hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Նախ սովորենք աղոթել, հետո աղոթենք:
Աղոթքը համակ ուշադրություն է աղերսում..
Երբ մտնում ենք եկեղեցի և չգիտենք թե ինչպես աղոթենք…
Երբ մեր միտքը այս ու այն կողմ է թափառում և չենք կենտրոնանում աղոթքի մեջ, ապա…
Նայում ենք Սուրբ Սեղանին, ուր Աստվածամայրն է Մանուկ Հիսուսի հետ: Հայցում ենք Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը իր Որդու մոտ, որպեսզի ընդունելի անի մեր ուխտը տվյալ եկեղեցի: Ապա աջ և ձախ կողմերում տեսնում ենք Թադեոս և Բարդուղիմեոս Առաքյալների նկարները, ու մտովի գնում ենք առաջին դար: Փառք ենք տալիս Աստծուն, որ Իր առաքյալներին ուղարկեց Հայաստան աշխարհ քրիստոնեությունը քարոզելու:Այնուհետև մեր աչքից չի վրիպում Տրդատ թագավորի մկրտությունը նկարագրող սրբապատկերը` Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռամբ և դարձյալ փառք ենք տալիս Աստծուն, որ մեզ ուղարկեց Հավատքի Հայր` Գրիգոր Լուսավորչին,որն էլ տասներեք տարի գբի մեջ սրբանալուց հետո ելավ ու մկրտեց հայ ազգին ու մենք առաջինը ընդունեցինք քրիստոնեությունը: Խնդրենք նաև մեր հավատքին զորություն և անսասանություն: Դարձյալ մեր ուշադրությունն է գրավում Խորհրդավոր ընթրիքի պատկերը, այդ խորհրդի շնորհիվ ամեն կիրակի արժանանում ենք մեր Տիրոջ Մարմինը և Արյունը ճաշակելու երանությանը: Դարձյալ փառք տանք Աստծո, որ մեզ անմասն չթողեց փրկությունից և երկինք մտնելու հնարավորությունից:
Ապա տեսնում ենք մեր Տիրոջ Սուրբ Մկրտության պատկերը և անմիջապես հիշում ենք Ավետարանի այդ հատվածը, երբ Քրիստոս Մկրտվեց Սուրբ Հովհաննես Մկրտչից և Սուրբ Երրորդության գաղափարը հայտնի դարձավ այդտեղ: Ինչպես չփառավորել Աստծուն, մեզ լուսավորելու համար: Ահա և մեր առջև է Խաչյալ Հիսուս Քրիստոսի պատկերը, որի մի հատվածը մաշվել է մարդկանց ձեռքերի հպումից: Այստեղ արդեն հոգով ու սրտով ծնկի ենք գալիս մեր Տիրոջ առջև, գիտակցելով, որ Նա խաչվեց մեր մեղքերի համար, սակայն մեզ անմասն չթողեց Իր օրհնությունից և ողորմությունից: Այդ պահին բազում գոհություններից ու փառաբանությունից հետո աղերսենք մեր Տիրոջը մեր մեղքերի համար, խնդրենք, որ օգնի և օրհնի մեզ: Խոստովանենք մեր տկարությունը, հանձն առնենք մեր մեծամտությունը, խոնարհվենք սրբությունների առջև և խնդրենք, որ Աստված անսասան պահի մեր եկեղեցին, որ մենք ամեն անգամ մտնելով վերհիշենք այս բոլորը և ապրենք այդ արժեքներով:
Սրբապատկերները մեզ միշտ հիշեցնում են իրենց ժամանակի դեպքերը և վերցնելիք դասը: Իսկ միամիտ աղանդավորները գիտեն, թե մենք պաշտում ենք Սրբապատկերները: Մոռանում են, որ մենք երբեմն մեր հարազատների նկարները ձեռքներս վերցնելով նույնիսկ համբուրում ենք շատ կարոտած լինելով: Մեծ ուշադրություն և պատասխանատվություն է պահանջում աղոթքը եկեղեցում, և աղոթքի նյութը կյանքի կոչելը: Զղջանք եկեղեցի մտնելիս, գոհանանք, որ արժանացանք առանց հալածանքի և դժվարության երկրպագել մեր Տեր Աստծուն, փառավորենք Նրա Սուրբ Անունը և ապա խնդրենք, որ օգնի մեզ, մեր տկարություններից ձեռբազատվելու համար: Գեղեցիկ սովորություն է աղոթել սովորելը, իսկ առավել գեղեցիկ ու օգտակար է օրվա մեջ բազում անգամներ աղոթքով կապի մեջ լինել Աստծու հետ:Փառք Աստծուն ամեն օր և ամենուր: