«Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի»: Ղուկաս 2:31

Կարդանք սուրբ Եփրեմ Ասորու գեղեցիկ մեկնաբանությունը Տեառնընդառաջի
տոնի խորհրդի վերաբերյալ, մենք էլ մեր հերթին գիտությամբ մոտենանք
խորհրդին, և տոնի լույսը մշտավառ պահենք մեր սրտերում, չբավարարվենք
միայն կրակ վառելով և խնամիների հավաքով խնճույք կազմակերպելով:
Մեծ է, և խորին խորհուրդ ունի տոնը բոլորիս համար:
 
Սուրբ Հոգին կոչեց Սիմեոն ծերունուն, որպեսզի վկայի Մանկան մասին:
Անցնում էին դարերը, և ծերը կենդանի էր պահվում, որպեսզի վկայի
ժամանակների Տիրոջ մասին: Սերունդները մեռնում էին, իսկ Սիմեոնը կենդանի
էր մնում՝ սպասելով Մշտնջենավորին, Ով պիտի ծնվեր իբրև մարդ:
Ապրում էր ծերունին աշխարհում՝ սպասելով աշխարհի Տիրոջը, թե Նա, ըստ Իր
խոստման, երբ պիտի հայտնվի աշխարհում: Մահը անցնում էր նրա կողքից
և չէր մոտենում նրան, նրա առջևից տանում էր նահապետներին, իսկ նրան
մոտենալ չէր համարձակվում: Սիմեոնը, իբրև արձան, դրվել էր ճանապարհի
վրա, որպեսզի վկայի, թե կենդանարարը Նա է, ով կփոխի իրեն այս կյանքից:
 
Կույսը, վերցրած ծեր Մանկանը՝ Նրան, Ով եկել էր նորոգելու աշխարհի հնությունը, եկավ տաճար:
Ըստ օրենքի սովորության՝ բերեցին ընծաները, և Սուրբ Հոգին կոչեց Սիմեոնին, թե՝
«Վերցրո՛ւ Նրան. եկել է կապվածներին Արձակողը, խնդրի՛ր Նրան՝ արձակելու քեզ, ինչպես որ կապեց:
Վե՛ր կաց, ծե՛ր, և այդ Մանուկից ընդունի՛ր վախճանդ, զոհերի՛ մշակ, ահա եկավ Քահանայապետը՝ հանգիստ տալու քեզ»:
Սիմեոնը զորացավ Հոգով, որով զգեստավորված էր, և սկսեց խոսել ճշմարտությունը: Տեսնելով Նրան գրկած Կույսին՝
երկյուղով երկրպագեց և ձեռքերը կարկառելով՝ սիրով ընդունեց Նրան: Աղաչում էր Նրան ու ասում.
«Տե՛ր, այժմ, երբ ես տեսա Քեզ, արձակի՛ր ինձ, որ գնամ հանգստանամ: Ահա իմ աչքերը տեսան Քո ողորմությունը:
Քանդի՛ր իմ կապանքները՝ ըստ Քո խոստման: Քեզ էի սպասում, որպեսզի ծնվես, գաս ու արձակես ինձ, կատարի՛ր խնդրվածքս, որ հայցում եմ Քեզնից:
Սերմանի՛ր ինձ գերեզմանում, ինչպես բոլորին, և երբ անցնի աշխարհի ձմեռը, հրամայի՛ր ինձ բուսնել: Թաղի՛ր ինձ ակոսի մեջ, իբրև ցորենի հատիկ,
և երբ բխեցնես կյանքի անձրևը, բազում արդյունքներով բուսեցրու ինձ»:
 
Մարիամին զարմացնում էին Սիմեոնի այս խոսքերը, տագնապեցնում էին խորհուրդները. նա թերևս այսպես էր ասում իմաստուն, խոհեմ Սիմեոնին.
«Ինչպե՞ս պիտի արձակի քեզ իմ Մանուկը, և կամ ե՞րբ էիր կապված: Որտե՞ղ ես տեսել Նրան. չէ՞ որ դու ծեր ես, Սա՝ մանուկ:
Ե՞րբ քեզ հետ դաշինք կնքեց, որի մասին ասում ես: Ինչպես երևում է՝ հին է քո խորհուրդը, իսկ իմ Որդին նորածին է, ինչպե՞ս կիմանա այն ամենն, ինչ ասում ես:
Դու որտե՞ղ ես տեսել Նրան. երկնքո՞ւմ, թե՞ երկրի վրա. բացատրի՛ր ինձ. Նրան ծնելու օրից մինչև այսօր քեզ
չեմ տեսել: Այն խորհուրդը, որի մասին ասում ես, առաջ է ինձնից, քանզի դու ծեր
ես ու բազմամյա, իսկ ես՝ աղջիկ. եթե ես՝ Նրա մայրը, չգիտեմ քո ասածները, այս Մանուկը, Որին ծնեցի, որտեղի՞ց կարող է իմանալ:
Մանուկից ինչպե՞ս ես խնդրում, որ քեզ արձակի, երբ քո կապանքները, ինչպես ասացիր, բազմաժամանակյա են,
քառասնօրյա Մանուկս ի՞նչ զորությամբ կապեց քեզ և կամ ինչպե՞ս կարող է արձակել քեզ»: Սիմեոնն ասաց.
«Զորությունների Տերն է Նա, և ամեն բան դյուրին է Նրա համար. ես ու դու անկարող ենք հասու լինելու Նրա որպիսությանը»:
 
Գրվեց Ավետարաններում և հասավ մեզ այս լուրը, թե` ինչ ասաց Մարիամին Սիմեոն Ծերունին, Մանուկ Հիսուսին իր գիրկն առնելով:
«Սիմէոնը նրանց օրհնեց եւ ասաց նրա մօրը՝ Մարիամին. «Ահա սա նա է, որ պատճառ է դառնալու Իսրայէլի մէջ շատերի անկման ու բարձրացման եւ նշան հակառակութեան:
Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ յայտնի դառնան»: Սբ. Եփրեմ Ասորի