hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Բուն Բարեկենդան.
Թող բարի լինի մեր կիրակին, որ կոչվում է Բուն Բարեկենդան:
Մեծ Պահքի առաջի կիրակին է, որ ազդարարում է անհոգ կյանքի և վայելքի օրերի ավարտի մասին, թե ինչպես մենք չգնահատելով մեզ տրված բարիքները, կորցրինք չափի զգացողությունը և մեր անժուժկալության պատճառով զրկվեցինք Աստծո քաղցր ներկայությունից: Այս քառասուն և ութ օրերի ապաշխարությամբ և աղոթքով, զղջումով և արտասուքով, ողորմությամբ և ներողամտությամբ պետք է աղաչենք մեր Տիրոջը, որ ների մեզ և մեր առջև բացի վարագույրը և մենք նորից իրավունք ստանանք բաց Պատարագի ժամանակ Սուրբ Հաղորդության միջոցով դուրս գանք պահքից և տոնենք Սուրբ Հարության տոնը: Կան տարբեր պահքեր՝ Ծննդյան, Առաջավորաց, Հիսնակաց և այլն: Սրանց նախորդող կիրակին կոչվում է բարեկենդան, որին հաջորդող երկուշաբթի օրվանից էլ սկսվում է պահքը: Քանի որ բոլորից երկարն ու տևականը Մեծ Պահքն է, ուստի և գլխավոր բարեկենդանն էլ նրան նախորդող կիրակին է, որը կոչվում է Բուն Բարեկենդան: Բուն Բարեկենդանի նախորդ օրը, շաբաթ երեկոյան ժամերգության ընթացքին, եկեղեցու Խորանի վարագույրը քաշվում է: Խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասնօրյա պահքի ընթացքում:
Եկեղեցու անվանակոչության և կամ կարևոր սրբերի տոների առթիվ երբ մատուցվում է հանդիսավոր Սուրբ Պատարագ, վարագույրը քաշվում է և տեղի է ունենում բաց Պատարագ: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, ուրախության և զվարճանքի օր: Այն մեզ հիշեցնում է Ադամի ու Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ: Բուն Բարեկենդանի շարականները պատմում են, թե ինչպես ստեղծվեց մարդը և ապրեց դրախտի փափկության մեջ: Բուն Բարեկենդանի տոնակատարությունը և խրախճանքը կրոնական որևէ տոնի հետ չի կապվում, ընդհակառակը`նույն օրը սկսվում է արդեն ապաշխարության շարականը, եկեղեցու վարագույր քաշվում է, և Սուրբ Պատարագը մատուցվում է վարագուրված խորանի հետևում:Այսպիսով սկսվում է քառասնօրյա ապաշխարությունը եկեղեցու մեջ: Բուն բարեկենդանի կիրակի երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է Մեծ Պահքը:
Քրիստոնյայի համար Բուն Բարեկենդանը ավելի շատ հոգևոր իմաստ ունի քան կենցաղային: Եվ եթե մենք այժմ պատրաստակամությամբ ու սիրով ենք ընդունում տևական պահքի հրահանգը, եթե մեր հնազանդությունը հոժար սրտով է, ապա այն թեև տրտմություն է մարմնի համար, բայց ուրախություն է հոգու համար: Իսկ հոգին առավել է քան մարմինը: Հետևաբար չափավոր լինենք նաև ուրախության մեջ: Հովհան Ոսկեբերան Հայրապետը հորդորում է. Մեկը պետք է պահպանի այն, ինչ ունի, երկրորդը դառնա այն, ինչ ինքը չէ, մեկը պետք է պահպանի առողջությունը, մյուսը ազատվի տկարությունից, որովհետև դրանից տառապում է: