Բարեպաշտությամբ և առաքինի վարքով մի եպիսկոպոս բոլոր սրբերին աղոթում էր, բայց առավելապես Սբ. Անդրեաս առաքյալին, այնքան որ իր
բոլոր գործերը կատարելիս հանապազ այս խոսքն էր հավելում.
«Ի փառս Աստծո և Սուրբ Անդրեասի»:
Իսկ մարդկանց հոգիների թշնամին` սրբին ընդդեմ նախանձով վառված,
իր ողջ խորամանկությամբ հնարքներ էր բանեցնում, թե ինչպես
կարողանա խաբել եպիսկոպոսին: Ապա հույժ գեղեցիկ կնոջ կերպարանք հագնելով` եպիսկոպոսի ապարանք եկավ`
ծանուցելով, թե նրա առջև կամենում է իր մեղքերը խոստովանել: Եպիսկոպոսն էլ նրան
խոստովանելու համար ուղարկեց խոստովանահոր մոտ, ով հենց այդ
գործին էր կարգված:
Իսկ նա պատասխանեց, թե`
– Մարդկանցից ոչ մեկի առջև չեմ հայտնի սրտիս գաղտնիքները,
բացի միայն եպիսկոպոսից:
Եվ վերջինս, համաձայնվելով, կարգադրեց նրան իր մոտ գալ:
Եպիսկոպոսի մոտ գալով` ասաց.
– Տե՛ր, աղաչում եմ քեզ, ողորմի՛ր ինձ, քանզի ինչպես տեսնում ես, մանկությունից փափուկ կյանքով եմ մեծացել: Թագավորական զարմից
ծնված լինելով է, որ հենց այս զգեստներով եմ եկել, քանզի հայրս` մեծազոր թագավորը, ազնվական մի իշխանի էր կամենում ինձ կնության տալ,
ում պատասխան տվեցի, թե`«Բնավ չեմ կամենում կնության գնալ,
որովհետև իմ Տիրոջ` Հիսուս Քրիստոսի առջև խոստացել եմ կուսությունս հավիտյան պահել»:
Բայց արդ,դա անչափ վտանգված էր, որովհետև հարկավոր էր կա՛մ հորս կամքը կատարել, կա՛մ սաստիկ տանջանքներ ընդունել:
Ապա թաքուն փախա. լավ համարեցի պանդխտությամբ ապրել, քան փեսայիս
հավատարիմ լինելով` ուխտազանց լինել:
Արդ, լսելով ձեր սրբության համբավը` եկա թևերիդ հովանու ներքո քեզ ապավինելու, հուսալով այստեղ առանձնակի տեղ գտնել, որտեղ աղոթքով,
մտքի տեսությամբ ու լռությամբ զբաղվելով` կարողանամ նաև այս կյանքի վտանգներից փրկվել:
Իսկ եպիսկոպոսը, զարմանալով նրա ազգատոհմի մեծության, մարմնի գեղեցկության,
հոգու ջերմեռանդության և այսպիսի քաղցր խոսքերի վրա, մեղմաբար և սիրով պատասխանեց` ասելով.
– Քաջալերվի՛ր, դո՛ւստր, մի՛ երկնչիր, քանզի նա, ում սիրո համար և՛
քեզ, և՛ ճոխությունդ, և՛ բարեկամներիդ այդքան արիաբար արհամարհել
ես, փոխարենը քեզ այս կյանքում շնորհների առավելությամբ
կհատուցի և հանդերձյալում կատարյալ փառք կպարգևի: Նաև ես` նրա
ծառան,խոստանում եմ քո բոլոր կարիքների մասին հոգ տանել: Քեզ
համար ընտրի՛ր ուզածդ բնակության վայրը, իսկ այժմ կամենում եմ,
որ ինձ հետ ճաշես:
Եվ նա ասաց.
– Ո՜վ հայր սուրբ, մի՛ արա դա, միգուցե այստեղից մեկը կասկածներ
ունենա, որից ձեր բարեհամբավ մեծությունը վնասվի:
Եպիսկոպոսը պատասխանեց.
– Մեզ հետ սեղանի շուրջ շատերն են լինում, այդ պատճառով ոչ մի չար կասկած հիրավի այստեղից չի կարող ծնվել:
Արդ, երբ եկան սեղանի մոտ, եպիսկոպոսը նրան իրեն դեմհանդիման նստեցնել կարգադրեց, իսկ ուրիշներին այս ու այն կողմում բազմեցնել:
Եպիսկոպոսը բազմիցս նրան էր նայում և նրա գեղեցկությանը նայելու ժամանակ հազիվ էր կարողանում աչքն այլ կողմ թեքել: Եվ այսպես,
որքան նայվածքով նրա մեջ էր թափանցում, սիրտն այնքան
վիրավորվում էր: Եվ երբ նրա երեսին նայելուց չէր դադարում, սատանան
նրա հոգին սաստիկ խոցոտում էր, և մոտ էր մեղքին տրվելու, եթե ժամանակին դիպվածը օգնության չհասներ:
Բայց բարերար Աստծո խնամքը նրան թույլ չտվեց ընկնել, քանզի պանդուխտ մի մարդ գալով բախեց դուռը և մեծաձայն աղաղակեց,
որպեսզի իրեն եպիսկոպոսի մոտ տանեն: Եվ քանի որ չկամեցան, է՛լ առավել ուժգին էր բախում:
Եպիսկոպոսը աղջկան հարցրեց.
– Քեզ հարմա՞ր է թվում` այդ մարդու ներս գալը:
Եվ նա ասաց.
– Նախ առակ առաջարկենք նրան, թե մեկնաբանի, թող մտնի այստեղ,
իսկ թե ոչ`իբրև եպիսկոպոսին տեսությանն անարժան մեկը, թող չմտնի:
Այս խոսքերն ամենքին էլ հաճելի թվացին, բայց քանի որ ոչ ոք չգիտեր
այսպիսի բան առաջարկել, եպիսկոպոսն աղջկան ասաց.
– Դու, որ ամեն ինչում իմաստությամբ և ճարտարությամբ գերազանց ես,
ինքդ առաջարկի՛ր այդպիսի առակ:
Այնժամ կերպարանված աղջիկն ասաց.
– Թող նրան հարցնեն. «Ո՞րն է այն մեծագույն հրաշքը, որ Տեր Աստված
փոքր իրի վրա արեց»:
Երբ պանդուխտ մարդուն առաջարկեցին այս, պատասխանեց.
– Երեսների զանազանությունն ու գեղեցկությունը, քանզի մարդկանց
այսքան բազմության մեջ, որոնք եղել են, կան և լինելու են մինչև
աշխարհի վերջը, երկուսը չեն գտնվի, որոնց երեսներն ամբողջությամբ
նման լինեն, նույնպես էլ Ամենազոր Աստված այս փոքր երեսների մեջ բոլոր մարմնավոր զգայություններն է դրել:
Այսպիսի պատասխաններ լսելով` ամենքն էլ զարմացան և ասացին.
– Հույժ գովելի պատասխան:
Այնժամ աղջիկն ասաց.
– Այլ ազնվագույն առակ առաջարկենք նրան, որպեսզի նրա առավել մեծ
իմաստությունը ճանաչենք: Թող հարցնեն նրան.
«Որտե՞ղ է այն երկիրը, որ երկնքից ավելի վեր է»:
Երբ պանդուխտին այս առաջարկեցին,պատասխանեց.
– Բարձրագույն երկնքում, որտեղ նստում է Քրիստոսի մարմինը, քանզի
Նա բարձրացել է բոլոր երկինքներից վեր, իսկ մարմինը մեր մարմնից է,
մեր մարմինն էլ հենց երկրի էությունից է, ուրեմն ուր Քրիստոսի մարմինն է, այնտեղ է այն երկիրը, որ երկնքից վեր է:
Այս պատասխանը լսելով` ամենքը հիացան:
Այնժամ աղջիկն ասաց.
– Տակավին կարող ենք երրորդ առակն առաջարկել նրան, առավել դժվար լուծելի,
որպեսզի ճշմարիտ լինի վկայությունը նրա իմաստության մասին և արժանի լինի եպիսկոպոսի սեղանին: Արդ, թող ասի.
«Ինչքա՞ն է երկրից երկինք հեռավորությունը»:
Այս լսելով` պանդուխտը հարց–պատասխանը փոխանցողին ասաց.
– Ասա՛ նրան, ով առաքել է քեզ, թե դու քաջ գիտես, դու ի՛նքդ տուր դրա պատասխանը. քանզի ինքն իսկ այդ ճանապարհը չափել է, երբ երկնքից
ընկել է դժոխք, որովհետև նա կին չէ, այլ սատանա:
Այս լսելով` հարց–պատասխան փոխանցողը զարհուրեց և, ինչ որ լսել էր, ամենքի առաջ պատմեց: Եվ երբ ամենքն էլ զարմացան, հին թշնամին նրանցից աներևույթ եղավ:
Իսկ եպիսկոպոսը, հասկանալով, իրեն խստորեն կշտամբում էր և
աղիողորմ ու դառն արտասուքներով իր մեղքն էր ողբում: Եվ անմիջապես ուղարկեց, որ այն պանդուխտ մարդուն ներս բերեն, բայց նրան
չկարողացան որևէ տեղ գտնել: Այնժամ եպիսկոպոսը կարգադրեց կանչել
ամբողջ ժողովրդին, նրանց պատմեց կատարվածը և պատվիրեց, որ ամենքն էլ պահք պահեն ու աղոթք անեն, թերևս Աստված հայտնի մեկին, թե ո՞վ էր պանդուխտը, որ իրեն այդպիսի մեծ վտանգից ազատեց:
Նույն գիշեր եպիսկոպոսին հայտնվեց, թե Սուրբ Անդրեասն էր, որ նրա փրկության համար պանդխտի կերպարանքով երևաց:
Այնժամ եպիսկոպոսը առավել ևս սկսեց աղոթել Սուրբ Անդրեաս Առաքյալին և գոհանում էր մարդասեր Աստծուց:
ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ