Ապագա աստվածաբանների հյուրն էր բելգիաբնակ հոգեւորական տեր Արմեն քահանա Մելքոնյանը 2013-10-21

Այսօր ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը Մայր բուհի ուսանողության համար բավականին հետաքրքիր հանդիպում էր կազմակերպել տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ: Ուսանողները եկել էին լսելու նրա վարած փոքրիկ դասախոսությունը եւ ստանալու իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները: Հանդիպման հիմնական թեման Մեծ պահքն էր ու դրա հետ կապված հարցերը: Տեր Արմենը, ով Գերմանիայում եւ Հոլանդիայում հոգեւոր հովիվ է, ինչպես նաեւ Բելգիայի, Հոլանդիայի ու Գերմանիայի հեռավոր քաղաքներում գտնվող հայկական համախմբումների քարոզիչ, բավականին հաճելի տպավորություն էր թողել ուսանողների շրջանում: «Տեր Արմենը շատ հաճելի անձնավորություն էր: Նա մեզ հետ հանդիպման էր եկել առանց իր եկեղեցական համազգեստի, որպեսզի անգամ չնչին անհարմարություն չստեղծի մեզ համար: Շատ դուր եկավ նրա հետ հանդիպումը, շփումը, նրա իմաստուն խոսքը»,- հանդիպման ավարտից հետո ասաց Աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԽ-ի ակտիվ անդամ Նազելի Հայրապետյանը: Ֆակուլտետային ՈՒԽ նախագահ Հասմիկ Խաչատրյանն էլ նշում է, որ այսուհետ հոգեւորականների հետ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու ֆակուլտետում. «Շատ կարեւոր է, որ հատկապես 1-ին կուրսեցիները լավ ծանոթ լինեն այսպիսի մարդկանց հետ, իմանան, թե ինչ գործունեություն են ծավալում մեր հայրենակիցները նաեւ արտերկրում, որտեղ կրոնը, ինչպես նշեց քահանան, համախմբողական մեծ առաքելություն ունի»: Տեր Արմեն քահանա Մելքոնյանն ուսանողների հետ հանդիպման ընթացքում խոսեց ոչ միայն Մեծ պահքի, Բուն բարեկենդանի եւ Արտաքսման ու անառակի կիրակիների մասին, այլեւ ներկայացրեց իր եկեղեցակենտրոն գործունեությունը: Ուսանողները հետաքրքրվեցին նաեւ քահանայի կենսագրությամբ` իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանալով հենց նրա հետ անմիջական շփման միջոցով: ԵՊՀ ©shamshyan.com http://shamshyan.com/arm/9Dt3JzSXHx.html