hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Է օր Մեծ Պահք. Բ Կիրակի (Արտաքսման)
Մեծ Պահքի առաջին կիրակին Բուն Բարեկանդանն էր, երկրորդը` Արտաքսման կիրակին:
Վաղ առավոտից գնահատենք այն փաստը, որ յուրաքանչյուր օր մեծ հնարավորություն է մեր կյանքը փոխելու համար, այնպես, ինչպես յուրաքանչյուր օր մեծ կորուստ է անօգուտ անցկացնելու համար: Հետևաբար մենք իրավունք չունենք գեթ մեկ օր անպտուղ թողնելու հատկապես պահքի երկարաշունչ օրերին: Եթե անդրադառնանք մեր ապրած կյանքին, ապա կտեսնենք, որ այն իր մեջ պարունակում է պահքի յոթ կիրակիների խորհուրդները: Բոլորս էլ ինչ որ ժամանակ եղել ենք կատարյալ երանության վիճակում, բոլորիս կյանքում էլ եղել է անկում և սխալներ, որին հաջորդել են տխուր օրերը և մղձավանջային ապրումները, դարձյալ գտնվել են մարդիկ, որոնք օգնության ձեռք են մեկնել, հանելով մեզ այդ վիճակից և մենք նորից հաստատվել ենք մեր բնականոն կյանքի մեջ: Սակայն մեզնից մի մասը դաս է քաղել այդ ամենից, դուրս է եկել սխալ ճանապարհից, մյուս մասը տրտնջալով մնացել նույն ճահճի մեջ անիծելով իր բախտը:
Բայց Ամենատես Աստված յուրաքանչյուրիս հոգուն հպվում է ճիշտ ժամանակին, որպեսզի բացվի մեր աչքերը, մեր ականջները, արթնանա մեր բթանալու վտանգին ենթարկված ուղեղը և մենք հասկանանք, որ առանց Աստծո կամքի մենք անզոր ենք: Քանի որ մեր կամքը մեզ տանում է մեծամտության, ինքնագովեստի, և ինքնաերկրպագության: Հետևաբար երբ մենք ապաշխարությամբ դառնանք Հիսուս Քրիստոսին, մեր հոգում այնպիսի փոփոխություն կկատարվի, որը կարտացոլվի մեր ամեն մի արարքում: Թույլ տանք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս իշխի մեր սրտի ու մեր բանականության վրա և մեր բոլոր գործերը կատարենք ի փառս Իր անվան: Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս հավիտենից: Ամեն.
Ամենօրյա երևույթ է մարդու արտաքսումը դրախտից:Ադամ-Եվայի պատմությունը յուրաքանչյուրիս պատմությունն է, դժբախտաբար, հավերժորեն կրկնվող և մշտնջենապես ներկա: Մարդկանցից ո՞վ չի ունեցել իր փորձության ժամերը`ճիշտ Ադամի և Եվայի նման: Ո՞վ չի հրապուրվել «արգելված պտուղի» տեսքով, ո՞վ իր նմանների կամ իր ներաշխարհի ձայնը չի լսել. «Մի վախեցիր, կեր, կհասունանաս, կիմաստնանաս, աչքերդ կբացվեն, կմեծանաս, փորձառություն ձեռք կբերես» և սրանց նման հազար ու մի փսփսուքներ:
Ո՞վ իր ձեռքն «արգելված պտուղին» չի երկարել, և, վերջապես, ո՞վ այն նաև ուրիշներին չի տվել… Ո՞ր մեղքն իր կամավոր կամ ակամա մեղսակիցները չի ունեցել: Եվ այս բոլորից հետո ո՞վ արդարև չի զգացել իր «աչքերի բացվելը» և թե «մերկացած է» իր անմեղությունից, որն ունենալուն անդրադարձել է միայն այն ժամանակ, երբ արդեն կորցրել է այն: Եվ ինքն իրեն «մերկացած» զգալուց հետո ո՞վ չի խուսափել շրջապատի աչքերից, ծնողներից, անկեղծ ու հարազատ բարեկամներից` հակառակ նրա, որ նման զգացումներ չուներ իր մեղսակից
«բարեկամների» առաջ: Ո՞վ չի հեռացել իր կրոնից, իր եկեղեցուց, որոնց մեջ մարդն զգում է Աստծո ներկայությունը: Ո՞վ չի թաքնվել սև ակնոցների կամ զանազան դիմակների ետևում: Ո՞վ չի պնդացրել իր երեսը կամ չի խուսափել դիմացինի աչքերի մեջ նայելուց`վախենալով, որ միգուցե կարդացվի իր աչքերի մեջ գրված պատմությունը:Վերջապես, ո՞վ չի զգացել կամ ուրիշի դեմքին չի կարդացել իր կամ նրա` «դրախտից արտաքսված» լինելը…
Սրանք այլևս Աստվածաշնչի էջերից վերցված պատմություններ չեն` մարդու նախածնողների մասին, գրված երեք հազար տարիներ առաջ: Սրանք այժմեական և ամենօրյա երևույթներ են, որոնց դերակատարներն ամեն օր և ամենուրեք ապրող, շրջող ու շնչող մարդիկ են. ե՛ս եմ, դո՛ւ ես, նա՛ է, ամենքս ենք: Ամենքս էլ Շնորհալու հետ կարող ենք առանց ստելու ասել. «Գող եղէ մեղաց, գտող կորստեան, գուբ ինձ փորեցի»: Կամ հաստատել սաղմոսի խոսքը. «Ամենեքեան խոտորեցան ի միասին և անպիտանացան…»: Սաղմոս 52:4
Ուրեմն, Ադամի պատմությունը արդարև, յուրաքանչյուր ադամորդու պատմությունն է, բոլորիս ողբերգությունը: «Դրախտում» սկսված պատմությունը նրանից դուրս բոլոր ժամանակներում շարունակվել է, շարունակվում է մեր ժամանակներում, պետք է կրկնվի մինչև այն օրը, երբ վերջին մարդը դառնա հող, որից վերցվել էր:
«Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթա»:
Շնորհք Արքեպիսկոպոս Գալուստյանի հրաշալի գրքից: