hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Օր Շաբաթ (Սուրբերի հիշատակության օր)
Այսօր մեր Եկեղեցին ընդհանրական աղոթքի ժամանակ հիշատակում է Կոստանդնուպոլսի սուրբ ժողովի հարյուր հիսուն հայրապետներին.
Ի՞նչ է Տիեզերական ժողովը. մենք պարտավոր ենք իմանալ.
Եկեղեցական ժողովների շարքում իրենց կարևորությամբ առանձնանում են տիեզերական կոչվող ժողովները, որոնց մասնակցել են տիեզերական (կամ ընդհանրական) Եկեղեցու ներկայացուցիչները:
Հայ Եկեղեցին ընդունում է միայն առաջին 3 տիեզերական ժողովները, որոնց որոշումները լուծել են քրիստոնեական դավանության ամենահիմնական հարցերը. դրանք են Նիկիայի (325 թ.), Կոստանդնուպոլսի (381 թ.) և Եփեսոսի (431 թ.) ժողովները:
Առաջին տիեզերական ժողովը գումարվեց արիոսականության առիթով: Այն մերժեց Արիոսի ուսմունքը և հաստատեց Հավատո հանգանակը, որը հիմք դարձավ հետագա դավանական ըմբռնումների համար:
Երկրորդ ժողովը գումարվեց հոգեմարտության առիթով: Այն դատապարտեց Մարկիոնի տեսակետը Սուրբ Հոգու վերաբերյալ, վերահաստատեց Հավատո հանգանակը և ընդունեց Սուրբ Երրորդության ուսմունքը, ըստ որի՝ երեք աստվածային Անձերը համագո են Իրենց բնությամբ, և Յուրաքանչյուրին պետք է խոստովանել կատարյալ Աստված: Այս ժողովում քննադատվեց ու մերժվեց նաև Քրիստոսի մարդեղության վերաբերյալ Ապողինարի սխալ տեսությունը, ըստ որի՝ Քրիստոս մարմնանալով ոչ թե վերցրեց մարդկային մարմին, հոգի և միտք, ինչպես ասվում է Հավատո հանգանակում, այլ՝ միայն մարմին. այսինքն՝ Նա ոչ թե մարդացավ, այլ սոսկ մարմին ստացավ:
Երրորդ տիեզերական ժողովը կապված էր նեստորականության հետ: Այն դատապարտեց Նեստորի քրիստոսաբանական ուսմունքը, որը Քրիստոսի մեջ տեսնում էր երկու բնություն և երկու դեմք, և հաստատեց ս. Կյուրեղ Ալեքսանդրացու դավանական տեսակետը, որի համաձայն՝ «մի է մարմնացած Բանի բնությունը»:
Հայ Եկեղեցին, որդեգրելով այս երեք տիեզերական ժողովների դավանությունը, հավատարիմ մնաց նրանց և մերժեց Քաղկեդոնի ժողովը (451 թ.)՝ ոչ համոզիչ համարելով նրա «մի Անձ և երկու բնություն» քրիստոսաբանական բանաձևը:
Եկեղեցական ժողովները կոչված են գտնելու ծագած դավանական, ծիսական, բարոյական կամ կազմակերպչական խնդիրների ճշմարիտ՝ աստվածահաճ, ուղղափառ լուծումը: Եվ որքանով մեծ է մասնակիցների սրբությունը, աստվածասիրությունը և շնորհների առատությունը, այնքանով նրանց օժանդակում է Ինքը Սուրբ Հոգին և հաճախ
հայտնության միջոցով հարթում ծագած դժվարությունները:
Այդպիսին էին հատկապես առաջին 3 տիեզերական ժողովները, որոնց գրեթե բոլոր մասնակիցները սուրբ էին՝ լի աստվածային շնորհով և խաղաղությամբ: Այս պատճառով այդ ժողովների որոշումները լուծեցին քրիստոնեական դավանության հիմնական խնդիրները՝ դրանք սահմանելով սրբագործված աստվածաբանական բանաձևերով, որպեսզի հավատացյալները միասնական լինեն հավատով, մտքով և խոսքով:
(Սրբազան Ավանդություն)
Պարտավոր ենք իմանալ…
Հարց. Ինչի՞ վրա է հիմնված Հայ Եկեղեցու դավանությունը:
Պատասխան. Հայ Եկեղեցու դավանությունը հիմնված է Սուրբ Գրքի, Առաքյալների և Եկեղեցու Հայրապետների թողած ավանդության, ինչպես
նաև առաջին երեք Տիեզերական ժողովների որոշումների վրա: Հայ Եկեղեցին ընդունում է միայն առաջին երեք Տիեզերական ժողովները.
ա. Նիկիայի (325 թ.)
բ. Կոստանդնուպոլսի (381 թ.)
գ. Եփեսոսի (431 թ.)