանով են վառում։ Ժողովրդի մեջ մնացել է տանիքներին և հրապարակներում կրակ վառելու սովորությունը։
դ) Առաջավորք կամ Առաջավորաց պահք, որ Բարեկենդան էլ ունի. նախորդում է Մեծ պահքին։ Ժողովուրդը սրան սուրբ Սարգսի պահք է ասում, որովհետև շաբաթ օրը տոնվում է սուրբ Սարգսի տոնը։ Ուրբաթ օրն էլ նվիրված է Հովնան մարգարեի և նինվեացիների ապաշխարության հիշատակին։ Առաջավորաց պահքի ծագումը հայ պատմագիրները վերագրում են սուրբ Գրիգոր Լուսավորչին, որ Խոր Վիրապից ելնելուց հետո հնգօրյա պահեցողությամբ (ծոմապահությամբ) հայ ժողովրդին ապաշխարել տվեց և ապա մկրտեց։ Այս կերպ: Առաջավորք պիտի նշանակի առաջին պահք, որ հաստատվել է սուրբ Գրիգոր Լուսավորչից։Ամեն պարագայում, սա հայ ժողովրդի ամենաշատ հարգած շաբաթապահքն է։ Այդ ժամանակ շատերը ոչ միայն պահք, այլև ծոմ են պահում 3 կամ 5 օր։
ե) Վարդանանց տոն։ Մեծ պահքին նախորդող շաբաթվա ընթացքում Հայ եկեղեցին ոգեկոչում է Ղևոնդյան քահանաներին (երեքշաբթի օրը) և Վարդանանց պատերազմում նահատակվածներին (հինգշաբթի օրը)։ Քրիստոնեական Եկեղեցու պատմության մեջ սա առաջին հոգևոր պատերազմն էր հանուն հավատի։ Հայոց մեջ ընդունված է այդ օրը համարել զորավարների անունները կրողների անվանակոչության օրը
(Վարդան, Խորեն, Արտակ, Հմայակ, Տաճատ, Վահան, Արսեն,Գարեգին), իսկ Ղևոնդյանների հիշատակի օրը համարվում է հայ եկեղեցու քահանայից դասի օրը։
զ) Ավետում։ Անշարժ տոն է, և միշտ լինում է ապրիլի 7-ին։ Ըստ Ավետարանի հրեշտակը, գալով սրբուհի Մարիամի մոտ,ավետեց. «Մի վախեցիր, Մարիամ, ահա Աստծուց շնորհ գտար, և մի որդի կունենաս և Նրա անունը Հիսուս կդնես»:Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում այդ օրը հռչակված է որպես Մայրության օր։
է) Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն. սովորականից տարբեր ուտելու և խրախճանքի օր, որին շաբաթապահք է հաջորդում։ Իսկ Բուն բարեկենդան նշանակում է ամենամեծ բարեկենդան, որին հաջորդում է Մեծ պահքը։
ը) ՄԵԾ ՊԱՀՔ նշանակում է ամենամեծ պահքը՝ համեմատած օրապահքերի և շաբաթապահքերի հետ, որոնք փոքր պահքեր են։ Ասվում է նաև Քառասունք, որովհետև նախկինում Մեծ պահքը 40 օր էր՝ Բուն բարեկենդանի վաղորդայնից մինչև վեցերորդ յոթնյակի ուրբաթ օրը, որին հաջորդում են շաբաթ՝ Ղազարի հարության հիշատակի օրը, և կիրակին Ծազկազարդ, և Ավագ շաբաթը, որ դարձեալ պահք է։ Այսպիսով թեև Մեծ Պահքը քառասնորդական է կոչվում, սակայն, Ավագ շաբաթն էլ ներառյալ, այն տևում է 48 օր: Քառասունքը սկզբունքորեն քառասունք էլ մնում է՝ իբրև պահոց օրեր. հիշենք մեր Փրկչի քառասնօրյա ծոմը։ Մեծ Պահքի ընթացքին եկեղեցիների վարագույրները փակվում են ի նշան սգի և ապաշխարության, իսկ Սուրբ Պատարագները մատուցվում են վարագուրված Խորանից:
Այս ընթացքում խստիվ արգելվում են պսակադրության և մատաղի արարողությունները՝ մինչև Զատիկ: Պահք կամ պաս ասելով առավել հասկացվում է հրաժարում որոշ տեսակի կերակուրներից՝ յուղեղեն, մսեղեն, կաթնեղեն, ձու, ինչպես նաև ալկոհոլ: Մեծ պահքը կոչվում է նաև Աղուհացք, որովհետև հնում Մեծ պահքի ժամանակ միայն աղ ու հաց էին ուտում և կամ աղ ու հացով լուծում էին ծոմը։
Մեծ պահոց կեսը կամ 24-րդ օրը, որ չորեքշաբթի է լինում, ասվում է Միջինք։ Մեծ պահոց յոթ կիրակիները նվիրված են զանազան հիշատակների, որոնք թե՛ որպես Սուրբ գրային իրադարձություններ և թե՛ որպես խրատական առակներ խոսվել են մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից: Առաջինը՝ Բուն բարեկենդանը նվիրված է Դրախտի հիշատակին, որի փափկության մեջ նախածնողները մի պահ ապրեցին անմեղ ու երջանիկ կյանքով. (Ծննդոց 1:26 – 2:25):
Երկրորդը՝ Նախածնողների արտաքսմանը այդ դրախտից.(Ծննդոց 3:1 – 24):
Երրորդը՝ Անառակ որդու վերադարձին. (Ղուկ. 15:1-32):
Չորրորդը՝ Տնտեսին. (Ղուկ.16: 1 – 8):
Հինգերորդը՝ Դատավւորին. (Ղուկ.18 : 1 – 8):
Վեցերորդը՝ Փրկչի Գալստյանը. (Կող. 2 : 8 – 3 : 17, Մատթ.22 : 34 – 23 : 39):
Յոթերորդը՝ Փրկչի մուտքին Երուսաղեմ. կոչվում է ԾԱՂԿԱԶԱՐԴ. (Զաք. 9:9, Մատթ. 21:1 – 9, Ղուկ. 19 : 29 – 38):
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ նշանակում է մեծ շաբաթ, որովհետև Փրկչի Հարության շաբաթն է կամ յոթնյակը։ Ավագ շաբաթվա վեց օրերը նվիրված են ավետարանական հիշատակներին.
երկուշաբթին՝ Չորացած թզենուն. (Մատթ. 21: 18 – 22,Մարկ. 11: 12 – 14, 20-24),
երեքշաբթին՝ Տասը կույսերին. (Մատթ. 25: 1 – 13),
չորեքշաբթին՝ Քրիստոսի՝ կնոջ ձեռքով օծվելուն. (Մատթ.26: 6 – 13, Մարկ. 14: 3 – 9),
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ՝ Սուրբ Հաղորդության խորհուրդի հաստատման հիշատակին, երբ Հիսուս Վերնատանն օրհնեց հացն ու գինին և տվեց իր աշակերտներին, որպես իր մարմինն ու արյունը.
(Մատթ.26:26) Մարկ. 14: 22-26, Ղուկ. 22: 14 -20, Ա. Կորնթ. 11: 23 – 25),
ուրբաթը՝ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԻՆ, ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆԸ ԵՒ ՄԱՀՎԱՆԸ.(Մատթ. 27:27 – 54, Մարկ. 15:16 – 39, Ղուկ. 23: 26 – 47, Հովհ.
19:1-30), շաբաթ օրը Ճրագալոյց է։
Շարունակելի…
Քրիստոնեական գրտելիքներ բոլորի համար
Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան