«Մի՛ խաբուէք. ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ էլ յափշտակողներ Աստծու Արքայութիւնը չպիտի ժառանգեն».

աշխարհաբար
«Մեղանչեցի ձեռքով գողանալով, ագահելով, զրկելով, հարվածելով, սպանելով և գարշելի գործեր կատարելով։ Մեղանչեցի Աստծո դեմ»։
Այս հատվածում ներկայացված են մարմնի հինգ զգայարաններից մեկի՝ շոշափելիքի միջոցով գործվող որոշ մեղքեր։
Տասնաբանյա պատվիրաններից ութերորդը վերաբերում է գողությանը.
«Մի՛ գողացիր»։ Գողությունը պատկանում է այն մեղքերի թվին, որոնց թողություն ստանալու համար միայն զղջումն ու խոստովանությունը բավական չեն. անհրաժեշտ է նաև գործով փոխհատուցում՝ կամ գողացվածը վերադարձնել տիրոջը, կամ, եթե վերադարձնելն այլևս անհնար է, հասցված վնասը որևէ այլ կերպ հատուցել։ Իսկ Պողոս Առաքյալն ասում է. «Ով գողանում էր, այլեւս թող չգողանայ, այլ մանաւանդ թող աշխատի իր ձեռքերով բարիք արտադրել, որպէսզի կարո՛ղ լինի տալու նրան, ով կարիքի մէջ է»։ Եփես.4:28
«Մի՛ խաբուէք. ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ էլ յափշտակողներ Աստծու Արքայութիւնը չպիտի ժառանգեն»։ Ա. Կորնթ.6:9
 
Զրկելու կամ զրկողության մեղքն են գործում նրանք, ովքեր իրենց իշխանությունից
ու դիրքից օգտվելով՝ ուրիշներին զրկում են նրանց արդար վաստակից, աշխատանքի դիմաց չեն վճարում կամ պակաս են վճարում, անիրավ միջոցներով հափշտակում են նրանց ունեցվածքը և այլն։ Զրկողության մի տեսակ է վաշխառությունը, երբ փոխատուն փոխառուի վրա մեծ տոկոսներ է դնում։ Աստվածաշունչն ընդհանրապես տոկոսով փոխատվությունն ազգակիցներին, մանավանդ աղքատներին, անօրինություն է համարում: Եթե Տեր Հիսուսը մեզ նույնիսկ պատվիրում է փոխ տալ առանց հատուցման ակնկալիքի, և այս արդարությունը շատերիս կարող է անարդարություն թվալ, ապա պարզ է, թե մամոնապաշտ աշխարհում այնքան սիրված վաշխառությունը որքան հեռու է այն արդարությունից, որ պահանջում է մեզանից Աստված։
 
Հարվածելու մեղքը ծնվում է բարկությունից, և պարզ հարվածն անգամ կարող է վերաճել ծեծկռտուքի, իսկ երբեմն էլ պատճառ դառնալ դիմացինի մահվան՝ այսպիսով վերածվելով սպանության։ Որևէ կենդանու անգթաբար հարվածելը կամ ծեծելը նույնպես մեղք է, քանի որ արդար մարդուն հատուկ է գութ ունենալ ոչ միայն մարդկանց, այլև Աստծո բոլոր արարածների, մանավանդ այն կենդանիների հանդեպ, որոնք օգուտ են տալիս մարդուն և հանձնված են նրա խնամքին.
Կարիք չկա բացատրելու, թե որքան մեծ մեղք է սպանությունը, որն արգելված է տասնաբանյա պատվիրաններից վեցերորդով. «Մի սպանիր»:
Սպանության մեղք են գործում թե՛ ուրիշին կյանքից զրկողները, թե՛ ինքնասպանները և թե՛ իրենց արգանդի պտուղը ոչնչացնող կանայք։ Իսկ ինչ վերաբերում է պատերազմների ժամանակ գործվող սպանություններին, ապա այսպիսի սպանությունը մեղք չի համարվում, քանի որ կատարվում է հայրենասիրությունից ու ազգասիրությունից մղված։ Գարշելի գործեր ասելով կարող ենք հասկանալ մարմնի անդամներով, մանավանդ ձեռքերի ու ոտքերի միջոցով կատարվող մնացած բոլոր գարշելի գործերը, որոնք մարդ կարող է կատարել, ինչպես օրինակ՝ կաշառք տալ կամ պահանջել, խաբեբայությամբ զբաղվել, մեկին տանջել, չարչարել, բռնաբարել, ծաղրուծանակի ենթարկել և այլն։
Սրանք մեզ հանդիպում են ամենուրեք, ուզենք թե չուզենք, իսկ հնարավո՞ր է, որ մարդը երբևէ համարձակվի իրեն անմեղ համարել…
Փառք Աստծուն, որ հաստատեց Պատարագի խորհուրդը և հնարավորություն ունենք այս հրաշալի զղջման աղոթքի միջոցով
խոստովանել մեր գարշելի մեղքերը ամեն կիրակի, և առհասարակ: