Ճանաչենք մեր եկեղեցին. / hogevor qarozner հոգևոր քարոզներ

Դավանանքը Եկեղեցու հիմքն է, որից ծնվում է Եկեղեցու ճանաչողությունը: Առանց դավանանքի իմացության և ծիսարարողական կյանքին մասնակցության, գոյություն չունի ո՛չ ճշմարիտ անդամություն և ո՛չ իրական, եկեղեցական կյանք: Ավելորդ է նշել, որ եկեղեցական ներքին կյանքի խաթարումները, հիմնականում ծագել են թե մասնավորապես դավանանքի չիմացությունից և թե ընդհանրապես եկեղեցին
չճանաչելուց: Հարկ է նշել, որ դավանանքը կմնա սոսկ մեռած տառ կամ լավագույն դեպքում արվեստի, մտքի և փիլիսոփայական ձևակերպումների հիանալի դրսևորում, եթե այն կյանքի չկոչվի և կյանքի ընթացքը չշաղախվի նրա հետ,որպես կենցաղավարության և մտածողության չափանիշ:




Ե Կ Ե Ղ Ե Ց Ի
Ի՞նչ ես հասկանում՝ եկեղեցի ասելով։
– Հասկանում եմ այն տեղը, որտեղ հավաքվում են հավատացյալները և աղոթում։ Սրա համար է, որ եկեղեցին կոչվում է նաև աղոթքի տուն, աղոթավայր։
Ինչպե՞ս է սահմանում Եկեղեցին Պողոս առաքյալը։ Իր Տիմոթէոս աշակերտին նա գրում է.
«Քեզ գրում եմ սա, քանզի հույս ունեմ շուտով գալ։ Իսկ եթե ուշանամ, որպեսզի գիտենաս, թե ինչպես պետք է շրջել Աստուծո տան մեջ,որ կենդանի Աստուծո Եկեղեցին է՝ ճշմարտության սյունը և հաստատությունը Ա Տիմոթ.3:14 -15]։
Ուրեմն, Եկեղեցին միայն շենք չէ՞։
-Անշուշտ. Եկեղեցի է նաև հավատացյալ ժողովուրդը, որովհետև մեր Տերն ասաց. «Ուր որ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, Ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»: Մատթ.18:20։
Սրա համար էլ սուրբ Սահակ հայրապետն այսպես է սահմանում Եկեղեցին. «Աստուծո պատվիրանները մեզ չեն ասում, թե քարերից և փայտերից շինվածքն է Եկեղեցին, այլ հաստատուն վեմի վրա հավատքով շինված մարդկային ցեղը։ Ուրեմն, Եկեղեցին ճշմարիտ հավատքն է, որ հավաքում է մեզ մեկտեղ՝ ճանաչելու համար Աստուծո Որդուն»։
Նույն հայրապետը, շեշտելով անբիծ հավատքի կարևորությունը, ասում է. «Իսկապես այս է Քրիստոսի հավատացյալների մայր Եկեղեցին։ Միայն թե աներկմիտ պահենք այդ հավատքը, որով բանավոր և մտավոր Եկեղեցի շինվեցինք առաքյալների և մարգարեների հիման վրա»։
<<Քրիստոնեական հանրամատչելի գիտելիքներ բոլորի համար>>