hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
«Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել»:
Այսօր մեր եկեղեցին տոնում է Սուրբ Վարդանանց զորավարների և զորքի 1036 քաջերի նահատակության հիշատակը:
Նրանք, որոնք հանգամանքների բերումով կիրակի օրը չէին մասնակցել Պատարագին և չէին Հաղորդվել, կարող են օգտագործել այս լավագույն առիթը, քանի որ կիրակի օրը` Փետրվարի 11 ին արդեն Բուն Բարեկենդանի Պատարագն է, փակ վարագույրով: Սուրբ Հաղորդություն չկա, որովհետև սկսվում է Մեծ Պահքի օրերի ոսկե շղթան:
Վարդան, Գարեգին, Արտակ, Հովսեփ, Ղևոնդ, Խորեն, Տաճատ, Արսեն, Հմայակ, Ներսեհ, Վահան…, անուն ազգանունը կրող հայորդիներին շնորհավորում եմ իրենց անվանակոչության տոնի առթիվ: Սուրբերի բարեխոսությունը և Վարդանանց աննկուն հոգին թող ոգևորի ձեզ փորձության ժամին տալու նույն պատասխանը հավատի մեջ անսասան մնալու համար:
Վարդանանց հերոսամարտի պատմությունը գրել է Եղիշե պատմիչը, որ մասնակիցն էր Ավարայրի ճակատամարտի: Նա հասկանում էր, որ շատ կարևոր իրադարձությունների ականատեսն է և որ կատարված կարևոր դեպքերի մասին պետք է իմանան բոլոր նրանք, ովքեր կծնվեն շատ տարիներ և դարեր անց, որպեսզի նմանվեն Վարդանանց հերոսներին:
Սուրհանդակը Հայաստան բերեց Հազկերտի հրովարտակը, որում ասվում էր, որ հայերը՝ նախարարական և իշխանական ընտանիքներով, իրենց ենթակա շինականներով, մեծով ու փոքրով, հոգևորականներով և զինվորականներով, պետք է հրաժարվեն քրիստոնեական հավատից և ընդունեն զրադաշտությունը, այսինքն՝ արևի և կրակի պաշտամունքը, և դառնան կրակապաշտներ:
Վարդան զորավարը և Հովսեփ կաթողիկոսը բոլորի հետ միասին ժողով արեցին և ուղարկեցին իրենց պատասխանը պարսից արքային.
«Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ այլ դառն հարված»:
Երբ արեգակը մայր մտավ, հայ հոգևորականները սկսեցին մկրտել բոլոր չմկրտվածներին: Ողջ գիշեր բոլորն աղոթեցին և օրհնեցին Աստծուն:
Ապա երդվեցին հավատարիմ մնալ սուրբ Եկեղեցուն և չխնայել նույնիսկ իրենց կյանքը: Այդ երդումի մեջ գրեցին.
«Որպես մեր հայր` Սուրբ Ավետարանն ենք ճանաչում և մայր՝ Առաքելական Սուրբ Եկեղեցին»: Հետո իրենց երդման գիրը կնքեցին, դրեցին Ավետարանի մեջ և հանձնեցին Հովսեփ կաթողիկոսին:
Անհավասար այդ կռվում ընկավ Վարդանը հայոց բանակի 1036 քաջերի հետ: Վարդանանք իրենց մահով փրկեցին հայ ժողովրդին հավատափոխությունից:
Մեր Եկեղեցին հատուկ տոներ է սահմանել ի հիշատակություն Վարդան զորավարի, նրա 1036 զինակիցների և Ղևոնդյանց քահանաների: Քանի որ շատերը կոչվում են Վարդանանց հերոսների անուններով`հետևաբար Վարդանանց տոնը նաև շատերի անվանակոչության տոնն է: Հայոց Եկեղեցին Վարդանանց տոնը նշում է Մեծ Պահքին նախորդող, այսինքն՝ Բուն Բարեկենդանի կիրակիին նախորդող հինգշաբթի օրը: Թեև Ավարայրի հերոսամարտը և Վարդանանց նահատակությունը տեղի է ունեցել մայիսին, սակայն մեր Եկեղեցու հայրերի իմաստուն տնօրինությամբ Ղևոնդյանց և Վարդանանց տոները կատարվում են Պահքին նախորդող շաբաթվա ընթացքում, որպեսզի Վարդանանց հոգով զորացած՝ հայ հավատացյալները մտնեն Մեծ Պահքի շրջանը: