Շնորհավորում ենք Գայանե անունը կրող բոլոր հայուհիներին իրենց անվանակոչության օրվա առթիվ,
հայցում ենք Սուրբ Գայանեի և նահատակ սրբերի բարեխոսությունը հայ կնոջ քրիստոնեական խոնարհ կյանքի և
Քրիստոսի աղախիններ կոչվելու մեծ պատվի համար:
Գոհություն հայտնենք Աստծուն այս շաբաթվա համար, որ հագեցած է մեր սրբերի հիշատակության տոներով և
մենք հնարավորություն ունենք բաժնեկից լինելու Պատարագի համընդհանուր աղոթքին և երկրպագելու
Սուրբ Հռիփսիմյանց և Գայանյանց մասունքներին: Յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել նրանց,
ովքեր իրենց սուրբ արյունով շաղախեցին մեր հայրենի հողը հանուն Քրիստոսի, հանուն հավատքի:
Առավել գնահատենք այն փաստը, որ մեր Տերը` Հիսուս Քրիստոս Իր առաքյալներին ուղարկեց Հայաստան աշխարհ,
իսկ Մայրը`Մարիամ Աստվածածինը տեսիլքով երևաց Սուրբ Կույսերին և դարձյալ Հայաստան ուղարկեց, որպես մեծ մխիթարություն հայ ազգի համար:
Կույսերի նահատակությունից հետո ս. Գրիգոր Լուսավորիչը հողին հանձնեց
9 օր անթաղ մնացած նրանց սուրբ նշխարները, որոնք անուշահոտություն էին բուրում, և
նրանց նահատակության վայրերում կառուցեց վկայարաններ:
Ս. Հռիփսիմեի և 32 կույսերի վկայարանի տեղում հետագայում կառուցվել է Ս. Հռիփսիմե եկեղեցին,
ս. Մարիանեի վկայարանի տեղում՝ Ս. Շողակաթը, իսկ ս. Գայանեի և 2 կույսերի վկայարանի տեղում՝ Ս. Գայանե եկեղեցին:
Աղոթենք, որ Աստված անսասան պահի մեր եկեղեցին, խաղաղություն հաստատի մեր երկրում և անվտանգ պահի մեր բանակը հանուն իր սրբերի,
որոնք նահատակվեցին և թաղվեցին մեր հողում:
Ագաթանգեղոս պատմիչը գրում է, որ Հռոմում լեռների մեջ մեկուսացած մի վանք
կար, ուր ապրում էին քրիստոնեական հավատով լի, սրբակենցաղ կույսեր՝ մայրապետ Գայանեի հետ միասին:
Այդ վանքում էր մեծանում նաև գեղանի Հռիփսիմեն: Դիոկղետիանոս կայսրը, ցանկանալով ամուսնանալ,
պատվիրում է արքունական պատկերահաններին նկարել բոլոր գեղեցիկ աղջիկներին, որ ինքը կարողանա ընտրություն կատարել:
Պատկերահանները գալիս են նաև այս մենաստանը` նկարելու Հռիփսիմեին:
Գրավված նրա գեղեցկությամբ՝ Դիոկղետիանոսը սիրահարվում է հմայիչ կույսին և ցանկանում կնության առնել նրան:
Իմանալով այդ մասին՝ քրիստոսասեր Հռիփսիմեն մայրապետ Գայանեի և մյուս կույսերի հետ փախչում գալիս է Հայոց երկիր՝
Վաղարշապատ մայրաքաղաք: Շրջելով բնակավայրից բնակավայր՝ կույսերը Քրիստոսի սերն
էին քարոզում մարդկանց, օգնում հիվանդներին ու կարիքավորներին:
Դիոկղետիանոսից տեղեկանալով կույսերի Հայաստան գալու մասին՝ Տրդատ թագավորը հրամայում է գտնել և իր մոտ բերել Հռիփսիմեին:
Առավոտյան՝ այգաբացին, զինվորները գտնում են կույսերին այն հնձանում, որտեղ ապրում էին, և գեղեցկատես Հռիփսիմեին տանում են թագավորական պալատ:
Տրդատն այնպես է հմայվում աղջկա գեղեցկությամբ, որ ուզում է տիրանալ նրան:
Բայց այդ ժամանակ հրաշք է կատարվում: Իր արիությամբ և ուժով հռչակված արքան, որ գերազանցել էր բոլորին,
չի կարողանում հաղթել մի նազենի կույսի: Արքայի հրամանով Հռիփսիմեի մոտ են բերում Գայանեին, որպեսզի
նա իր սանին հորդորի ենթարկվել արքայական հրամանին: Սակայն մայրապետը սրտապնդում է Հռիփսիմեին,
պատվիրում չերկյուղել և չենթարկվել հեթանոս թագավորին: Հաղթված և զայրացած արքան հրամայում է չարչարանքների
ենթարկելով սպանել Հռիփսիմեին, Գայանեին և քրիստոսասեր մյուս 32 կույսերին:
Արքունական զինվորների և հեթանոս ամբոխի ձեռքով բազում չարչարանքների ենթարկվելուց հետո նահատակվում են կույսերը՝
իրենց վարդագույն արյամբ ոռոգելով հայոց հողը: Հետագայում նրանց նշխարների վրա կառուցվում են Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները,
որոնք Աստծո զորությամբ կանգուն են մինչև այսօր և նվիրական վայրեր են յուրաքանչյուր հայի համար:
Հայոց Եկեղեցում Հռիփսիմյանց հիշատակը նշվում է Սբ Էջմիածնի տոնին նախորդող երկուշաբթի օրը,
իսկ Գայանյանց՝ Գայանեի և նրա հետ նահատակված երկու կույսերի հիշատակը՝ երեքշաբթի օրը:
Աղբյուրը` Տոնացույց