ԶՂՋՈՒՄՆ – Աշխարհաբար
ԶՂՋՈՒՄՆ – Գրաբար
Մեղայ ամենասուրբ Երրորդութեանն` Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ: Մեղուցեալ եմ Աստուծոյ:Խոստովանիմ առաջի Աստուծոյ, եւ սրբուհւոյ Աստուածածնին, եւ առաջի քո, հայր սուրբ,զամենայն մեղս, զոր գործեալ եմ: Քանզի մեղայ խորհրդով, բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ,գիտութեամբ եւ անգիտութեամբ՝ մեղայ Աստուծոյ:
Մեղայ հոգւովս եւ զօրութեամբ սորա, մտօքս եւ շարժմամբ սորա, մարմնովս եւ զգայութեամբ սորա: Մեղայ զօրութեամբ հոգւոյս, խորամանկութեամբ, անզգամութեամբ, յանդգնութեամբ եւ երկչոտութեամբ, շռայլութեամբ եւ ժլատութեամբ, զեղխութեամբ եւ անիրաւութեամբ, չարահաւանութեամբ, յուսահատութեամբ եւ թերամտութեամբ՝ մեղայ Աստուծոյ:
Մեղայ չար խորհրդով մտացս, նենգութեամբ, ատելութեամբ, խեթիւ, մախանօք, յաչաղանօք, թուլութեամբ, պոռնկական խորհրդով՝ մեղայ Աստուծոյ:
Մեղայ ցանկութեամբ մարմնոյս, հեշտութեամբ, պղերգութեամբ, հեշտալրութեամբ լսելեացս, արատութեամբ աչացս, ցանկութեամբ սրտիս, իգութեամբ ռնգացս, պագշոտութեամբ բերանոյս, անժուժկալութեամբ, շուայտութեամբ եւ արբեցութեամբ՝ մեղայ Աստուծոյ:
Մեղայ չարութեամբ լեզուիս, ստախօսութեամբ, սուտ երդմամբ, երդմնազանցութեամբ, հակառակութեամբ, վիճաբանութեամբ, բանսարկութեամբ, շոգմոգութեամբ, քսու, դատարկաբանութեամբ եւ ծաղու, զրախօսութեամբ, հերձախօսութեամբ եւ անիծաբանութեամբ, տրտնջելով, դժգոհելով, բամբասելով եւ հայհոյելով՝ մեղայ Աստուծոյ:
Մեղայ գողութեամբ ձեռացս, ագահելով, զրկելով, հարկանելով, սպանանելով եւ ընդ գարշս ածելով՝ մեղայ Աստուծոյ:
Մեղայ ամենայն յօդուածովք շինուածոյս եւ ամենայն անդամօք մարմնոյս, եօթնեակ զգայարանօքս եւ վեցեկի շարժմամբս, վերամբարձ ոտնահարութեամբ եւ վայրաքարշ մեղկութեամբ, յաջ եւ յահեակ խոտորելով, զառաջնոցն մեղանչելով եւ վերջնոցն չար նշաւակ գոլով՝ մեղայ Աստուծոյ:
Այլ եւ մեղայ եօթնիցս յանցանօք, մահացու մեղօք` հպարտութեամբ եւ մասամբք նորին, նախանձու եւ մասամբք նորին, բարկութեամբ եւ մասամբք նորին, ծուլութեամբ եւ մասամբք նորին, ագահութեամբ եւ մասամբք նորին, որկրամոլութեամբ եւ մասամբք նորին, բղջախոհութեամբ եւ մասամբք նորին՝ մեղայ Աստուծոյ:
Այլ եւ մեղայ ամենայն պատուիրանացն Աստուծոյ, յանձնառնլեացն եւ հրաժարելեացն, զի ո’չ զյանձնառականսն կատարեցի եւ ո’չ ի հրաժարելեացն հեռացայ: Զօրէնս առի` եւ յօրինացն հեղգացայ, ի կարգս Քրիստոնէութեան հրաւիրեցայ` եւ գործովս անարժան գտայ՝ գիտելով զչարն` կամաւ կորացայ եւ ի բարեաց գործոց ինձէն հեռացայ. վա’յ ինձ, վա’յ ինձ, վա’յ ինձ: Զորն ասեմ, կամ զորն խոստովանիմ, զի անթիւ են յանցանք իմ, անասելի են անօրէնութիւնք իմ, աններելի են ցաւք իմ՝ մեղայ Աստուծոյ:
Հա’յր սուրբ, զքեզ ունիմ միջնորդ հաշտութեան եւ բարեխօս առ միածին Որդին Աստուծոյ, զի իշխանութեամբդ, զոր տուեալ է քեզ` արձակեսցես զիս ի կապից մեղաց իմոց, աղաչեմ զքեզ:
Աշխարհաբար
Մեղանչեցի ամենասուրբ երրորդության` Հոր, Որդու և Սուրբ Հոգու դեմ:
Մեղանչել եմ Աստծո դեմ: Խոստովանում եմ Աստծո, սուրբ Աստվածածնի և քո առաջ, հայր սուրբ, գործածս բոլոր մեղքերը: Քանզի մեղանչեցի խորհուրդով, խոսքով և գործով, կամովին և ակամա, գիտությամբ և անգիտությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:
Մեղանչեցի հոգովս և նրա զորությամբ (զորություններով), մտքովս և նրա շարժմամաբ (շարժումներով), մարմնովս և նրա զգայությամբ (զգայարաններով): Մեղանչեցի հոգուս զորությամբ` խորամանկությամբ և անզգամությամբ, հանդգնությամբ և երկչոտությամբ, շռայլությամբ և ժլատությամբ, զեխությամբ և անիրավությամբ, չարահավանությամբ, հուսահատությամբ և թերահավատությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:
Մեղանչեցի մտքիս չար խորհուրդներով` նենգությամբ, ատելությամբ, հիշաչարությամբ, մախանքով, չարակամությամբ, թուլությամբ, պոռնակական խորհրդով` արվամոլական, իգամոլական, անասնական, գրաստական, գազանական, գիշերն ու ցերեկը երազական գիջությամբ և անրջական գարշելի աղտեղությամբ : Մեղանչեցի Աստծո դեմ:
Մեղանչեցի մարմնիս ցանկությամբ` հեշտասիրությամբ, պղերգությամբ, քնի հորանջմամբ, մարմնի շարժումներով ու պես-պես ախտերով զազրագործությամբ, ականջներովս ցանկասիրությամբ լսելով, աչքերիս անմաքրությամբ, սրտիս ցանկությամբ, ռունգներիս մեղկությամբ, բերանիս անպարկեշտությամբ, անժուժկալությամբ, շվայտությամբ և հարբեցողությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:
Մեղանչեցի լեզվիս չարաբանությամբ` ստախոսությամբ, սուտ երդմամբ, երդմնազանցությամբ, հակաճառությամբ, վիճաբանությամբ, չարախոսությամբ, շոգոմոգությամբ, քսությամբ, դատարկաբանությամբ, ծիծաղով ու ծաղրով, զրախոսությամբ, հերձախոսությամբ, անիծելով, տրտնջալով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով: Մեղանչեցի Աստծո դեմ:
Մեղանչեցի ձեռքով գողանալով, ագահելով, զրկելով, հարվածելով, սպանելով և գարշելի գործեր կատարելով: Մեղանչեցի Աստծո դեմ:
Մեղանչեցի մարմնիս բոլոր մասերով ու բոլոր անդամներով, հինգ զգայարաններով և վեցյակ շարժումներով` վերամբարձ ոտնահարությամբ, վայրաքարշ մեղկությամբ, աջ և ձախ խոտորվելով, նախկինների մեղքերը գործելով և գալիք սերունդներին չար օրինակ թողնելով: Մեղանչեցի Աստծո դեմ:
Այլև մեղանչեցի յոթ մահացու մեղքերով` հպարտությամբ, նախանձով, բարկությամբ, ծուլությամբ, ագահությամբ, որկրամոլությամբ, բղջախոհությամբ և նրանց տարատեսակներով:Մեղանչեցի Աստծո դեմ:
Այլև մեղանչեցի Աստծո բոլոր պատվիրանների դեմ` հանձնառելի և հրաժարելի, որովհետև ոչ հանձնառելիները կատարեցի, ոչ էլ հրաժարելիներից հեռացա: Օրենքը ստանձնեցի, սակայն նրանում ծուլացա, քրիստոնեական հավատքն ընդունեցի, բայց գործերովս նրան անարժան գտնվեցի, չարն իմանալով` կամովին շեղվեցի և բարի գործերից ինքնակամ հեռացա: Վայ ինձ, վայ ինձ, վայ ինձ: Ո՛րն ասեմ կամ ո՞րը խոսովանեմ. Հանցանքներս անթիվ են, անօրինություններս` անպատմելի, ցավերս` աններելի, և վերքերս` անբժշկելի: Մեղանչեցի Աստծո դեմ:
Հայր սուրբ, դու ես իմ` Աստծո Միածին Որդու հետ հաշտության միջնորդն ու բարեխոսը, քեզ տրված իշխանությամբ արձակիր իմ մեղքերի կապանքները, աղաչում եմ քեզ: