Տրամադրիր հինգ րոպե, որպեսզի Աստված նախախնամի ողջ օրդ… / hogevor qarozner հոգևոր քարոզներ

Սա մեր ամենօրյա հոգևոր սուրբ պարտականությունն է, ինչը հաճելի է մեր պահապան հրեշտակին, ով է մեր աղոթքը հասցնում է Աստծուն;
Արթնացա՞ր Աստծո կամքով, ասա ա՛յս աղոթքը.
Տէ՛ր, եթէ շուրթերս բացես, իմ բերանը քո օրհնութիւնը պիտի երգի:
Օրհնեալ է համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնն`
Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից.Ամէն
Նախաճաշո՞ւմ ես, խնդրե՛մ.
Խաղաղությամբ ճաշակենք կերակուրներն այս, որ պարգևվել են մեզ Տիրոջից:
Օրհնյալ է Տերն Իր պարգևներով։ Ամեն:
Ավարտեցի՞ր նախաճաշդ` գոհացիր Տիրոջից.
Փառք տիեզերքը Կերակրողին, որ մեզ կերակրեց ու լիացրեց, Նրան փառք հավիտյանս։ Ամեն
Դո՞ւրս ես գալիս տնից, ասա ճանապարհի աղոթքը.
Տե՛ր, մեզ խաղաղության ճանապարհներով առաջնորդիր:Տե՛ր, ուղղիր ու առաջնորդիր մեր և բոլոր հավատացյալների հոգիները՝ արդարության ճանապարհով գնալու դեպի հավիտենական կյանք։ Ամեն:
Աշխատանքի՞ ես գնում, ասա այս աղոթքը
Մեր ձեռքի գործերը ուղղորդիր, Ով Տէր,եւ մեր ձեռքի գործերը հաջողիր.Ամէն
Դասի՞ ես գնում, իմաստություն խնդրիր
Հօր իմաստություն Յիսուս, տուր ինձ իմաստութիւն` ամեն ժամ Քո առջեւ բարին խորհելու,խօսելու եւ գործելու, եւ փրկիր ինձ չար խորհուրդներից, խօսքերից եւ գործերից. եւ ողորմիր Քո արարածներին եւ ինձ` բազմամեղիս:
Որոշեցիր Եկեղեցի մտնել, այդ մասին էլ կա աղոթք.
Ես եկել եմ քո դռների առջև ու աղաչում եմ քեզ. մաքրի՛ր ինձ վերստին լվացմամբ և սրբի՛ր մեղքերից, արժանի դարձրու քո սուրբ սեղանի առջև երկրպագության մտնելու։Ամեն
Եկեղեցուց դուրս գալիս` ասա`
Թագավո՛ր երկնավոր, Քո եկեղեցին անսասան պահիր,իսկ անվանդ երկրպագողներին՝ խաղաղության մեջ։ Ամեն:
Հիվա՞նդ ես, կամ տկար ես մի փոքր` այսպես ասա
Ե՛կ, Տե՛ր,տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրա և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա կյանքի արդարության տանող ճանապարհով»:
Նեղության մե՞ջ ես, ապավինիր Սուրբ Խաչին.
Խնամող արարածների, պահիր Քո Խաչի նշանով իմ հոգին եւ մարմինը` մեղքերի պատրանքներից, դեւերի փորձութիւններից, անիրաւ մարդկանցից եւ հոգու եւ մարմնի բոլոր վտանգներից.
եւ ողորմիր Քո արարածներին եւ ինձ` բազմամեղիս
Տո՞ւն ես վերադառնում, խնդրիր առաջնորդություն.
Օրհնյալ Տեր, աղաչում և խնդրում ենք Քեզանից.ճանապարհակից եղիր մեղավոր ծառայիդ, և Քո հսկողությամբ առաջնորդիր խաղաղությամբ
վերադառնալու մեր բնակավայրը՝ Տեր Հիսուս Քրիստոսի օգնությամբ, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ,այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: ԱՄԵՆ:
Տա՞նն ես արդեն, շնորհակալություն հայտնիր, որ ամեն ինչ լավ է.
Պահապան ամենայնի Քրիստոս, Քո աջը թող հովանի լինի ինձ վրայ`ցերեկ եւ գիշեր, տանը նստելիս,ճանապարհ գնալիս, ննջելիս եւ արթնանալիս, որպէսզի երբէք չսասանուեմ.
եւ ողորմիր Քո արարածներին եւ ինձ` բազմամեղիս:
Ավարտվեց օրը` գոհություն հայտնիր Աստծուն.
Գոհանում եմ քեզանով, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ և օրհնում ու փառավորում Քո սուրբ Անունը, որ պահպանեցիր Քո անարժան և մեղավոր ծառային այս ցերեկ ու խաղաղությամբ
հասցրեցիր երեկոյան ժամին: Այժմ խնդրում եմ, որպեսզի Դու Քո ամենազոր աջով կնքես Քո ծառայի տեղն ու հարկը,ելքն ու մուտքը, որ ննջեմ ապահով և աներկյուղ,խաղաղությամբ և
առանց փորձանքների: ԱՄԵՆ:
Պառկում ես քնելո՞ւ, մի մոռացիր խնդրել.
Հրեշտակ մշտարթուն, հզոր պահապան մեր, որ ամբողջ օրն այս մեզ խնամեցիր, արեգակի մայր մտնելուց դու ես մեր անստվեր լույսը:
Մայր չմտնող արև պարգևիր մեզ այս գիշեր, քաղցր քուն և հանգիստ, շնորհներով լի, Աստուծո փառքի համար:
Եվ պահիր մեր հոգևոր ու մարմնավոր ծնողներին։ Ամեն:

Եթե քեզ համար դժվար է հիշել այս բառերը, ապա աղոթիր քո բառերով, այս աղոթքների տրամաբանությամբ, որ պատրաստել են մեր Հայրերը:
Փառք Աստծուն, խունկ ու աղոթք մեր Հայրերի խնկելի հիշատակին: