Օր շաբաթ. Սրբերի հիշատակության օր.

Այսօր մեր Եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի` Մարտիրոսի և տասնչորս քաջարի զինվորների հիշատակը,
որոնք նահատակվեցին քրիստոնեության համար առանց երկմտելու:
Շնորհավորում եմ Սարգիս և Մարտիրոս անուն, ազգանունը կրող բոլոր հայորդիներին: Մաղթում եմ,
որ Սրբերի բարեխոսությամբ խաղաղ կյանք ունենաք, իսկ նրանց հավատքն ու վարքը որպես օրինակ ունենանք ձեր կյանքում:
 
Սուրբ Սարգիսը քաջ և հմուտ զորավար էր Բյուզանդական կայսրությունում և հաղթությամբ էր վերադառնում բոլոր պատերազմներից:
Նա իր ամբողջ սրտով սիրում էր Աստծուն, և Աստված պատերազմի դաշտում միշտ օգնում էր նրան:
Երբ Հուլիանոս կայսրը ուրանում է քրիստոնեությունը և պատվիրում վերստին կուռքերին պաշտել,
Քրիստոսը տեսիլքում հայտնվում է Սարգիս զորավարին և պատվիրում.
«Թո’ղ այդ երկիրը և գնա՝ ուր որ ես քեզ կառաջնորդեմ»: Սարգիս զորավարն իր
ողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին և միակ որդու՝ Մարտիրոսի հետ գալիս է Հայաստան, ապա, որոշ ժամանակ անց,
զինվորական ծառայության անցնում պարսից Շապուհ արքայի բանակում:
Շապուհը մեծ զորագնդեր է վստահում Սարգիս զորավարին, որովհետև
նա միշտ հաղթությամբ էր վերադառնում պատերազմի դաշտից:
Մի օր Շապուհին հայտնում են, որ Սարգիսը հրաժարվում է զոհեր մատուցել կրակին: Շապուհը բարկանում է և հրամայում իր մոտ բերել քաջ զորավարին:
Շղթայակապ զորավարին բերում են արքայի մոտ և հրամայում զոհեր մատուցել կրակին: Բայց անվախ զորականը ձեռքերի շղթաներով հարվածում և
փշուր-փշուր է անում կրակի բագինը: Մոլեգնած կրակապաշտները հարձակվում և սպանում են Մարտիրոսին և Սարգսին հավատարիմ 14 զինվորների:
Անհավատ արքայի հրամանով Սարգիս զորավարին քաղաքից դուրս են տանում և այնտեղ սպանում: Նահատակության ժամանակ հրաշք է կատարվում:
Երկնքից մի հրեշտակ իջնում և լույսով է ողողում Սարգիս զորավարի մարմինը:Կյանքի վերջին վայրկյաններին զորավարը խնդրում է Աստծուն,
որ իր անունը հիշատակող երիտասարդների իղձերը կատարի: Եվ Աստված լսում է նրա խնդրանքը:
 
Համաձայն եկեղեցական ավանդության՝ սբ Սարգսի նահատակությունից հետո նրա նշխարները ցրվում են տարբեր վայրեր:
Դրանց մի մասը Հայաստան է բերում և Աշտարակի Կարբի գյուղի մոտ գտնվող Ուշի վանքում ամփոփում Մեսրոպ Մաշտոցը,
ինչ պատճառով էլ այս վանքը կոչվում է Սբ Սարգիս: Մեր Եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը հռչակել է երիտասարդների օրհնության օր:
Տոնին բազմաթիվ երիտասարդ տղաներ և աղջիկներ մասնակցում են սուրբ Պատարագի, հաղորդվում են և ստանում քահանայի օրհնությունը: