Աստված օրհնում է շաբաթվա բոլոր օրերը և նվիրում է քեզ անձնական կարիքներդ հոգալու համար:
Իսկ կիրակի օրը քեզ համար ընթրիք է պատրաստում և հրավիրում է քեզ ճաշակելու Իր Սուրբ Սեղանից:
Աստված սպասում է քեզ ամեն կիրակի, որպեսզի դու գնաս և Իրեն պատմես, թե ի՞նչ ես արել շաբաթվա մյուս օրերին,
ինչո՞ւմ ես թերացել, որտե՞ղ ես սայթաքել, ի՞նչ ձեռքբերում ունես, որտե՞ղ է քո տկարությունը,
Որպեսզի լսի քո անկե՛ղծ զղջումի խոսքերը, քո սրտից բխած գոհությունն ու փառաբանությունը,
զորացնի՛ քո տկար տեղերը, օրհնի՛ քեզ, հաղորդակից դարձնի քեզ Իր Սուրբ Սեղանին և խաղաղությամբ ճանապարհի քեզ`
քո տուն, հաջորդ շաբաթը խաղաղությամբ անցկացնելու համար:
Ի՞նչ կա այստեղ դժվար, ո՜վ մարդ արարած, որ դու չես կատարում Տիրոջ պատվերը:
Հիմա մի փոքր իջնենք մարդկային մակարդակով վերլուծենք եղածը:
Դուք ունեք սիրելի զավակներ, թոռներ և այլն: Ամեն կիրակի նախապատրաստվում եք, և անհամբեր սպասում եք,
որ կգան և միասին ընթրիքի սեղանի շուրջ կհաղորդակցվեք, միմյանցից ձեր կարոտը կառնեք, կուրախանաք միմյանց բարի գործերով,
կտխրեք անհաջողություններով, մի խոսքով մի քանի ժամ միասին կլինեք և դուք ճանապարհելիս կտաք ձեր հայրական մաղթանքները
և նրանք խաղաղությամբ կգնան, հաջորդ անգամ հանդիպելու ակնկալիքով:
Սակայն դուք սպասում եք ամեն կիրակի, բայց ձեր զավակները չեն գալիս, չգալուց բացի բերում են անհիմն պատճառաբանություններ,
թե իբրև մի կիրակի են տանը, այն էլ ուզում են անցկացնել զվարճանքի և հանգստի վայրերում:
Ի՞նչ զգացողություն կունենաք դուք: Պատասխանեմ ես ձեր փոխարեն` «վատ, մերժված»:
Ես ձեր փոխարեն պատասխանեցի, դուք էլ մտովի պատկերացրեք, որ Աստված ամեն կիրակի սպասում է ձեզ և դուք չեք գնում եկեղեցի:
Ձեր տեղը դատարկ է մնում Պատարագի ժամանակ և Աստված փնտրում է ձեզ, որովհետև Նա ճանաչում է ձեզ, ձեր մկրտության օրվանից:
Չեք այցելում ձեր Երկնավոր Հորը այն դեպքում, երբ Նա տվել է ձեզ ամեն բան, ինչ որ ունեք. ոտքեր` որ գնաք, ձեռքեր` որ բարիք գործեք,
ականջներ` որ Իր պատգամը լսեք, բերան` որ ճաշակեք Իր «Խորհրդավոր Ընթրիքը», լեզու`որ փառաբանեք Իրեն:
Ի՞նչ ունեք, որ դուք եք ստեղծել: Ոչինչ: Մի՞թե արդարանալու տեղ ունենք մենք, որ կիրակի օրը Պատարագին բացակա ենք: