Խոսենք Աստծու հետ քնելուց առաջ, իսկ առավոտյան` գնանք ընդառաջ…

Ուզո՞ւմ ես Պատարագը քեզ ավելի հասկանալի ու հետաքրքիր լինի,
կարդա Սաղմոսների գիրքը: Այն համարյա կարդացվում է Պատարագի ժամանակ:
Սաղմոսների գիրքը կարդալիս, կարծես Փրկչի` Քրիստոսի ձայնն ենք լսում,
որ կպնում է մեր սրտին: Սաղմոս կարդալիս, թվում է, թե հենց մեզ համար է
գրված այդ սաղմոսը: Կա՞ մեկը, որին չի վերաբերում սաղմոս 50 ի այս տողերը..
«Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո մեծ ողորմութեամբ եւ քո գթառատութեամբ ջնջի՛ր իմ յանցանքները։
Առաւել եւս լուա՛ ինձ իմ անօրէնութիւնից եւ իմ մեղքերից մաքրի՛ր ինձ։
Իմ անօրէնութիւններն ես ինքս գիտեմ, եւ մեղքերն իմ միշտ առջեւս են» ։
 
Սաղմոսների գրքում կարող ենք գտնել մեր հոգեվիճակին հարմար, մխիթարող, հորդորող, զգուշացնող,
քաջալերող, հուսադրող, խոսքեր և մտքեր: Ինչպես նաև Աստծուն փառաբանելու, գոհություն հայտնելու նվիրական խոսքեր:
Վստահեցնում եմ, որ հուսահատ և նեղված վիճակից մեզ կարող է դուրս բերել միայն Աստծո խոսքը:
Որոշ սաղմոսներ ուղղակի պետք է անգիր սովորենք, որոշներից` հատված, տողեր:
Սաղմոսները կարելի է գործածել նաև որպես լավագույն մաղթանք, օրհնանք, բարի լուր, և այլն:
Մի խոսքով սաղմոսները լավագույն միջոց են մեր Տիրոջը առավել մոտենալու, Նրա ջերմությունը խոսքերի միջոցով զգալու:
Սաղմոսները լեզվից անմիջապես անցնում է միտք, այնտեղից էլ սիրտ, և բնակվում այնտեղ:
Սաղմոսը մեր Տիրոջ ձայնն է:
 
Ես կարդացել եմ, որ առաջներում, ենթական մինչև սաղմոսների գիրքը անգիր չիմանար,
այսինքն 150 սաղմոս անգիր պետք է իմանար, որ իրավունք ունենար ձեռնադրվելու եկեղեցում:
Ինչ լավ սովորություն է եղել, և մեր հայրերը խստապահանջ են եղել ձեռնադրության հարցում:
 
Օրինակ այս սաղմոսը` Սաղմոս 21:32
«Գալիք սերունդներին պիտի պատմեմ Տիրոջ մասին, Տիրոջ գործած արդարութիւնը պիտի աւանդուի այն ժողովրդին, որ ծնուելու է»։
Մի՞ թե մենք այդ ժողովուրդը չենք: Կամ այս մեկը ինչ լավն է. Սաղմոս 89:16
«Նայի՛ր, Տէ՛ր, քո ծառաներին ու քո ձեռակերտներին, եւ առաջնորդի՛ր նրանց որդիներին։
Տէր Աստծու լոյսը թող մեզ վրայ իջնի. ուղղի՛ր մեր ձեռքի գործերը, Տէ՛ր, մեր ձեռքի գործերը յաջողեցրո՛ւ մեզ»։
Սքանչելի խոսքեր են: Կամ`Սաղմոս 69:5
«Թող ցնծան եւ քեզնով ուրախանան բոլոր նրանք, ովքեր փնտռում են քեզ, Տէ՛ր։
Քո պարգեւած փրկութիւնը սիրողները թող միշտ ասեն. «Մե՛ծ է Աստուած»։