Աղոթենք մեր երեխաների համար, և սովորեցնենք նրանց գոհանալ: HOGEVOR QAROZNER,

Աղոթենք մեր երեխաների համար, նրանց Տերը Աստված է: Սովորեցնենք նրանց
շնորհակալություն հայտնելու գաղտնիքը, գեղեցիկը տեսնելու
մշակույթը, ծնողներին հարգելու բարձրագույն արվեստը, աշխարհի բազմազանութունն ըմբռնելը
և իրենց աշխարհ գալու առաքելությունը:
Մնացածը իրենք կսովորեն ծնողների ապրած կյանքից և օրինակից:
Իսկ ծնողները թող բարձրաձայն գոհանան այն ամենից, ինչը Աստծու կատարյալ պարգևն է:
Ինչպե՞ս չգոհանալ Աստծուց, խաղաղ գիշեր և գեղեցիկ լուսաբաց պարգևելու համար:
Ինչպե՞ս չգնահատել այն ամենը, ինչ Աստված անում է մեզ`անարժաններիս համար:
Ինչպե՞ս չբարձրաձայնել այս ամենի մասին ամե՛ն օր, մեր մեղավոր շուրթերով:
Ամե՛ն օր ունենք պարգև, ուրեմն ամե՛ն օր ջանանք մեր մեջ ստեղծել.
Շնորհակալության հոգի.
Գնահատող սիրտ.
Գոհությամբ բացվող բերան:
Մենք պարտավոր ենք ամե՛ն օր կրթել մեզ, որովհետև յուրաքանչյուր անցնող օր
մեկ օրով մոտեցնում է Կատարյալին հանդիպելու օրվան: Իսկ մահը անժամանակ է,
ինչպես տեսնում ենք, նա չի՛ ճանաչում տարիք: Ամե՛ն օր ապաշխարենք, քանի դեռ
մեր մարմինը զորավոր է, իսկ ծերության ժամանակ դժվարություններ կլինեն:
Եթե պատահաբար մենք զերծ ենք մնացել «Մի սպանիր», «Մի գողացիր» պատվիրաններից,
դեռ չի նշանակում, որ մերձ ենք Աստծուն, քանի որ ամեն օր խախտում ենք Տերունական հազարավոր
պատվիրաններ մարդկային հարաբերություններում միմյանց հետ շփվելիս: Սկսած վիրավորանքից,
մեղադրանքից, ստելուց, բամբասանքից, հիշաչարությունից, չկամությունից, սուտ վկայությունից, մարդահաճությունից,
կեղծիքից և էլի շատ ուրիշ մոլություններից, որոնց թիվը անսպառ է իր տարատեսակներով: Խավար աշխարհի տիրակալից ամեն
օր հրաժարվելով հրաժարվենք, մեզ Ապավեն ու Հույս ունենալով մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որին վայել է փառք ու պատիվ Հոր և Սուրբ Հոգու հետ միասին: