Շնորհավորում եմ բոլորին մեր Տիրոջ Հրաշափառ Համբարձման տոնի առթիվ,
և կրկնակի շնորհավորում եմ Համբարձում անուն, ազգանունը կրող անձանց, իրենց անվանակոչության օրվա առթիվ:
Նկարի քարի վրա վերջին անգամ դրվեց մեր Տիրոջ Սուրբ ոտքը: Երանի նրանց, ովքեր ապրեցին ու վայելեցին մեր Տիրոջ ներկայությունը, հավատացին ու սիրեցին, քայլեցին ու լսեցին, տեսան ու զարմացան, և այդ Լույսը տարածեցին աշխարհով մեկ, բայց առավել երանի է մեզ, որ ստացանք մեր Փրկչի գերագույն սիրո Կտակը, հաստատվեցինք ու պատսպարվեցինք Իր հաստատած եկեղեցու մեջ, ամեն րոպե մեզ հետ ունենալով Նրա հետ խոսելու հնարավորություն, Նրան լսելու շնորհ: Մեր Տերը համբարձվեց երկինք, սակայն մեզ անմասն չթողեց Իր լույսից: Ամեն Կիրակի Սուրբ Պատարագի Անհաս Խորհրդից մենք մաս ու բաժին ունենք մեր փրկության համար: Մեզ մնում է միայն կրել այդ լույսը մեր մեջ և ապրել լուսավոր, այնպես, որ այդ լույսը շողարձակի ամենուր մեր միջոցով, և մեր սրտերը թող բերկրանքից ծփան այս խոսքից. «Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»։ Փառք Աստծուն Իր հաստատած բոլոր օրերի համար, ինչպես նաև հինգշաբթի օրվա համար: Հինգշաբթի օրը հաստատեց Սուրբ Հաղորդության Խորհուրդը, և Հինգշաբթի օրը Համբարձվեց երկինք մեր Տերը:
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
Քրիստոս Իր հրաշափառ հարությունից հետո 40 օր երևաց Իր աշակերտներին՝ նրանց հետ խոսելով Աստծո արքայության մասին: Քառասուներորդ օրը, վերջին անգամ այցելելով նրանց, Հիսուսը վերստին բացատրեց Իր աստվածային տնօրինությունների խորհուրդը, որի վկան ու մասնակիցը եղան նրանք, և
պատվիրեց մնալ Երուսաղեմում մինչև Պենտեկոստեի օրը, երբ կիջնի Սուրբ
Հոգին և բնակվելով նրանց մեջ՝ կառաջնորդի իրագործելու իրենց առաքելությունը ողջ աշխարհում: Այնուհետև Իր աշակերտների հետ Քրիստոս բարձրացավ Ձիթենյաց լեռը, որտեղ օրհնեց նրանց: Եվ մինչ օրհնում էր, բոլորի աչքի առջև բարձրացավ երկինք, և ամպը ծածկեց Նրան: Աշակերտներն ապշահար դեպի երկինք էին նայում, երբ երևացին երկու ճերմակազգեստ մարդիկ և ասացին. «Ինչո՞ւ եք կանգնել ու նայում երկինք: Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք Նրան երկինք գնալիս»Գործ.1.9 Այս խոսքերով հրեշտակներն աշակերտներին հիշեցրին աշխարհի վախճանին Քրիստոսի երկրորդ գալստյան մասին:
Քրիստոս Իր համբարձմամբ ոչ թե հեռացավ Իր աշակերտներից, այլ գնաց,
որպեսզի Սուրբ Հոգին գա և հեղվի նրանց մեջ՝ բոլորին օժտելով երկնային շնորհներով: Նա համբարձվեց, որպեսզի երկինքը երկրին միավորի և աստվածացնի ու փառավորի մարդկային բնությունը, ինչպես և ասել էր. «Երբ Ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի Ինձ կձգեմ» Հովհ. 12.32:
Քրիստոսի համբարձմամբ բացվեց դեպի երկինք տանող ճանապարհը՝ երկնքի ներքո գտնվող և մարդկանց մոլորեցնող սատանայի ու դևերի միջով: Նա ելավ երկինք և նստեց Հոր աջ կողմում առանց լքելու Իր սիրելի առաքյալներին և բոլոր նրանց, ովքեր հավատում և սիրում են Իրեն: Համբարձման տոնը Եկեղեցին նշում է Հինանց շրջանում՝ Զատիկից 40 օր անց, և 10 օր շարունակ՝ մինչև Հոգեգալուստ, պատվում այս տնօրինության հիշատակը նրան նվիրված շարականներով: Համբարձման տոնի տեղեկությունը`
Սրբազան Ավանդություն կայքից է, ինչ համար փառք Աստծուն և շնորհակալություն իրենց: