«Տէրն իմ լոյսն է ու կեանքը, ո՞ւմից վախենամ».

Երբ կեղծում ենք մենք մեր դեմքը իրական,
կորցնում ենք մեր պատկերը Տիրական:
Օրհնյալ Տեր սովորեցրու մեզ Քո արդարությունը, մոլորվել ենք…Մենք Քրիստոսի Խաչափայտի աջակողմյան կամ
ձախակողմյան ավազակների պատկերներն ենք: Կամ զղջում և արժանանում ենք խոստումին, կամ արդարանում և մեղադրվում ենք,
կրելով արդարացի պատիժ: Մենք կամ հավատում ենք Աստծուն կամ չենք հավատում: Մենք կամ բորոտ ենք, կամ մաքրված բորոտ: Այլ տեսակ չկա…
Ամեն օր մեր իմացած մարդկանցից մեկը հեռանում է այս կյանքից:
Մենք` ապրողներս ականատեսներն ենք այս իրողության և դարձյալ
նույն անտարբերությամբ շարունակում ենք ապրել մեղքի մեջ, չունենալով վաղը ապրելու երաշխիքը:
Եթե պատահաբար մեկը մեզ «անասուն» անվանի, մենք իսկույն կտանք հակահարված, դեռ մի բան էլ ավելի: Մինչդեռ անասունը բանական էակ
չէ և ապրում է բնության օրենքներով, ոչին չիմանալով: Իսկ մենք` բանական էակներս` Աստվածաշունչ կարդացողներս, եկեղեցու քարոզ լսողներս,
մեր աչքի առջև հարյուրավոր սրբերի օրինակը ունեցողներս, մեր հայրերից այդչափ հոգևոր ժառանգություն ստացողներս, երբեմն ցածր ենք կանգնած
անտեղյակ անասունից մեր արարքներով: Մեր հոգին չի կարողանում ճշմարտապես ընդունել Աստծուն, այդ անիրավ մեղքի պատճառով,
մինչդեռ Աստված բազկատարած ընդունում է մեզ նույնիսկ մինչև կոկորդ մեղքի մեջ խրված տեսնելով, միայն թե դիմենք զղջացող սրտով…մեղքի գիտակցումով…
Հիսուս Քրիստոս ո՞ւմ հնարավորություն տվեց Աստծուն տեսնելու, և կամ ո՞ւմ երանի տվեց, իհարկե սրտով մաքուրներին, իհարկե սրտով սուրբերին:
Ջանք թափենք, տքնենք, հոգ տանենք, չարչարվենք մեր հոգու փրկության համար: Մեր կյանքը հազիվ բավականացնի մաքրվելու համար,
իսկ մենք ամեն օր վատնում ենք Աստծու պարգևած ժամանակը ամեն դատարկ բանի համար, բացի Հիսուս Քրիստոսի լույս խոսքերը կատարելուց:
Մեր սիրտը հիվանդ է, բայց դեռ բաբախում է, դիմենք սրտեր քննող կատարյալ Սրտագետին… քանի դեռ բաբախում է…
Դէպի մե՛զ դարձիր, Աստուա՛ծ, Փրկի՛չ մեր, ու ե՛տ պահիր զայրույթդ մեզնից։ Մենք էլ Դավթի նման համարձակ ասենք.
«Դա՛տ արա ինձ, Տէ՛ր, քանզի անբասիր ընթացայ, յոյսս դրի Տիրոջ վրայ,
որ չլինեմ տկար։ Փորձի՛ր ինձ, Տէ՛ր, եւ քննի՛ր ինձ, փորձի՛ր երիկամներս ու սիրտս։
Տէրն իմ լոյսն է ու կեանքը, ո՞ւմից վախենամ. Տէրն իմ կեանքի ապաւէնն է, ո՞ւմից ես դողամ»։