hogevor qarozner 8
hogevor qarozner 8
Ավետարանը կյանքի գիրք է, և պետք է այն կյանքով կարդալ:
«Որովհետև ամոթ չեմ համարում ավետարանելը,
քանի որ այն Աստծո զորությունն է՝ ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմ. Ա 16):
Աստված Սուրբ Գիրքը պարգևել է ինչպես բովանդակ մարդկությանը, այդպես էլ յուրաքանչյուր մարդու՝ ինձ և քեզ։ Որովհետև Աստված կամենում է, որ «բոլոր մարդիկ» հետևաբար և դու «փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ. Բ 4)։ Այս է Նրա՝ Սուրբ Գիրքը յուրաքանչյուրին շնորհելու պատճառը. որպեսզի կարդալով կամ լսելով այն՝ մարդիկ կարողանան հավիտենական փրկության հասնել։ Հարկ է Սուրբ Գիրքը կարդալ կամ լսել ոչ թե նրբամիտ դառնալու, այս աշխարհում իմաստուն լինելու կամ հաչս մարդկանց իմաստուն երևալու համար, քանզի սա հակառակ է Աստծո խոսքին։ Այն մեզ չի շնորհվել, որ նրանով այս աշխարհում փառավորվենք։ Ով աշխարհում փառավորվելու նպատակով է կարդում կամ քարոզում Աստծո խոսքը, կամենում է Աստծո շնորհը, այսինքն՝ Աստծո խոսքը ոչ թե Աստծո, այլ իր ունայն փառքին ծառայեցնել և այդպիսով Աստծո շնորհից աստվածային փառք հափշտակել իր համար, որը նույն բանն է, ինչ գողանալը, իսկ դա մեծագույն և պղծագույն մեղք է։ Այլ Աստծո խոսքը հարկ է կարդալ կամ լսել՝ փրկության մեջ իմաստնանալու, լուսավորված միտք ունենալու, ճշմարտությունը ճանաչելու, դեպի չարը հակված սիրտը բարուն և Տիրոջ կամքը կատարելուն ուղղելու, ինչպես նաև քարոզելու մարդկանց շինության և ոչ թե սեփական իմացությունը ցուցադրելու համար։ Իսկ ով կարդում, լսում կամ քարոզում է Աստծո խոսքն այլ նպատակով, նրա համար այն ոչ միայն օգտակար չէ, այլև վնասակար է։ Այդ պատճառով է, որ Աստվածաշնչին քաջատեղյակ բազում անձինք ավելի չար են լինում, քան անտեղյակները։ Բանն այն է, որ Աստված այդպիսիներից վերցնում է շնորհը՝ Իրեն անտեսելու և Իր աստվածային շնորհը չարաշահելու պատճառով. և այդպես առանց շնորհի նրանք մի մեղքից մյուսն են ընկնում, քանզի
«Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս» (Ա Պետ. Ե 5)։
Ավետարանը կյանք է
Երկու տեսակի ուսյալ և իմաստուն մարդիկ կան. ոմանք դպրոցներում կրթվում են գրքերով, սակայն նրանցից շատերն ավելի անմիտ են, քան հասարակ ու անգրագետ մարդիկ, քանզի քրիստոնեական այբուբենն իսկ չգիտեն. մտքով սուր են, բառեր են ուղղում ու պերճախոսում, սակայն սեփական սիրտն ուղղել չեն ցանկանում։ Մյուսներն աղոթքով, խոնարհությամբ ու ջանասիրությամբ սովորում և լուսավորվում են Սուրբ Հոգուց և ավելի իմաստուն են, քան այս աշխարհի իմաստասերները։ Նրանք բարեպաշտ են, սուրբ և աստվածահաճո։ Այդպիսիք թեև գրագետ չեն, բայց գիտեն, թե ինչ է բարին, հասարակ ու կոպիտ են խոսում, բայց գեղեցիկ ու պարկեշտ կյանքով են ապրում։ Այդպիսիների՛ն հետևիր, քրիստոնյա՛ (ս. Տիխոն Զադոնսկի)։
Ավետարան կարդալիս հաճույք և հրճվանք մի՛ փնտրիր, ոչ էլ փայլուն մտքեր, այլ ձգտիր տեսնե՛լ անմեղսունակորեն սուրբ Ճշմարտությունը։ Մի՛ բավարարվիր միայն Ավետարանի անպտուղ ընթերցանությամբ, ջանա կատարե՛լ նրա պատվիրանները. կարդա այն գործերո՛վ։ Այն կյանքի Գիրք է, և պետք է այն կյանքով կարդալ։ Երբ բացես սուրբ Ավետարանը՝ ընթերցելու համար,
հիշի՛ր, որ նա է լուծելու քո հավիտենական վիճակը։ Նրանո՛վ ենք մենք դատվելու այստեղ, նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի համեմատ էլ կհատուցվի մեզ կա՛մ հավիտենական երանություն,
կա՛մ հավիտենական պատիժ։ Աստված Իր կամքն հայտնեց չնչին հյուլեին՝ մարդուն։ Գիրքը, որի մեջ շարադրված է այդ մեծ ու ամենասուրբ կամքը, քո ձեռքում է։ Դու, ըստ քո հայեցողության,
կարող ես և՛ ընդունել, և՛ մերժել քո Արարչի և Փրկչի կամքը։ Քո հավիտենական կյանքն ու հավիտենական մահը քո ձեռքում են։ Հապա խորհի՛ր, թե որքա՜ն զգույշ ու ողջամիտ պիտի լինես։
Մի՛ խաղա քո հավիտենական վիճակի հետ (ս. Իգնատի Բրյանչանինով)։
Տգիտություն և տկարություն, ահա՛ մեղքի երկու աղբյուրները,որոնք երկուսն էլ մեր կամքից են կախված։ Իսկ մենք չենք կամենում ո՛չ սովորել, ո՛չ էլ սանձահարել մեր ցանկությունները։
Թե՛ մեկի, թե՛ մյուսի դեմ պայքարելու միջոցներ են շնորհվել մեզ. դրանք են ճանաչողությունն ու սուրբգրային ապացույցների վրա հիմնված խորին համոզմունքը (Կղեմես Աղեքսանդրացի)։
Սիրելինե՛րս, Աստվածաշունչ Մատյանի ընթերցանությունը մեծ շնորհ է։ Նա իմաստնացնում է հոգին, միտքը երկինք հափշտակում, մղում մարդուն երախտագիտության (առ Աստված),
թույլ չի տալիս նրան հակվել չար բարքերի, ստիպում է միշտ մտքով հաստատվել (երկնքում), դրդում մեզ գործել Տիրոջից հատուցում ստանալու ակնկալիքով և մեծ նախանձախնդրությամբ ձգտել առաքինության սխրանքների։ Այստեղից (Սուրբ Գրքից) կարելի է ստույգ իմանալ, թե ինչ փութով է մեզ օգնության գալիս աստվածային նախախնամությունը, այստեղ ենք հանդիպում բազում
արդարների և ճանաչում Տիրոջ ողորմածությունն ու հատուցումների անսպառ հարստությունը։ Հենց նրանով է կարելի սեփական անձի մեջ արթնացնել առաքինի այրերի ողջախոհությանը հետևելու և ընդօրինակելու բաղձանքը և թույլ չտալ սեփական անձին՝ տկարանալ առաքինություն ձեռք բերելու սխրանքի մեջ, այլ ի սրտե ապավինել Աստծո խոստումներին՝ նախքան նրանց իրականանալը։
Ինչ նյութական սնունդն է մեր մարմնի կենսագործունեությունը պահպանելու համար, իսկ և իսկ Սուրբ Գրքի ընթերցանությունն է հոգու համար։ Նա հոգևոր սնունդ է, որ բյուրեղացնում է միտքը,
հոգին դարձնում զորավոր, հաստատակամ ու իմաստուն՝ թույլ չտալով վերջինիս ընկղմվել անմիտ կրքերի մեջ, այլ, ընդհակառակը, է՛լ ավելի է դյուրացնում նրա ճախրանքը՝ բարձրացնելով հասցնելով նրան, այսպես ասած, ուղղակի երկինք։ Ուստի, աղաչո՜ւմ եմ, առավելագույն ջանադրությա՛մբ ընթերցենք Աստվածաշունչ Մատյանը։ Որովհետև անհնար է, անհնար է, ասում եմ, որ որևէ մեկը փրկված լիներ կամ կարողանա փրկվել առանց Սուրբ Գրքի ընթերցանության (ս. Հովհաննես Ոսկեբերան)։
Ով իսկապես ճանաչել է Սուրբ Գրքի գիտությունը, գիտի, որ Գրքի ամենապարզ ու ամենաիմաստուն խոսքի զորությունը հետապնդում է միևնույն նպատակը՝ մարդու փրկությունը,
իսկ այս գիտությանն անհաղորդը հաճախ է գայթակղվում (ս. Պետրոս Դամասկացի)։
Տգետ ու կույր են բոլոր նրանք, ովքեր չեն ընդունում, որ Ս. Գրքի ընթերցանությունը մղում է մարդու կոչմանն արժանի ու վեհ գաղափարների (Որոգինես Ալեքսանդրացի)։
Ճշմարտությանն հասնելու ամենահուսալի շավիղը Ս. Գրքի ընթերցանությունն է, քանզի այստեղից ենք իմանում, թե ինչ պետք է անել և ինչ չանել։ Այստեղ վաղուց ի Տեր ննջած մարդիկ ասես հարություն են առնում իրենց վեհ կյանքով ու ճանապարհ ցույց տալիս նրանց, ովքեր կամենում են հետևել իրենց բարի օրինակին։ Ահա թե ինչու յուրաքանչյուր ոք, ով տկարանում է իր պարտականությունների կատարման մեջ, ընթերցելով Ս. Գիրքը կարող է զորանալ։ Միայն թե խորհուրդ եմ տալիս. այդ ընթերցանությունը թող ուղեկցվի աղոթքով (ս. Բարսեղ Կեսարացի)։
hogevor qarozner 8