Ընտրությունը մեկն է. / hogevor qarozner հոգևոր քարոզներ

Երկու ճանապարհ կա` կյանք և մահ:
Երկու ընտրություն կա` ազատ և ստրուկ:
Երկու ծառայություն կա` Տիրոջը և սատանային:
Երկու որոշում կա կիրակի օրը` Պատարագ և հանգիստ (հարգելի պատճառների մասին չէ խոսքը):
Մի՞թե դու գիտես քո կյանքի սահմանը որտեղ է ավարտվում, որ համարձակվում ես այսօրվա հոգևոր գործերը վաղվան թողնել:
Քո կյանքի առաջին նպատակը թող լինի իմանալ`թե ի՞նչ է Աստծո նպատակը քո կյանքում: Ապրելը հաճույք է` Հիսուս Քրիստոսին ծառայելու պարագայում, իսկ մեռնելը սարսափելի չէ Նրան տեսնելու ակնկալիքով:
Մենք էլ կարող ենք Պողոս Առաքյալի նման վստահ ասել այս խոսքերը, երբ մաքուր են մեր սիրտն ու ձեռքերը:
«Ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ» (Փիլիպ. 1:21)
Դու վատ մի՛ զգա քեզ, երբ ինչ որ մի գիրք չես կարդացել, չես կարող բոլոր գրքերը կարդալ և պարտադիր չէ: Նույնպես վատ մի՛ զգա, երբ մի ֆիլմից խոսեն, և դու տեսած չլինես այդ ֆիլմը, կարիք էլ չկա բոլոր ֆիլմերը անխտիր նայել: Երբ չես տիրապետում քաղաքական հարցեր, նույնպես վատ մի զգա, դրա մասնագետները առանձին են: Բոլոր ոլորտներին չես կարող ամբողջությամբ տեղյակ լինել, այդ պատճառով երբեք վատ մի զգա: Դու քո կոչման մեջ հավատարիմ եղիր միայն:
Դու միայն վա՛տ զգա, որ չե՛ս կարդացել Գրքերի Գիրքը` Աստվածաշունչը:
Չե՛ս նայել ֆիլմերի ֆիլմը` Հիսուսի չարչարանքները մարդկության համար:
Վա՛տ զգա, երբ կխոսեն Ավետարանից, իսկ դա քեզ համար օտար թեմա կլինի:
Իսկ եթե դու ամեն ինչից տեղյակ ես, բացի Աստծուց և Աստվածաշնչից, համարիր, որ ոչնչից էլ տեղյակ չե՛ս, որովհետև վերջին օրը քո իմացած գիտելիքները քեզ չե՛ն փրկի դատաստանի հրապարակում, իսկ այն ժամանակ արդեն ուշ կլինի դառնալ ու փնտրել Աստվածաշունչը կարդալու համար:
Այսօ՛ր արա այդ սուրբ գործը, բոլոր գործերից առաջ, և քաջատեղյակ կլինես բոլոր ոլորտներից, և ամենակարևորը տեղյակ կլինես Աստծո դիրքորոշմանը, ոչ թե մարդու: Բարի ընթերցում քեզ այսօր, Աստվածաշնչից մի գլուխ, մի համար, մի նախադասություն: Չե՞ս ուզում իմանալ, թե Աստված ինչպես է խոսում մարդկանց հետ Սուրբ Գրքի միջոցով: Ուրեմն ստիպիր աչքերիդ, ականջներիդ և ոտքերիդ ստիպիր, թող քեզ տանի եկեղեցի և դու Սուրբ Պատարագին կլսես, թե ինչ է քեզ ասում Աստված և ինչպես է խոսում քեզ հետ, թե ինչպես ես խաղաղվում աշխարհի փոթորիկներից:
Թող Աստված ընդունի բոլորիս աղոթքները, հատկապես միմյանց համար արված:Փառք, պատիվ և գոհություն Աստծուն Իր տված բարիքների համար: