Ընտրյալների տաս գլխավոր նշանները. / hogevor qarozner հոգևոր քարոզներ

Ընտրյալների տաս գլխավոր նշանները, որ աստվածաբանները վերցնում են Սուրբ Գրքից
Ա. Ով ուղիղ հավատ ու աներկբա հույս ունի, սիրում է Աստծուն ու ընկերոջը, Աստծուց երկնչում է և պահում Նրա բոլոր պատվիրանները, նախանձավոր է լինում Աստծու փառքին ու ջանք թափում ընկերոջ փրկության համար:
Բ. Ով բոլոր գործերում որպես իր վերջին նպատակ ունի Աստծու արքայությունը, չունի հարստության, փառքի, պատվի և աշխարհի բոլոր բաների անկարգ բաղձանք:
Գ. Ով հանուն Քրիստոսի անտրտունջ համբերում է բոլոր վշտերին ու փորձություններին, իրեն ու իրեն վերաբերող ամեն ինչ հանձնում է աստվածային տեսչությանը և ամեն ինչում համաձայնում Աստծու կամքին:
Դ. Ով հեզ ու խոնարհամիտ է, ամենքին բարիք է կամենում և ոչ ոքի չարիք գործել չի խորհում, թշնամիներին ներում է և նրանց փրկության համար աղոթում:
Ե. Ով ամեն ժամանակ իր կարողության չափով ողորմություն է տալիս կարոտյալներին, խնամում հիվանդներին, օգնում փորձանավորներին, ուսուցանում տգետներին ու խրատում անխրատներին:
Զ. Ով իրեն բոլոր մարդկանցից մեղավոր է համարում, հոգու խոնարհությամբ զղջում մեղքերի համար, հաճախ խոստովանում ու ապաշխարում և արժանապես մոտենում հաղորդվելու Տիրոջ մարմնի ու արյան կենարար Խորհրդին:
Է. Ով ըստ ամենայնի զգուշանում է մահացու մեղքերից, և որքան հնարավոր է, ներելի հանցանքներից, հեռանում է մեղքի պատճառից և իր զգայարաններն ամեն անվայել բանից հեռու պահում, մարմնավոր հաճույքներից ու փափկությունից փախչում և մարմինը պահքով ու ժուժկալությամբ ճնշում:
Ը. Ով հոժարամտությամբ ունկնդրում է հոգեշահ խրատներ և Աստծու պատգամները սրտի ուրախությամբ լսում ու ջանում է կատարել:
Թ. Ով ջերմեռանդությամբ մասնակցում է սուրբ Պատարագին, անձանձիր կատարում է իր ամենօրյա աղոթքները, ապավինում սուրբ Աստվածածնին և նրան խնդրում բարեխոսել Աստծու առաջ:
Ժ. Ով միշտ խոկում է իր մահվան ու Աստծու դատաստանի, արքայության փառքի ու դժոխքի տանջանքների մասին:

Մեծ է քրիստոնյաների արժանավորությունը, այն ոչ մի բանի հետ համեմատելի չէ: Իսկ եթե մեկը դարձել է ցրված և հափշտակվել չարից, ապա նմանվում է մի քաղաքի, որը պարիսպներ չունի, և որտեղից որ կամենան, անարգել մուտք են գործում ավազակները և ամայացնում ու մոխիրների են վերածում այն: Այդպես, եթե դու էլ անփույթ ես և անուշադիր ինքդ քո հանդեպ, ապա գալիս են չար ոգիներ, ոչնչի են վերածում ու ամայացնում միտքդ` խորհուրդներդ ցրելով ու շաղ տալով այս կյանքում:
Սուրբ Մակար Մեծ.