hogevor qarozner հոգևոր քարոզներ 6
hogevor qarozner հոգևոր քարոզներ
Բնակավայրը փոխելով փորձությունից չենք ազատվի..
Հարց.
Հայր Անտոն անապատականն ասում է.«Մենք չենք առաջադիմում այն պատճառով, որ չգիտենք մեր աստիճանը և մեր դիրքը և չենք հասկանում, թե ինչ է պահանջում այն
գործը, որին ձեռնամուխ ենք լինում, այլ ցանկանում ենք առանց դժվարության հասնել առաքինության: Այդ պատճառով էլ հենց որ մի տեղում փորձության ենք հանդիպում, մի ուրիշ տեղ ենք գնում, կարծելով, թե որևէ մի տեղ սատանա չկա: Բայց ով հասկացավ, որ պատերազմ կա, նա ամեն տեղ մարտնչում է Աստծո օգնությամբ, որովհետև մեր Տերն ասում է . «Աստծո արքայությունը ներսում,
ձեր մեջ է» (Ղուկ.17,21): Նա ի՞նչ է ցույց տալիս այդ խոսքերով:
Պատասխան: – Նրա խոսքի իմաստը հետևյալն է` տեղից տեղ են գնում` ակնկալելով գտնել մի տեղ, որտեղ սատանա չկա, բայց այդտեղ էլ փորձության հանդիպելով, հեռանում են մի այլ տեղ: Բայց ով գիտե, որ պատերազմ կա, նա Աստծո օգնությամբ պայքարում է այնտեղ, որտեղ ապրում է և ուրիշ տեղ չի փնտրում: Իսկ մեր Տիրոջ ասածի նշանակությունը, թե Աստծո արքայությունը ներսում, ձեր մեջ է, այն է, որ մենք, վերցնելով մեր խաչը մեր Տիրոջ պատգամի համաձայն և նրա հետևից գնալով , պետք է մնանք նույն տեղում և հոգալով միայն մեր հոգու փրկության համար, այնտեղ մղենք մեզ պատահող ամեն տեսակի պատերազմները: Հանուն Աստծո սիրո պետք է համբերատարությամբ կրենք փորձությունները, որտեղից էլ որ դրանք գան` կրքերի՞ց, դևերի՞ց, թե՞ մարդկանցից:
«Աստծո արքայությունը ներսում, ձեր մեջ է» այսինքն`«Ես ձեր մեջ եմ բնակվում», որովհետև Աստծո արքայությունը Քրիստոսն է, որը միշտ մեր մեջ է բնակվում: Ուրեմն, եթե մենք բնակվում ենք Աստծո մեջ և ինքներս ենք Նրան բնակարան, ապա մեր Տիրոջը չլքենք փորձության , դժվարության ու մարտերի ժամանակ և տեղից տեղ գնալով ապաստան չփնտրենք այլ երկրներում, այլ մնանք մեր տեղերում`մեր մեջ բնակվող Տիրոջից խնդրելով մեզ օգնություն տալ և ազատել մեզ: