Լույսը նորից բացվեց իրեն հատուկ ստուգությամբ, փաստելու համար, որ Աստվածային գործերը անխախտ են, անշարժ են և հավերժ են:
Միայն մարդն է ծնվում ու հեռանում աշխարհից տեսնելով, կամ չտեսնելով Աստծո փառքը, Նրա ստեղծած բարիքը իր համար:
Այն մարդը, ով ծնվում և հեռանում է այս աշխարհից, անհաղորդ մնալով Աստծո բարիքներին, նման է այն թիթեռին,
ով ծնվում է անձրևոտ օր, չիմանալով, որ կան նաև արևոտ օրեր: Սակայն մենք ունենք հնարավորություն ունենալ և անձրևոտ օրեր և արևոտ օրեր:
Տերն իր ողորմությունը չի զլանա նրանց, որոնք անմեղությամբ են ընթանում։ Քննենք Վարդան Այգեկցու առակը մեր կյանքի
օրինակով և կայացնենք Աստծուն հաճելի որոշում…
Խաչատուր անունով մի ջրաղացպան հիվանդացավ, հրեշտակն եկավ հոգին առնելու։ Իսկ նա աղաչեց հրեշտակին.
— Մեղավոր եմ, ապաշխարելու ժամանակ տուր։ Հրեշտակը Աստծու
հրամանով նրան տասնհինգ տարի ժամանակ տվեց, ասելով.
— Լա՛վ, աղոթիր ու ապաշխարիր։
Եվ նա, առողջանալով մտածում է.
«Տասնհինգ տարին շատ է ապաշխարելու համար. տասը ուտեմ-խմեմ,
հինգն ապաշխարեմ»:
Երբ տասը տարին անցավ, մտածեց «Չորսն ուտեմ, մեկն ապաշխարեմ»։
Երբ սա ևս լրացավ, ասաց. «Տասնմեկ ամիսն ուտեմ–խմեմ, մեկ ամիսը
բավական է»։ Իսկ հետո ասաց.
«Քսանհինգ օրն ուտեմ, հինգ օր ապաշխարեմ»։
Տասնհինգ տարի բոլորովին չապաշխարեց և մտքում ասում է. «Ինչ որ ասաց հրեշտակը, չկատարեցի։
Փախչեմ հաբեշների աշխարհը գնամ, երեսս սևեմ և լեզուս փոխեմ, որ երբ հրեշտակը գա՝ չճանաչի ինձ»։
Եվ հագնելով արաբ կնոջ շորեր, մրով սևացնելով երեսը, ճանապարհ էր գնում արաբ կանանց հետ։
Երբ տասն օրը լրացավ, հրեշտակն եկավ ու ասաց.
— Ո՞ւր ես գնում, ջրաղացպան։
Նա սկսեց արաբերեն խոսել.
— Քեզ չեմ ճանաչում, (աշտա խալ սադի):
Եվ ասում է հրեշտակին.
— Ի՞նչ ես ասում, պարոն։
Հրեշտակն ասում է.
— Ո՜վ ողորմելի, այն ժամանակ սպիտակ երեսով չեկար արքայություն, հիմա արի սև երեսով դժոխք տանեմ: Հոգին առավ և տարավ դժոխք։