Շնորհավորում եմ բոլոր Հռիփսիմեներին իրենց անվանակոչության օրվա
հոգևոր քարոզներ
առթիվ, հայցելով Իմաստուն Կույսերի բարեխոսությունը բոլորիս համար:
Եթե դու կարող ես գնալ եկեղեցի առանց վախի և բանտարկության կամ
մահվան սպառնալիքի, ապա դու ավելի երջանիկ ես, քան նրանք, որ
նահատակվեցին քրիստոնեության համար:
Լույսը բացվեց բարին հետը, այսօր մեր եկեղեցին տոնում է Հռիփսիմյան
կույսերի հիշատակը: Վաղ առավոտից մենք հնարավորություն ունենք մեր
օրը կառուցելու տոնի տրամաբանությամբ: Վերհիշենք կույսերի նահատակության պատճառը,
և տեսնենք նրանց մեռնելու պատրաստակամությունը Քրիստոսի սիրո համար:
Մովսես Խորենացին Հռիփսիմյանց կույսերին անվանում է «առաքելական ըմբշամարտիկներ»,
քանի որ Սուրբ Հռիփսիմեն ուսին դրած խաչով ելավ արքայի
դեմ և գետնեց վայրագ ախոյանին հանուն Հիսուս Քրիստոս սիրուն:
Հռիփսիմյան կույսերի նահատակության հիշատակին է նվիրված Կոմիտաս I կաթողիկոսի (615-628)
կողմից ստեղծված «Անձինք նուիրեալք» հանրահայտ շարականը:
Մեր օրերում փառք Աստծո, ոչ մի վտանգ և հալածանք չի սպառնում քրիստոնյա լինելու համար,
սակայն մենք չունենք ոչ թե մեռնելու պատրաստակամություն,
այլ նույնիսկ պատրաստակամություն`ապրելու քրիստոնյայի կյանքով:
Մենք այնքան կամք չունենք, որ ազատվենք նույնիսկ դժգոհելու ամենավատ սովորությունից: Փորձենք
այս պահից ոչ թե հաշվել մարդկանց կատարած վատ արարքները, այլ մեկով ավելացնենք բարի մարդկանց բարի գործերի թիվը:
Մեր ձեռքերը գործածենք ի սեր Աստծո, մեր սիրտը` մեր հոգու փրկության համար, իսկ մեր կյանքը`
որպես օրինակ այլոց դարձի համար, որպեսզի խաղաղ ապրենք Աստծո հետ…
Եթե ողջ մարդկությունը ամբողջությամբ ընկալեր Հիսուս Քրիստոսի կամավոր խաչելությունը արված մարդկության փրկության համար,
ապա վաղուց աշխարհը կգնար դեպի ծաղկում ու բարգավաճում: Մինչդեռ պատկերը այլ է, մեր մոլորակը ապրում է սոսկալի փորձությունների ժամանակաշրջան:
Եթե անհատը ընկալեր Քրիստոսի կամավոր խաչելությունը իր փրկության համար, ապա պատրաստ կլիներ զոհվել Նրա սիրո համար, ու երբեք չէր տրտնջա իր
կրած դժվարությունից: Մինչդեռ պատկերը նույնն է ինչպես աշխարհինը: Հանուն Սուրբ Հռիփսիմեանց եւ Գայիանեանց, Աստուա՛ծ, ողորմի՛ր մեզ մեղավորներիս:
հոգևոր քարոզներ